Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Նույնիսկ Չարենցն է ժամանակին կազմել դպրոցական ծրագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հարցազրույց «ԱՐԻ գրականության հիմնադրամի» տնօրեն Արեւիկ Աշխարոյանի հետ

– Հարգարժան Արեւիկ, ձեր www.ariliterature.org կայքից տեղեկացանք, որ հրավիրել եք համաժողով, որտեղ ներկայացվել են վերջին շրջանում կատարված  խորհրդահայ գրականության հետազոտություններ, որոնք, եթե չենք սխալվում, հաճախ չեն իրականացվում։ Վստահ ենք՝ ինչպես մեզ, այնպես էլ ընթերցողին կհետաքրքրի հատկապես «Գրականության դասագրքերը որպես «Հոմոսովետիկուսի» կերտման գործիք. Հայ գրականությունը խորհրդային  դպրոցում» հետազոտությունը։ Կխնդրեինք նախ ներկայացնել ամբողջ հետազոտությունների շղթան, շեշտը դնելով դասագրքերի վրա։

– Մեր հիմնադրամը գերմանական Konrad-Adenauer-Stiftung-ի հետ համատեղ իրականացրեց «Հիշողության մշակույթ. խորհրդային անցյալը եւ նրա արտացոլումը հայ գրականության մեջ» ծրագիրը, որի շրջանակներում անցկացվեց երեք հետազոտություն՝ «Ուրբան հիշողություն. վերնակուլյար Երեւանը խորհրդային գրականության համատեքստում» (հետազոտող՝ Տիգրան Ամիրյան եւ մշակութաբան Սոնա Քալանթարյան), «Գրական դիմադրությունը եւ մտավորական ազատություն 60-70-ական թվականներին» (Հրաչ Բայադյան եւ Մարիամ Կարապետյան) եւ ձեր նշած հետազոտությունը՝ «Գրականության դասագրքերը որպես «Հոմոսովետիկուսի» կերտման գործիք. Հայ գրականությունը խորհրդային  դպրոցում» (Վահրամ Դանիելյան, Արթուր Միրզոյան)։ Ընդ որում, մեր նպատակն էր ոչ միայն ուսումնասիրել խորհրդային գրականությունը, այլեւ այն ավելի հանրային դարձնել եւ որպես գործիք օգտագործելով ծառայեցնել ոլորտի զարգացմանը, մասնավորապես՝ գրականության դպրոցական ծրագրերի բարեփոխումներին։

Նշեմ, որ խորհրդահայ դպրոցի գրականության ծրագրերը առաջին անգամ էին հետազոտվում։ Արդյունքում պարզ դարձավ, որ 1920-30-ական թվականներին գրականությունը դասավանդվել է ավելի առաջադեմ մեթոդներով, քան մեր օրերում։ Դասավանդման հիմքում եղել են զրույցը, քննարկումը, վերլուծությունը եւ ստեղծագրությունը։ Ավելի ուշ խորհրդային գաղափարների քարոզչության նպատակով ներմուծվել են հեղինակների կենսագրությունների դասավանդումը եւ անգիրների պարտադրությունը, նաեւ՝ ինչպես կարդալ, ինչ զգալ, ինչ հասկանալ գրական երկերը ընթերցելիս եւ այլն։ Անկախությունից ի վեր քիչ բան է փոխվել դպրոցի գրականության ծրագրերում. խոսքը հեղինակների կենսագրությունները սովորելու, անգիրների եւ տեքստը գրեթե բառացի վերարտադրելու մեթոդի մասին է։

– Մի քանի տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ ժամանակակից հայ հեղինակներին դպրոցական ծրագրերում ներառելու շուրջ…

– Այո։ Մինչդեռ խորհրդային դպրոցի գրականության ծրագրերը մշտապես ներառել են իրենց ժամանակակիցներին, նույնիսկ Չարենցն է կազմել դպրոցական ծրագիր։ Միայն այս փաստը կարող է լավ օրինակ հանդիսանալ դպրոցական ծրագրերի բարեփոխումներ իրականացնողների համար։

Մենք եւ գերմանական հիմնադրամը նպատակ ունենք կատարված հետազոտությունները ներկայացնել պետական մարմիններին, հույս ունենալով, որ այն օգտակար գործիք կհանդիսանա ծրագրերի բարեփոխման հարցում։

– Դուք դպրոցահասակ երեխաների մայր եք եւ…

– Եվ հայտարարում եմ, որ այսօրվա գրականության դասագրքերում ներառված տեքստերի ճնշող մեծամասնությունը կարող է մեկընդմիշտ վանել երեխաներին գրքից ու գրականությունից։

– Մեկ-երկու օրինակ կներկայացնե՞ք։

– Օրինակ, տարրական դասարանների դասագրքերում տեղ գտած տեքստերի մեծամասնությունը գյուղի, բերքահավաքի եւ այլնի մասին է։ Իսկ այսօրվա երեխաների հետաքրքրությունը շատ ավելի լայն է։ Տեքստերը պիտի խոսեն երեխաների հետ ժամանակակից իրականության շուրջ։ Մեծ հաշվով՝ մեր երեխաները կարդում են Հարրի Փոթեր, արկածային գրականություն, որը նրանց կարեւոր արժեքներ փոխանցելու միջոց է, առանց ուսուցողական եւ դաստիարակչական երանգավորման։ Ի վերջո, գերնպատակը ընթերցանության հանդեպ հետաքրքրություն սերմանելն է, ինչը մեր օրերի դպրոցական ծրագիրը եւ դասավանդման մեթոդը ի վիճակի չեն լուծելու։ Չեմ ասում, որ մեր հայրենիքի, գյուղի, բնության, բերք ու բարիքի, տատիկ-պապիկների մասին կարդալը, տեղեկանալը կարեւոր չեն, բայց այդ թեմաները չպետք է դոմինանտեն դասագրքերում։ Էլ չխոսեմ մայրենիի եւ գրականության դասագրքերի բառամթերքի մասին։ Երեխաները չեն տիրապետում առօրյա զրույցի համար անհրաժեշտ գրագետ հայերեն խոսքի, օգտագործում են ռուսերեն, անգլերեն բառեր, բայց սովորում են երբեւէ չօգտագործվող, հնացած բառեր։ Տեսեք՝ 5-րդ դասարանի դասագրքում օգտագործված են «ներբողել», «տարփողել», «խափշիկ», «ամպշող» բառերը…

– Դասագրքերին ուղղված ծնողների դժգոհությունը նորություն չէ։ Վստահ ենք, որ ունենք ոլորտի հիանալի մասնագետներ։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ վիճակը չի փոխվում։

– Նորություն չեմ ասի, որ գիրքն ու գրականությունը, ընթերցանությունը պետք է լինեն եւ դպրոցների, եւ ծնողների ուշադրության կենտրոնում։ Իմ կարծիքով՝ ցանկալի արդյունքի կարելի է հասնել մանկուց երեխաներին հետաքրքիր բովանդակությունը գեղեցիկ փաթեթավորված մատուցելով։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ