Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ո՛չ մի հրավառություն…

(չորս հարց  Տիգրան Ավինյանին)

Մասնավոր հրավառություններին վերջ դնելու, զվարճանքի համար պայթուցիկների, ճայթուկների ներկրումն ու օգտագործումն արգելելու հարցով վերջին հրապարակումս եղավ Սուրմալուի ողբերգական դեպքից մի քանի օր առաջ` օգոստոսի 8-ին («Մեր քաղաքը, Ձեր բարքերը մաս 2. Աղմկասեր զվարճամոլները»2016 թ. նոյեմբերին  («Նամակ ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանին», Lragir.am, 02.12.2016 թ.) և 2021 թ. ապրիլին («Զանգվածային ռաբիսություններ… Կլինի՞ վերջ» (ուղղված՝  ՀՀ կառավարությանը և ՀՀ Աժ-ին), Lragir.am, 16.04.2021 թ.);

Երեկ մամուլից տեղեկացա, որ այդ հարցերը «հասել` մտել» էին ՀՀ Ազգային ժողով ու նույնիսկ այնտեղ`քննարկվել և «ճարպիկ» գործարարների «ֆոկուսներով» կես ճանապարհին` «անհետացել»:

Հարց առաջին: ԱԺ-ի ընդունած օրենքներո՞ վ հրավառությունները (հատկապես` մասնավոր) մեր կենցաղ մտան, որ բանը բանից անցնելուց հետո, պատրաստվում եք այն ԱԺ-ում արտահերթ քննարկման դնել ու էլի մեր գործարարների «խաթրը» չկոտրելու համար նրանց «քեֆն ու նազը»  հարցնելուց հետո, ինչ որ որոշում կայացնել: Բա որ էլի՞ մի ֆոկուս անեն և հարցի լուծումը հետաձգեն, մի քիչ ժամանակ անցնի, սգավոր ժողովրդի վերքերը մի քիչ սպիանան, այդ ընթացքում մեկ ուրիշ հարց առաջ գա (օրինակ` ոչ բարով հարևանից), մենք էլ հինը քիչ-քիչ մոռանանք, հետո էլի … զեկուցողը չներկայանա (դե «հարգելի» պատճաառով) կամ մեկ-երկու ձայն չբավարարի…որոշումն ընդունելու համար, անցնի էլի մի քանի տարի, մինչև գործարարների ներկրած տոննաներով պայթուցիկներն սպառվեն ու «նոր ցրցամ տաք, թե որ կարեք…»:

Հարց երկրորդ; Երեկվա Ձեր հարցազրույցում մեզ հուսադրեցիք, որ խստացվելու են հրավառությունների նյութերի պահպանումն ու վաճառքը և թույլատրելի են լինելու միայն  ազգային, պետական և համայնքային տոներին: Այս դեպքում «համայնք» ասելով ի՞նչ հասկանանք. քաղա՞ք, գյու՞ղ, գուցե նաև թա՞ղ ու թաղամա՞ս: Այսինքն, էլի թողնել մի սողանցք:  Հենց այդպես են «մոդա դարձել» մասնավոր հրավառությունները:  Կա պահանջարկ, կլինի և առաջարկ … Ու  մի գործարար կին (ԱՁ) հրավառությունների նյութեր ներկրելու, վաճառելու, իրավունք է ստանում և՜…

Ո՛չ մի  հրավառություն: Արգելե՛լ ու վե՛րջ դնել բոլոր հրավառություններին` և՛  Հանրապետական ու համայնքային, և՛ մասնավոր։

Հարց երրորդ:  Հայաստանում ի՞նչ կենսական անհրաժեշտություն կա որևէ հրավառության:  2020-ի նոյեմբերից (նաև 2022-ի օգոստոսից) հետո, մեզ հրավառություն կատարելու անհրաժեշտություն, տեղ, սիրտ մնացե՞լ է: Դրանց ավելորդություններից ու հասցրած բազմակողմանի վնասներից (գիշերային անտեղի աղմուկ, օդի աղտոտում, նաև մեր շրջակայքի կենդանական աշխարհի գիշերային հանգստի խանգարում):

Հրավառություններո՞վ ենք հաստատելու մեր պետականությունը։ Մեր Սահմանադրությունը (որ տասնամյակը մեկ «ռեկոնստրուկցիայի» է ենթարկվում), Հիմնը, Եռագույն դրոշը, Զինանշանը, Մայրաքաղաքը և այլն բավարար չե՞ն: Ու՞մ ենք զարմացնելու կամ ի՞նչ ենք ցուցադրելու այդ հրավառություններով` ինքներս մե՞զ, կամ, գուցե, հեռավոր մի համաստեղության բնակիչների: Ու՞մ  ենք ուզում նմանվել, կամ ու՞մ հետ ենք մրցում: Արևելքի՞, Արևմուտքի՞… Ժողովրդական հայտնի ասույթներ կան «տկլոր մեջքին կատու շլակել», կամ «սագի ձու ածելու հավի մարմաջ»:

Հարց չորորդ:  Իսկ երեխաների ամանորյա տոների ճայթուկները՞։ Դրանց ներկրումը և օգտագործումը չի՞ արգելվելու։ Դրանցից ստացած վնասվածքների թիվ ու քանակի, ծանրության աստիճանի մասին կարող են վկայել ու տեղեկատվություն տրամադրել առողջապահական համակարգի հարգարժան աշխատողները:

***

Արևելյան փիլիսոփայության մեջ կա նաև կոլեկտիվ կարմայի հասկացությունը: Դրա վառ օրինակներից է Աստվածաշնչյան Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանումը; Իսկ ավելի մոտ ժամանակներից… ասում են, Հին Հռոմը կործանվեց որկրամոլությունից` սահման չունեցող ճոխ խնճույքներից; Սթափվել է պետք և մեր ու ուրիշների գլխից եկածներից արագ, ճիշտ ու խելամիտ դասեր քաղել։

Խնդրում եմ, մինչև այս հարցը ԱԺ- ում հերթական անգամ քննարկման ներկայացնելը, հանձնարարել՝ կատարեն հաշվարկ և հրապարակեն, հրավառությունների և երեխաների ճայթուկների համար (պետական և մասնավոր) վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը և հայ ժողովուրդն ինչքա՞ն գումար է ծախսել: Դրան ավելացնել Սուրմալուի դեպքը` մեզանից խլած 17-18 թանկ մարդկային կյանքերով (նրանցից մեկը դեռ լույս աշխարհ չեկած)։ Անչափ թանկ վճարեցինք մեր զվարճասիրության համար:

1600 տարի առաջ Աստվածաշունչ թարգմանած, Նարեկացի ունեցող ժողովուրդը պարտավոր է ազատվել անբովանդակ զանգվածային զվարճամոլություններից և խելամիտ, համեստ ու չափավորված, կենսակերպով ապաքինենք մեր հին ու նոր վերքերը և ընթանանք մնայուն պետականաշինության ուղով;

Մեծարգո պարոն, խնդրում եմ ԱԺ-ի առաջիկա նիստին առաջադրեք մեր Հանրապետությունում արգելել բոլոր տեսակի հրավառությունները և զանազան մանկական պայթուցիկների ու ճայթուկների ներկրումը, վաճառքն  ու օգտագործումը:

Եթե մի օր մենք այնպիսի ազգային հաջողությունների հասնենք, որ մեր անսահման ուրախությունն արտահայտելուն միայն հրավառությունը պակասի, որպես «հյուրախաղեր» այն կհրավիրենք մի բարեկամ  երկրից:

Արտյուշ  Խանջյան

լրագրող, ռադիոֆիզիկոս, տ.գ.թ., հայկական պանթեոններ և հուշարձաններ ուսումնասիրող, ՀՀ պանթեոնների մասին օրենքի նախագծի, «Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն», «Երևանի արձանները», «Հին ու նոր Երևան», «Երևանի եկեղեցիները» և այլ գրքերի ու սկավառակների, 100-ից ավելի հոդվածների հեղինակ,  2020-2022 թթ. Աղի  լճի ափերի ու շրջակայքի բարեկարգման  աշխատանքների նախաձեռնող և իրականացնող

[email protected]