Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ոչ տարածաշրջանային խաղացողները փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում․ Զախարովա

Մոսկվան տեսնում է ոչ տարածաշրջանային խաղացողների կողմից փորձեր՝ ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Մենք տեսնում ենք ոչ տարածաշրջանային մի շարք խաղացողների կողմից փորձեր՝ անկայունություն մտցնել մի տարածաշրջանում, որը նոր-նոր է իրավական հունով ձևավորված հնարավորություն ստացել՝ դուրս գալու երկարաձգված ճգնաժամից կամ փորձեր՝ Ուկրաինայի անկայունությունը տեղափոխել հետխորհրդային տարածքի այլ հատված, այդ թվում՝ Հարավային Կովկաս, բայց ոչ միայն Հարավային Կովկաս։ Դուք տեսնում եք, թե իրավիճակի ապակայունացման ինչ փորձեր են ձեռնարկվում հետխորհրդային ամբողջ տարածքում։ Դա, անշուշտ, շատ ապակառուցողական, շատ վտանգավոր ուղի է», – ասել է Զախարովան։

Դիվանագետը շեշտել է, որ Մոսկվան շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման համար և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ շփումներում։ Համապաստախան քայլեր են ձեռնարկվում նաև ՀԱՊԿ-ի գծով։

«Անշուշտ, հարկավոր է պահպանել հրադադարի պահպանման կայուն ռեժիմ և բոլոր ուժերի վերադարձ նախկին դիրքեր», – շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Դիվանագետը նշել է, որ ոչ տարածաշրջանային խաղացողները սկզբում ցանկանում էին «խաղաղ կարգավորման կամ խաղաղության համաձայնագրերի իրականացման դափնիներն իրենց վերագրել»։

«Մենք ժլատ չենք, պատրաստ ենք կիսվել հաջողությամբ։ Սակայն այժմ մենք նաև այլ միտում ենք տեսնում, երբ նրանք փորձում են խոչընդոտել այդ համաձայնագրերի իրականացմանը։ Դա արդեն լուրջ է», – ասել է Զախարովան։

Նա կրկնել է Մոսկվայի դիրքորոշումն այն մասին, որ Հարավային Կովկասում կայունության գրավականը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների լիակատար իրականացնումն է։

«Ներկա իրավիճակում կարևոր ենք համարում ակտիվացնել աշխատանքը բոլոր ուղղություններում, այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը և խաղաղության պայմանագրի համաձայնեցումը», – եզրափակել է Զախարովան։