Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Օղակը գնալով սեղմվում է Իրանի շուրջ, եւ եթե գործընթացը շատ հեռուն գնա, Հայաստանի պարագան երկրորդական պլան է մղվելու. «Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Եթե Իրանի եւ Ադրբեջանի կողմից հնչող միջսահմանային փոխադարձ հռետորաբանությունները մինչեւ վերջերս քաղաքական սոսկ դրամատիկ բանակռիվ էին համարվում Հարավային Կովկասում եւ լավատեսական թյուր հույսեր էին արթնացրել Հայաստանում, ապա դրանց շարունակությունն ու երկու պետությունների առճակատման թեժացումը կարող է ամբողջովին մթագնել այդ հույսերը։

2020-ի քառասունչորսօրյա պատերազմից հետո ընթացող քաղաքական զարգացումները բացահայտեցին տարածաշրջանային մրցակցության որոշակի տարրեր, որոնք Հայաստանին եւ Ադրբեջանին օգտագործում են ընդարձակելու համար իրենց ազդեցության ոլորտները, կամ էլ պայքարում են վերացնելու համար իրենց հակառակորդին։ Սա, ինչ խոսք, հավելյալ լծակներ է տալիս Ադրբեջանի բռնակալին` երկու կողմերին իրար դեմ հանելով օգտվել հետեւանքներից։ Նախագահ Ալիեւը չի հրաժարվում մասնակցել որեւէ երկրում անցկացվող գագաթնաժողովներին։ Նա նույնիսկ խոստանում է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ազնվորեն բանակցել ստորագրելու խաղաղության մի պայմանագիր նրա հետ, բայց հաջորդ օրն իսկ գնդակոծում է Հայաստանի սահմանը եւ դարձյալ բարձրացնում «Զանգեզուրի միջանցքի» հարցը, իրավիճակը ելման կետ վերադարձնելով։

Նախկինում միայն ադրբեջանցի քաղաքական փոքր դերակատարներն էին անդրադարձել Իրանի ադրբեջանական (Ատրպատական) նահանգին։ Պետության ղեկավարներից ոչ մեկը չէր շոշափել այդ հարցը։ Սամարղանդում կայացած թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) համաժողովում Ալիեւը ակնարկեց այդ մասին եւ նույնիսկ առաջ գնալով ապագա թուրանական կայսրության անդամ թյուրքական պետություններին առաջարկեց օգտվել «Զանգեզուրի միջանցքից»։ Բայց այժմ նա առավել բացահայտորեն է պահանջ ներկայացնում Իրանի ինքնիշխան պետության՝ այդ տարածքի նկատմամբ։ Իրանում բնակվող ծագումով ադրբեջանցիները երբեք էլ չեն հրաժարվել իրենց ինքնությունից, եւ միշտ նշել են, որ իրենք հայրենակիցներ ունեն, որոնք ապրում են Ադրբեջան կոչվող ինքնիշխան պետությունում։ Իրանի պատմական ձգտումն է եղել «կլանել», ձուլել այդ փոքրամասնությանը։ Բայց պարզվում է, որ Ալիեւի ախորժակը շատ ավելի մեծ է։ Նա հավատացած է, որ փոքր ձուկը կարող է կուլ տալ մեծ ձկանը։ Ադրբեջանի բնակչությունը 8 միլիոն է եւ ըստ վիճակագրական որոշ տվյալների՝ 20-ից 25 միլիոն բնիկ ադրբեջանցիներ են ապրում Իրանում, չնայած ոչ բոլորն են բնակվում նույն նահանգում։

Նախագահ Ալիեւը երբեք չէր համարձակվի նման պահանջ ներկայացնել, եթե իր թիկունքում չզգար գոյությունը ավելի մեծ մի ուժի, որն ատամ ունի Իրանի Իսլամական հանրապետության դեմ։ Անցյալ շաբաթ Բաքվում կայացած «Along the Middle Corridor» (Մերձավոր Միջանցքի հոլովույթներում) վերնագրված համաժողովի ընթացքում Ալիեւը աննախադեպ հարձակում գործեց Իրանի դեմ` հայտարարելով, որ իր կառավարությունը «ամեն ջանք գործադրելու է պահպանելու համար աշխարհիկ կենսակերպը մեր… եւ Իրանում ապրող ադրբեջանցիների», որոնց նա բնորոշեց որպես «մեր ժողովրդի մի հատվածը»։ Ապա շարունակելով իր սուր քննադատությունը՝ նշեց. «Մենք աշխատել ենք Իրանի երեք նախագահների` (Մոհամմադ) Խաթամիի, (Մահմուդ) Ահմեդինեժադի եւ (Հասան) Ռուհանիի հետ եւ երբեք նման իրավիճակում չենք գտնվել։ Իրանը երբեք մի քանի ամիսների ընթացքում մեր սահմանների մոտ երկու ռազմական զորավարժություն չի անցկացրել եւ երբեք նման ատելությամբ ու սպառնալիքներով հագեցած հայտարարություններով հանդես չի եկել ընդդեմ Ադրբեջանի»։

«Ատելությամբ լի» սպառնալիքները վերաբերում էին տարածաշրջանում սահմանային փոփոխությունների դեմ արտահայտված նախագահ Ռաիսիի զգուշացումներին։ Ալիեւը իրեն հանդուգն պահելով նշեց. «Մենք Իրանից չենք վախենում»։ Դրանից առաջ նա գլուխ էր գովել, որ ադրբեջանական բանակը «նաեւ Թուրքիայի բանակն է», չմոռանալով ավելացնել, որ Թուրքիան անվերապահորեն պաշտպանելու է Ադրբեջանին, ինչպես տեղի ունեցավ Հայաստանի դեմ մղված 44-օրյա պատերազմի ժամանակ։ Թուրքիայի բանակը աշխարհի հզորագույններից մեկն է համարվում եւ գլոբալ առումով դասվում է 13-րդը։ Ի դեպ, մինչ Հայաստանը պատրաստվում է ռազմական դոկտրինա ձեւավորել եւ վերազինել իր պաշտպանական ուժերը, Թուրքիան արդեն իսկ օժանդակել է Ադրբեջանին վերակառուցելու իր բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։

Ալիեւի այս վերջին շրջանի խիզախ ռազմամոլությունը առավել հասկանալի կլինի, եթե տեղադրենք իրեն սնուցող համատեքստում։ Այսպես, մինչեւ վերջերս Ադրբեջանում արգելված «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժում» կազմակերպության առաջնորդ Մահմուդալի Շեհրեղանին, որն ապրում է Վաշինգտոնում, նոյեմբերի 4-ին հանկարծ հայտնվեց Ադրբեջանի պետական հեռուստակայանում եւ խոստացավ վերջ դնել «պարսկական ֆաշիստական մուլլահ ռեժիմին»։ Նա նաեւ քննադատեց սերտ հարաբերությունները Իրանի եւ Հայաստանի միջեւ, վերջինիս որակելով «Ադրբեջանի թշնամին»։ Երբ տարագիր քաղաքական մի գործիչ, որն ապրում է Վաշինգտոնում, անտիկ ժամանակներից հարություն է առնում եւ միանում իր նախկին թշնամիներին, նշանակում է հանուն ընդհանուր շահի գաղտնի համաձայնություն գոյություն ունի ադ երկու ուժային կառույցների միջեւ։

Մյուս կարեւորագույն զարգացումը Իսրայելում իշխանության ղեկին դարձյալ Բենյամին Նաթանյահուի հայտնվելն է։ Այդ «բազեն» ծանոթ է որպես Իրանի ոխերիմ թշնամի։ Բայդենի վարչակարգի նախաձեռնությամբ Իրանի միջուկային պայմանագրի շուրջ բանակցություններ էին մեկնարկելու եւ մասնակիցները կարծես նոր էջ բացելու եզրին էին, երբ Իսրայելի խորհրդարանական պատվիրակության Վաշինգտոն այցելության հետեւանքում գործընթացը կանգ առավ։ Արեւմտյան փորձագետները հավատացած են, որ Իրանի համառությունը նույնպես նպաստեց, որ սայլը տեղից չշարժվի եւ իշխանության ղեկը վերստանձնելու Նաթանյահուի հնարավորությունները կրկնապատկվեն։ Հենց որ տիրանա իշխանությանը՝ Նաթանյահուն ուղիղ հարձակվելու է Իրանի միջուկային օբյեկտների վրա, եւ Վաշինգտոնի վարչակազմը լուռ պաշտպանելու է նրա ծրագիրը։

Ներկա հոդվածի հեղինակը միշտ էլ այն կարծիքին է եղել, որ Իրան-Իսրայել հակամարտությունը առանձին, մեկուսացված խնդիր չէ, այլ անմիջական կապ ունի «Արաբական գարուն» կոչված ավելի լայն ծրագրի հետ, որ իբր խոստանում էր ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը խթանել Միջին Արեւելքի բռնատիրական պետություններում։ Իրաքը, Լիբիան եւ Սիրիան մսավաճառի զոհասեղանին դրված պետություններ էին, որ պետք է խորտակվեին։ Լիբիան միջին Արեւելքում ամենաժողովրդավարական ռեժիմն ունեցող երկիրն էր, որի առաջնորդն էր տարօրինակ բնավորության տեր մի բռնակալ։ Իրաքը ուժեղ էր եւ բարգավաճ, մինչ Սիրիան տարածաշրջանում սնունդ մատակարարող «զամբյուղն» էր։ Այս երկրներն այժմ ավերակ են դարձել եւ դեռ ժողովրդավարության գալստին են սպասում։ «Արաբական գարուն» ծրագրի հեղինակները պատկերացնում էին ներկայի այս իրավիճակը եւ դիտավորությամբ սխալ անվանում էին տվել ծրագրին։ Իրանն էլ այդ ծրագրի մաս էր կազմում, բայց ժամանակը դեռ պատեհ չէր։

Բոլոր իշխանափոխական շարժումները ներքին բռնկումներով են սկսում, որպեսզի օտար միջամտության «կարիքն» զգացվի։ Ներկայիս բազմամարդ ցույցերն են սկիզբ առել Իրանում եւ իրանցի քուրդերին զենք են մատակարարում, որպեսզի երկիր ներթափանցեն։ Այնպես որ, կարծես ամեն ինչ պատրաստ է սկսելու համար «Արաբական գարուն» օպերացիայի երկրորդ փուլը։ Թուրքիայի եւ Իսրայելի պաշտպանության նախարարները սեպտեմբերին իրար էին հանդիպել Բաքվում։ Ներկա էր նաեւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը։ Բաքվից հետո նրանք դարձյալ հանդիպեցին իրար Անկարայում, ամենայն հավանականութամբ մեկ այլ «միջադեպի» սցենարը նախապատրաստելու։

Օղակը գնալով սեղմվում է Իրանի շուրջ, եւ եթե գործընթացը շատ հեռուն գնա, Հայաստանի պարագան երկրորդական պլան է մղվելու ստեղծված «գոտեմարտի» հետեւանքում։

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: