Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Որեւէ իշխանություն չի ուզել Սփյուռքն իրապես բարձր մակարդակի վրա ներառել, քանի որ չեն ուզել, որ իրենց գործին խառնվեն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արդյոք խտացվո՞ւմ են գույները, երբ հայտարարվում է, թե Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները ներկայումս ճգնաժամային են եւ առկա է վստահության լուրջ ճգնաժամ։ Այս հարցին պատասխանելով՝ «Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի Հայաստան-Սփյուռք միասնականություն փորձագիտական հանձնախմբի անդամ Վահան Զանոյանն ասաց․ «Ես վստահ չեմ՝ որքանո՞վ Հայաստան–Սփյուռք հարաբերություններն են, որ ճգնաժամի մեջ են․․․ Հայրենիքն է ճգնաժամի մեջ եւ Սփյուռքն առանձին է ճգնաժամի մեջ, ու դժվար է զանազանել, թե այս պարագայում հարաբերությունները ինչպես կարող են ճգնաժամի մեջ չլինել։ Բայց այս հարցով ուզում եմ մի կարեւոր բան ասել՝ մոռանանք Սփյուռքը համախմբելն ամենալայն առումով, բայց Սփյուռքը հայրենիքին կապող, հայրենիք բերող գլխավոր ուժը պետք է լինի հայ պետականությունը եւ հայ պետությունը, կառավարությունները։ Կարող են մի քանի մարդիկ վիրավորվել, բայց անկեղծորեն պետք է ասեմ, որ անկախությունից ի վեր՝ 30 տարվա ընթացքում թեեւ շատ ճիգեր են եղել (մեծ մասը՝ ձեւական) Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի կառավարությունը որեւէ ժամանակ Սփյուռքը ներգրավելը լուրջ չեն ընդունել՝ ըստ իս»։

Աշոտ Ոսկանյան

Անդրադարձ եղավ «Արի տուն», «Ի գործ», «Դեպի Հայք» ծրագրերին․ արդյոք դրանք ուժեղացնո՞ւմ են երիտասարդների կապը Հայաստանի հետ, ի՞նչ է ցույց տալիս փորձը։ Հարցին ի պատասխան՝ «Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի Հայաստան-Սփյուռք միասնականություն փորձագիտական հանձնախմբի անդամ Աշոտ Ոսկանյանն ասաց․ «Ուժեղացնում են իհարկե։ Բայց Վահանն էլ չի կասկածում, որ ուժեղացնում են։ Նա ուրիշ բան է ասում, որի հետ ես համաձայն եմ՝ դրանք իսկապես քիչ են»։ «Բնավ չեմ թերագնահատում այդ ճիգերը,– հավելեց Վահան Զանոյանը։–Բայց եթե բաղդատեք Սփյուռքի ընդհանուր, ամբողջ կարողականությունները, փորձը, մարդկային ուժերը, ֆինանսական ուժերը, համաշխարհային կապերը․․․ եթե այդ ամենը նկատի առնեք՝ դրա ամենափոքր, մի տոկոսն է, որ արդյունավետորեն օգտագործված է Հայաստանում»։

Բազմաթիվ գործիչներ կշտամբանքով են հիշատակում, որ Հայաստանի Սահմանադրությունում ունենք հոդվածներ, որոնք երկքաղաքացի հային թույլ չեն տալիս դառնալ նախարար: Սակայն արդյոք կառավարությունում սփյուռքահայերի ներկայացվածությունը դրակա՞ն փորձի մասին վկայող ազդանշան է, որ այդ հոդվածները փոփոխվեն։ Իսկ նման փորձ ունեցել ենք դեռ 1993-ից, երբ Սեպուհ Թաշճեանը զբաղեցնում էր պետնախարարի պաշտոնը (ի դեպ, բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի, որպես կանոն՝ պաշտոնավարման ավարտից հետո այդ սփյուռքահայերը հեռացել են Հայաստանից)։

Վահան Զանոյան

Հարցադրմանն ի պատասխան՝ Վահան Զանոյանը նշեց, թե 3 սփյուռքահայեր են պաշտոններ ունեցել Հայաստանում․ «Բայց, ըստ իս, 30 տարվա մեջ պետք է լիներ այդ տեսակ 300 դեպք»։ Առաջարկեց հաշվի առնել նաեւ հետեւյալ հանգամանքը․ «Անկախությունից անմիջապես հետո առաջին տարիները հեշտ չէին։ Նույնիսկ սփյուռքահայերը Հայաստանը շիտակ հասկանալու՝ այս ինչ համակարգ էր, որտեղից եկավ, ինչպես այս համակարգի մեջ մենք մեզ գտանք ու ինչպես պետք է վարվենք․․․ շատ ավելի դժվար էր այն ժամանակ, քան այսօր։ 30 տարվա մեջ բավական փորձ կա, Սփյուռքը մի քիչ սկսել է հասկանալ Հայաստանը»։ Սեփական փորձառության հիման վրա՝ Վահան Զանոյանը պնդեց․ «Միտումնավոր արգելքներ կան, որեւէ իշխանություն չի ուզել Սփյուռքն իրապես բարձր մակարդակի վրա ներառել, քանի որ չեն ուզել, որ իրենց գործին խառնվեն․․․ Խորհո՞ւրդ եք տալու, տվեք, հետո գնացեք, փո՞ղ եք տալու՝ գլխիս վրա, տվեք ու գնացեք»։

Հարցին, թե համաձա՞յն չէ, որ երկրի քաղաքականությունը պետք է որոշեն մարդիկ, ովքեր ապրում են այդ հողի վրա, հարկեր վճարում, բանակում ծառայում՝ պատասխանեց․ «100 տոկոս։ Ես դեմ եմ՝ որեւէ մեկը, որ Հայաստանի քաղաքացի չէ, այստեղ քվեարկի, ընտրի կամ ընտրվի․․․ Բայց դա չի նշանակում, որ ՀՀ քաղաքացին, որը գնացել՝ այլ քաղաքացիություն է ստացել, բայց հետո վերադարձել՝ այստեղ է աշխատում, բանակում ծառայելու պարտավորություն ունի, հարկերը տալիս է, բայց նախարար, դատավոր չի կարող լինել․․․ ինչո՞ւ»։

Աշոտ Ոսկանյանը շարունակեց․ «Սկզբունքորեն մեծ դժվարություն չեմ էլ տեսնում 1-2 հոդված փոխելու, որպեսզի սփյուռքահայը կարողանա դառնալ նախարար՝ դա բնական է, դա պետք է արվի։ Բայց միեւնույն ժամանակ հասկանալի է, որ իսկապես գալու եւ ինտեգրվելու այդ չստացվելը շատ դեպքերում կապված է քաղաքական եւ գաղափարական տարաձայնությունների հետ, որոնք բնական են, ամենուրեք կան։ Ոչ մի իշխանություն էլ չի ցանկանում, որ մարդիկ, որոնք իր հայացքների տերը չեն՝ գան ու այստեղ իրենց անունից ուրիշ բան անեն։ Եվ այն հիմնական գործիչները, որոնց բոլորս ճանաչում ենք եւ որոնք եկել են, աշխատել ու այսօր այստեղ չեն՝ փաստն այն է, որ շատերը գնացել են հենց քաղաքական ճնշման ու քաղաքական մեծ տարաձայնությունների պատճառով»։ Նա կարեւորեց, որ առավելագույնս ներգրավվեն այն երիտասարդները, որոնք այսօր դրսում են ու «որոնց սիրտը դեռեւս շարունակում է ցավալ Հայաստանի համար․ կարող է 10 տարի հետո արդեն դադարի»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ