Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Օշականի Սուրբ Սարգսի մատուռը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սբ. Սարգիս մատուռը գտնվում է Օշականի հարավում, միջնադարյան կամուրջից մոտ 300մ արեւմուտք, Քասախ գետի ձախ ափին, կիրճի բարձրուստ, ուղղաձիգ ժայռի մեջ փորված քարանձավում: Քասախի կիրճը հարուստ է բազմաթիվ քարանձավներով, որոնք բնակեցված են եղել անհիշելի ժամանակներից եւ օտար հարձակումներ ժամանակ դարձել են ամուր ապաստարաններ: Նրանց մի մասն ունեցել է քարե մշակված դռներ: Այս մասին գրել է նաեւ Մ. Թաղիադյանը. «Ձորն Օշականայ լի է անմատչելի անձաւօք եւ քարայրիւք ընդ երկուս կողմունս գետոյն, ուր ամրանան բնակիչք նորա յաւուրս խռովութեանց»:

Ըստ ավանդության, որ 19-րդ դարի առաջին կեսին գրի է առել Հ. Շահխաթունյանցը, մատուռում ճգնել եւ թաղվել է մեր թարգմանիչներից մեկը: Իսկ հետագայում այն անվանվել է Սբ. Սարգիս՝ քրիստոնեության համար նահատակված հայտնի զորավարի անունով:

Սբ. Սարգիսը փոքրիկ մատուռ է, որում հազիվ մի քանի մարդ կարող է տեղավորվել: Նրա հարավային մասը փորված է բազալտյա շերտում, իսկ հյուսիսից՝ դեղնագույն սրբատաշ տուֆից, կրաշաղախով շարվածքն է, որտեղ մուտքի բարավորին շինարարական արձանագրությունն է: Վերջինս եղծված է, դժվարընթեռնելի, որի սկզբնամասը կարդացվում է. «Թվին ՈՀԴ (1225) ի ամիրսպասալարութեան…»: Այսպիսով, մատուռը կառուցվել է (գուցե վերակառուցվե՞լ է) ամիրսպասալար (զորքերի գլխավոր հրամանատար) Իվանե Զաքարյանի իշխանության ժամանակ, քանի որ գլխավոր զորավար Զաքարեն արդեն մահացած էր: Այդ ժամանակ Արագածոտն գավառը պատկանում էր Զաքարեի որդուն՝ Շահնշահ Ա-ին: Իսկ Օշականի տանուտերն էր Հասանի որդի Պարսիմոն (գուցե Պարսա՞մ), որը 1210թ. իր հայրենի այգին՝ «Վարդենց նորքն» նվիրել էր Բագնայրի վանքին: Հետաքրքիր է, որ վիմագրում Օշականը նշված է որպես «մեծանուն գեաղջ»:

1225թ. Արարատյան դաշտ է ներխուժել մոնղոլներից փախած ու պատսպարված Խորեզմիշահ Մուհամմադի որդի Ջալալ էդ-Դինն իր հրոսակախմբերով եւ ամենուր մահ ու ավերածություններ պատճառել: Նույն տարվա օգոստոսին հայ-վրացական միացյալ զորքը Իվանե Զաքարյանի գլխավորությամբ Գառնի գյուղի մոտ ճակատամարտ է տվել Խորեզմ շահին եւ պարտություն կրել: Այդ ճակատամարտից հետո հրոսակները մեծ չարագործություններ են կատարել նաեւ Աշտարակում ու Օշականում: Աշտարակում կանգուն է Գրիգոր Վարդոսանու խաչքարը, որտեղ արձանագրությունում վարքաբանական պատկերաշարով հյուսված գրվածքում խոսվում է, որ Գաբրիել հրեշտակապետի փողի ազդարարումով ոտքի ելած երկնային զորքերը կգան դատաստան տեսնելու անօրեն-այլահավատներից:

Պատմիչ Ստ. Օրբելյանը գրել է, որ նրանք քարուքանդ արին ամբողջ երկիրը, կոտորեցին, գերեվարեցին բնակիչներին, ավերեցին քաղաքներն ու գյուղերը: Ահա այդ սպառնալիքից պաշտպանվելու համար էլ կառուցվել ու ամրացվել է Սբ. Սարգիս մատուռը: Թ. Թորամանյանը գրել է, որ մատուռն այնքան անմատչելի տեղում է շինված, որ մարդկանց համար անկարելի է բարձրանալ առանց պատշաճավոր սանդուխքի: Միաժամանակ նա նկատել է մատուռի դիմացով անցնող հին ճանապարհի հետքերը, որն ուղղվել է դեպի Վաղարշապատ:

Սբ. Սարգիս մատուռին անդրադարձել են նաեւ Հարություն Արարատյանը (18-րդ դարի վերջ) եւ Ղեւոնդ Ալիշանը: Իսկ Հ. Եղիազարյանն այն ուսումնասիրել է 1946թ. եւ գրել. «Մատուռի շենքն ամբողջական վիճակում է, քանդված է միայն արեւելյան ճակատի ամենավերի մասը՝ տանիքի փոքր մասի հետ միասին»:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի

գիտաշխատող