Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ով ով, բայց Սեյրան Օհանյանը պետք է որ բոլորից լավ իմանար

Լրագրողների հարցին, թե նպատակահարմա՞ր է գտնում ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալը, Հայաստան դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Ես գտնում եմ նպատակահարմար, որովհետեւ ՀԱՊԿ-ը աշխարհագրական, տարածաշրջանային, ռազմաքաղաքական այն կառույցն է, որը ձեւավորվել է հավաքական անվտանգության համար, եւ մենք գտնվում ենք այդ հավաքական անվտանգության տարածաշրջանում: Երկար տարիներ ՀՀ իշխանությունները, գոնե մինչեւ 2018-ը լուրջ աշխատանք են կատարել ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ուղղղությամբ: Օրինակ, այսօրվա իշխանություններն ի՞նչ են արել ՀԱՊԿ-ը զարգացնելու համար, միայն կողքից հրճվում են այն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ բացթողումների համար: Ընդհակառակը, ՀԱՊԿ-ին հարվածել են, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալել են, փորձել են գործ հարուցել: Պետք է խելացի բանակցել, որ ՀԱՊԿ-ն էլ իր խնդիրները կատարի»:

Հետաքրքիր է՝ Սեյրան Օհանյանը հավատո՞ւմ է իր ասածին, թե հանդես է գալիս իր կուսակցության գծին համապատասխան։ Մեկ այլ դեպքում կարելի էր զվարճանալ սալդաֆոնական նման պարզամտության վրա (հետները լավ չենք աշխատել, դրա համար էլ չեն գալիս), բայց գոնե Օհանյանի դեպքում պետք է հարցադրումներ անել, այն առումով, որ նա իր կաշվի վրա է զգացել Հայաստանի դեմ ռուսական «նոր քաղաքականության» մեկնարկը՝ 2014-ից դիվերսիոն պատերազմ եւ 2016 թ․ ապրիլյան պատերազմ։ 2020-ի սեպտեմբերի 27-ի ռուս-թուրքական արշավն այդ նույն քաղաքականության հերթական փուլն էր։

Օհանյանը 2014-16 շրջանում դարձել էր ոչ միայն ռազմական, այլեւ արտաքին քաղաքական կենտրոնական դեմքը, եւ դա պատահական չէր։ Ինչ որ պահի ամեն ինչ նրա շուրջ էր կենտրոնացել նաեւ այն պատճառով, որ միջազգային գործընկերներին շատ էր հետաքրքրում հարցը՝ արդյոք հայկական բանակը ռազմա-քաղաքական ինքնիշխան գործոն կարող է դառնալ, նկատի առնելով դրա ակնառու նշանները։ Օհանյանն ինքը բավական համարժեք էր այդ իրավիճակին, նկատի առնելով նրա պահվածքը մի շարք ռուսական պահանջների հարցում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի գծով։

Ըստ այդմ, Սեյրան Օհանյանը պետք է որ բոլորից լավ իմանար ՀԱՊԿ-ի եւ այդ կազմակերպությանը Հայաստանի անդամության գինն ու հեռանկարը։ Հիմա դա ուրվագծվում է առավել քան նկատելի՝ սեպտեմբերի ռուս-թուրքական ագրեսիան ցուցանել է Հայաստանի մասնատման սխեման եւ ուղղությունները՝ միջանկյալ փուլում ՀԱՊԿ ցուցանակի տակ ռուսական ստորաբաժանումների տեղակայումներով։