Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուղերձ արցախաբնակ ՀՀ քաղաքացի իմ հայրենակիցներին

Սիրելի արցախաբնակ հայրենակիցներ, հարգելի` Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներ: Արցախի համար այս վճռորոշ օրերին հոգու բոլոր լարերով ձեզ հետ ենք: Ամեն օր և ամեն ժամ մեր սրտերը և հոգիները նույնպես շրջափակված են տագնապի և կարեկցանքի փշալարերով: Մեր առօրյան սկսվում և ավարտվում է Արցախում իրավիճակի մասին լուրերով: Մենք ծրագրում, կատարում և խրախուսում ենք այն բոլոր հնարավորին հասարական և քաղաքական քայլերը, որոնք կարող են ինչ-որ կերպ ազդել Արցախը և մայր Հայաստանը կապող` Բերձորի միջանցքի բացման խնդրի լուծմանը:

Միևնույն ժամանակ մենք ուզում ենք ձեզ փոխանցել մեր համոզմունքն այն մասին, որ աշխարհաքաղաքական իրավիճակը շրջապույտ է կատարում ի օգուտ մեզ: Մենք գտվում ենք աշխարհակարգի փոփոխության ժամանակամիջոցում, որը կնշանավորվի մեր տարածաշրջանից Ռուսաստանի նահաջով, որի փոխարեն` թուրքերին զսպելով և նրանցից առաջ անցնելով` մտնելու է Արևմուտքը: Այդ ընթացքն արդեն սկսվել է Եվրամիության դիտորդների մուտքով և տեղակայումը Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանների շփման գծի ամբողջ երկարությամբ: Վստահ ենք, որ այդ դիտորդները ոչ հեռու ապագայում մուտք կգործեն Բերձորի ճանապարհ և ողջ Արցախյան մարզի տարածք, որից հետո նրանց կփոխարինեն ՄԱԿ միջազգային մանդատով օժտված խաղաղապահները:

Այդ համոզմունքը մեր մեջ ամրապնդված է ոչ թե լոկ պատրանքներով և երազանքներով, այլ հստակ քաղաքական հաշվարկներով: Մենք տեսնում ենք, թե ինչպես են ՀՀ հանրությանը, մասնավորապես` Արցախյան մարզում բնակվող հատվածին փորձում հասցնել հուսահատության, և կանգնեցնել ավանդական երանգներ ունեցող`«ռուսը կամ թուրքը» երկընտրանքի առջև, որի արդյունքում դուք` Արցախում բնակվող սիրելի բարեկամներ, ստիպված կլինեք լքել ձեր բնօրրանը:

Հայանպաստ աշխարհաքաղաքական զարգացումներ կանխատեսելով` մեծ սիրով և ՄՒԱՍՆՈւԹՅԱՆ իմպուլսներ փոխանցելով ՀՀ այլ մարզերից դեպի Արցախ, դեպի ձեզ` սիրելի քույրեր և եղբայրներ, խնդրում ենք ամուր մնալ ձեր բնօրրանում և շարունակել պայքարը` արհամարհելով Արցախի տեղական իշխանությունների` օտարներին ծառայող կոչերը:

Հիշե՛ք, Արցախը Հայաստանի Հանրապետության մաս է, իսկ դուք` ՀՀ լիիրավ քաղաքացիներ, անկախ նրանից թե ինչ են ասում օտարի շահերին ծառայող զանազան «պետական» գործիչներ: Խոսե՛ք 1988 թ. վառած «ՄԻԱՑՄԱՆ» գաղափարի և նպատակների մասին, ստորագրահավաքներ և հանրահավաքներ կազմակերպեք` ՄԱԿ միջազգային մանդատով օժտված խաղաղապահների` Արցախ մուտք գործելու պահանջով, խոսեք և քայլեր կատարեք և կտեսնեք այդ քայլերի ծիլերը:

Մենք էլ մեր հերթին` ՀՀ մնացյալ մարզերում բնակվող արթուն և գիտակից քաղաքացիներս, հնարավորինս ամեն բան անում ենք և անելու ենք, որպեսզի Հայաստանում օր առաջ ձևավորվի Միացյալ Հայաստանի շահերը ներկայացնող կառավարություն, որը ձեռնամուխ կլինի հիմնել “ազգ-բանակ” կոնցեպտի վրա կառուցված հզոր բանակ և ամուր պետականություն:

Ուժ և համբերություն ձեզ, սիրելի եղբայրներ և քույրեր: Արցախը բոլորիս տունն է, Արցախի համար ողջ հայության հազարավոր պայծառ հայորդիներ են նահատակվել: Մենք պարտավոր ենք պահել Արցախը և հետ բերել կորցրածը: Պինդ մնացեք, մենք ձեզ հետ ենք:

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից