Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուղիղ 13 օր է՝ ոչ մի տեղեկատվություն չունենք մեր երեխաներից. ակցիա ՊՆ շենքի մոտ

Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Պաշտպանության նախարարության շենքի մոտ։ «Ուղիղ 13 օր է՝ ոչ մի տեղեկատվություն չունենք մեր երեխաներից։ Դիմում եմ պաշտպանության նախարարին՝ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում, 13 օր է, ձորակի մեջ ունենք վիրավորներ, դիեր, ոչ մի նախաձեռնություն չեք ցուցաբերում, որպեսզի վիրավոր երեխեքին շուտ հանեք ու փրկվեն։ Խոսքը Վերին Շորժայի հատվածի ձորակի մասին է։ Դիմել ենք պետական կառույցներին, ոչ ոք միջոցներ չի ձեռնարկում, այսօր անելանելի վիճակի մեջ ենք»,- ասաց ծնողներից Ղազարյան Սերժիկը:

Նա նշեց, որ իրենց տեղեկություններով՝ Վերին Շորժայի այդ հատվածի ձորակն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ «Ինչո՞ւ մեր բանակը նույն օրը նախահարձակ չի եղել, որպեսզի մեր դիրքերը վերցնեինք, որպեսզի այդքան գերիներ ու զոհեր չունենայինք»,- հավելեց ծնողը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ծոնղների տեղեկացմամբ, այսօր ընդունել է իրենց ու ասել, որ որոնողական աշխատանքներ են իրականացվում, պետք է սպասել։ Ծնողներից Հայկ Անթանյանը նշեց, որ Սյունիքում անտառներում են անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ իրականացվում։ «Ասում են՝ կան զոհվածներ, կան կորածներ, կան անտառներում լցված երեխեք, բայց հստակ տեղեկություն չկա։ Գնդում էլ ենք եղել, մեզ պատախսանող չկա, զորամասում էլ պատախսանող չկա։ Դիվիզիոնի հրամանատարը ոչ մի պատասխան չի տալիս մեզ, մենք իրեն չենք կարողանում հանդիպել»,- նշեց ծնողը։