Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ում մեղքով էր խափանվել Մոսկվայի «Նժդեհ» պարախմբի համերգը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մոսկվայում գործող Հայ ավանդական «Նժդեհ» պարախմբի՝ «Իմ անունս է պայքար» խորագրով համերգը՝ նվիրված Հայոց բանակի տոնին, որ պետք է կայանար «Իզմայիլովո» համերգասրահում, խափանվել էր։ Ազգագրական պարերի մասնագետ, հանրային գործիչ Գագիկ Գինոսյանն այդ մասին գրառում էր կատարել ֆեյսբուքում՝ նշելով, որ մի քանի ժամ Մոսկվայի ձմռան սառնամանիքի պարագայում եւ հանդիսատեսին, եւ «Նժդեհ» խմբի անդամներին սառեցնելուց հետո հայտարարվել է, թե այդտեղ համերգն անցկացնելն անհնար է:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է «Նժդեհ» պարախմբի գեղարվեստական ղեկավար, հիմնադիրներից Արամ Պողոսյանի հետ։ «Համերգը պետք է կայանար հունվարի 29-ին՝ Հայոց բանակի օրվա առիթով։ Առավոտյան սովորականի նման գնացինք փորձերի ու փորձի ժամանակ՝ ժամը 15։00-ին, կինոլոգները եկան տարածքը զննելու։ Նրանց ես էի հրավիրել ապահովության նկատառումներով, դրանից առաջ էլ տարածքի թաղայինը հետաքրքրվել էր համերգից ու ասել, որ խումբ կուղարկեն տարածքը ստուգելու։

Ինչպես արդեն նշեցի, փորձի ժամանակ այցելած կինոլոգները ասացին, որ ամեն ինչ նորմալ է, սակայն դրանից հետո դահլիճի ղեկավարությունից զանգեցին ու ասացին՝ զանգ է եղել 0-2 հեռախոսահամարին ու ասվել, թե իբր տարածքում ռումբ է տեղադրված։ Ես մտածում էի՝ հավանաբար մեկ ժամ կստուգեն, ու մեր համերգը կկայանա։ Բայց այդ ամենն ավելի երկար տեւեց, եւ պարզվեց, որ ձգձգումը միտումնավոր է արվում․․․Սկզբում մեկ ժամ, հետո՝ երկու ժամ եւ այդպես շարունակ․․․ Ժամը 9-ի միջակայքում ոստիկանության աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ ամեն ինչ ստուգել են, ու ոչինչ չկա։ Ես կրկին մոտեցա համերգասրահի ղեկավարությանը, առաջարկեցի գոնե կրճատված ծրագրով համերգն իրականացնել, որովհետեւ մարդիկ ժամերով սպասել էին»,-պատմեց Արամ Պողոսյանը;

Նաեւ ընդգծեց, որ պարախմբի մասնակիցներից մեկը լսել է, թե ինչպես են երկու ոստիկան միմյանց հետո խոսելիս ասում, որ նորից պետք է տարածքը ստուգեն, տեսնելով, որ հանդիսատեսը չի ցրվում։ Պարախմբի գեղարվեստական ղեկավարի ներկայացմամբ, ի վերջո համերգասրահի ղեկավարության ներկայացուցիչն ասել է, որ իրավապահները պետք է բոլոր ներկաների հետ խոսեն, հարցեր տան, ինչը ժամեր կտեւի։ «Դրանից հետո որոշեցի, որ այլեւս իմաստ չունի սպասելը, առանց այն էլ ժողովուրդը 4 ժամ սպասել էր։ Ստիպված ասացի, որ համերգը չի կայանա, առավոտյան կգանք ու կխոսենք համերգասրահի ղեկավարության հետ»,-նշեց մեր զրուցակցը։

Նա զարմանքով փաստեց, որ այն պահին, երբ մասնագետները շներով ստուգում էին տարածքը, ու իրենց ասվում էր, որ իբր ռումբ կա, համերգը չի կարող կայանալ, տարածքում շատ մարդիկ կային, ու տեղի սրճարանն էլ ամբողջ թափով աշխատում էր․ «Ստացվում էր, որ ռումբի պատճառաբանությամբ համերգ չի կարելի անել, բայց, օրինակ, սրճարանը կարող է աշխատել»։

Արամ Պողոսյանը նշեց, որ առավոտյան իրավաբան Ռուբեն Կիրակոսյանի հետ նորից եկել են դահլիճ, երկար բանակցություններից հետո իրենց վերադարձրել են սրահի վարձակալության գումարի 75 տոկոսը։ Այնուհետեւ «Նժդեհ» պարախմբի համերգի համար այլ դահլիճ են վարձակալել, որը երկու անգամ ավելի փոքր էր «Իզմայիլովո» համերգասրահից ։

«Երբ նոր դահլիճ վերցրինք, ծածուկ կապվեցինք մարդկանց հետ ու հայտնեցինք համերգի նոր վայրի մասին։ Չէինք ցանկանում, որ նույն խնդիրն էլի ունենանք։ Ամեն դեպքում դահլիճը լեփլեցուն էր, շուրջ 500 մարդ էր ներկա, եւ հունվարի 31-ին մեր համերգը կայացավ՝ ողջ ծրագրով, հաղորդավարն Արսեն Ղազարյանն էր, երգում էր Սեւակ Ամրոյանը»,-ասաց «Նժդեհ» պարախմբի գեղարվեստական ղեկավարը։

 Արամ Պողոսյանը մեր զրույցի ընթացքում շեշտեց, որ, իր տեղեկություններով, «Իզմայիլովո» համերգասրահի ղեկավարության մեջ ազգությամբ ադրբեջանցի կա, եւ համերգի խափանման մեջ հենց դա էլ դեր է խաղացել։

Պարախմբի հիմնադիրը խնդրեց նշել, որ ողջ գործընթացի ժամանակ իրենց կողքին են եղել փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալ Լեւոն Մուկանյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանի խորհրդական Էդուարդ Ջամբազյանը։

Նրանից տեղեկացանք, որ «Նժդեհ» պարախումբը երեք հոգով են հիմնադրել՝ 5 տարի առաջ։ Արամ Պողոսյանն ասաց, որ հայկական պար են սովորեցնում եւ երեխաներին, եւ մեծահասակներին։ Ամեն տարի ընտրում են պարողներին, կա նաեւ հիմնական խումբ, որը պատվով հանդես է գալիս տարբեր հանրապետական եւ համայնքային միջոցառումների ժամանակ, մասնակցում է փառատոների։ Եվ եթե ֆինանսական հարցերը լուծվեն, պարախումբը հաճույքով համերգներ կունենա նաեւ Հայաստանում։

Պարզեցինք, որ Արամ Պողոսյանի ղեկավարած Նժդեհ հայկական ազգային պարերի դպրոցում տարբեր խմբերում շուրջ 15՝ ազգությամբ ռուսներ հայկական պար են սովորում, որոնք գալիս են տարբեր շրջաններից։ Պարախումբը համագործակցում հայկական եկեղեցու, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, հայկական համայնքների հետ, իրականացնում է վարպետաց դասեր։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Արամ Պողոսյանը