Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փափուկ բարձ հայերի գլխատակին․ Ռուսական զորակազմն Արցախում մեկնարկում է իր առաքելության նոր փուլը

Արցախում ռուսական կոնտինգենտի հրամանատարի հետ հանդիպումից հետո Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարել են, որ ներկայացրել են իրենց պահանջը՝ Լաչինի միջանցքի տարածքում որեւէ անցակետ չպետք է լինի, Բաքվի որեւէ վերահսկողություն չպետք է լինի։ Պատգամավորներն ասել են, թե ռուսական զորակազմի հրամանատարը վստահեցրել է, որ նման բան չի լինելու։

«Անդրեյ Վոլկովն ասաց, թե ռուս խաղաղապահ զորակազմը համաձայն է Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրմանը, ինքը հիմնավորեց, որ իրենց աշխատանքը այդկերպ կբարելավվի, ռենտգեն-սկաների անհրաժեշտություն կա, այդ հարցը քննարկվում է, բայց նա ընդունեց, որ միջանցքում որեւէ ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛չ այլ մասնագետ՝ չի լինի», ասել է պատգամավոր Արթուր Մոսիյանը։

Ասել, թե ռուսական կոնտինգենտի հրամանատարությունը փափուկ բարձ է փորձում դնել հայերի գլխի տակ, նշանակում է ոչինչ չասել՝ ռուսական զորակազմը մինչ այս իրականացրել է Հին Թաղեր-Խծաբերդի, Փառուխի, Բերձոր-Աղավնոյի հայաթափման եւ այդ բնակավայրերը Բաքվին հանձնելու, Լաչինի միջանցքի շրջանում Բաքվի դիրքերի տեղակայման եւ հաղորդակցությունները Բաքվին հանձնելու գործողությունները, պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի հանցավոր թողտվությամբ։

Այս ամենից հետո չպետք է կասկած մնա, որ ռուսական «խաղաղապահ» զորակազմն իրականացնում է իր առաքելության՝ Արցախի հայաթափման եւ թուրքերին հանձնելու հերթական փուլը։ Այն մեկնարկեց Լավրովի հայտարարությունից հետո, ըստ որ՝ հարցերը լուծվելու են Ալմաթիի հռչակագրի հիման վրա, իսկ Բաքուն երաշխավորելու է հայ բնակչության իրավունքները։ Դրանից հետո խաղարկվեց «ադրբեջանցի բնապահպանների» ակցիայի, ճանապարհը մի քանի ժամով փակելու թատրոնը, որի հեռահար նպատակը Արցախ Բաքվի էմիսարների ազատ մուտքի ապահովումն է եւ Լաչինի միջանցքի վերահսկողությունը Բաքվին հանձնելը։

Սարքի տեղադրումը եւ Բաքվի հետ «ճանապարհային քարտեզի քննարկումները» սկիզբն են։ Սցենարն ու իրագործման սխեման նույնն է՝ հայերի գլխի տակ փափուկ բարձ դնելով, հավաստիացումներով իրագործել ծրագիրը քայլ առ քայլ, բացառելով դիմադրությունը։ Պարզ ասած՝ եթե ռուսները տեղադրեցին այդ սարքը, դրան մուտք է ունենալու Բաքուն, հետո ինչ որ մեքենայով ինչ որ «արգելված առարկա» կանցնի, որը պատճառ բերելով՝ կտեղակայեն անցակետ՝ «ադրբեջանցի զինվորականներով ու այլ մասնագետներով», եւ այդպես շարունակ։

Արցախը ոսկոր է Մոսկվայի ու Բաքվի կոկորդին, որի հանդեպ փորձում են հաստատել իրենց «իրավունքն» արդեն 100 տարի, ցեղասպան գործողություններով։ Հայկական խորհրդարանի մի որոշումը, արցախցիների մի վճռական քայլը կարող է փոխել իրավիճակը։ ՀՀ ԱԺ նախագահն Արցախի, Լավրովի հայտարարության շուրջ այսօրվա միմոսությունների փոխարեն պետք է հասկանա, որ խորհրդարանն իր անգործությամբ մեղսակցում է ռուս-թուրքական ոճրին։