Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Փափուկ հետախուզություն». ի՞նչ է տեղի ունեցել Լաչինի միջանցքում.  մեկնաբանություններ Բաքվից. JAMnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Jamnews. Ադրբեջանցի մի խումբ բնապահպաններ լրագրողների հետ միասին մի քանի ժամով փակել էին ճանապարհը Լաչինի միջանցքում։ Կոնֆլիկտը հնարավոր եղավ լուծել միայն Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Անդրեյ Վոլկովի ժամանելուց հետո։ Ադրբեջանցի փորձագետի խոսքով՝ պաշտոնական Բաքուն այս կերպ «փափուկ հետախուզություն» է իրականացրել, որպեսզի ստուգի խաղաղապահների արձագանքը Լաչինի միջանցքում հենակետերի հնարավոր տեղադրմանը։

Քաղաքագետ, «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն նշել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից զարկերակային ստուգումը հաջող է անցել. «Հայերը հասկանում են, որ մի գեղեցիկ օր Հայաստանը Ղարաբաղի հետ կապող ճանապարհին կլինեն ադրբեջանցի սահմանապահների և մաքսավորների դիրքեր։ Այն, որ շաբաթ օրը ճանապարհը երեք ժամ փակ է մնացել, իսկ ադրբեջանական գերատեսչությունների աշխատակիցները բանակցել են ռուս խաղաղապահների հետ, դրա օրինակն է։ Զարկերակային ստուգումը հաջող է անցել»։

Ըստ փորձագետի՝ խաղաղապահների Խոջալուի գրասենյակում բանակցությունների շարունակությունը «մեսիջ է հայերին, որ պետք է վարժվեն այստեղ ադրբեջանցիներին տեսնելուն»։

«Հետաքրքիր է, որ Հայաստանի իշխանությունները սառնասրտորեն են ընդունել շաբաթ օրվա լուրերը, կոշտ արձագանք չի եղել։ Հիմնականում անհանգստացած էին Ղարաբաղում ապրող հայերը։ Նրանք շփոթության մեջ են, և փորձում են պատասխան գտնել այն հարցին, թե ինչ կանեն ռուս զինվորականները, եթե հանկարծ Ադրբեջանը վերահսկողության տակ վերցնի ճանապարհը՝ կհետևե՞ն, թե՞ կդիմադրեն, ադրբեջանցի պաշտոնյաների այցերը Խոջալու և Խանքենդի կդառնա՞ն սովորական, թե՞ ոչ»,- ամփոփել է քաղաքագետը։

Քաղաքական մեկնաբան Ֆարիզ Ալիևի խոսքով՝ հարցը բնապահպանական խնդիրները չեն։

«Չեմ կարծում, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը բնապահպանական ինչ-որ խնդրի մասին է։ Այո, նախկին Աղդերեի շրջանում ապօրինի հանք է շահագործվում։ Բայց մինչ այդ, տասնամյակներ շարունակ ապօրինի շահագործվում էին նաև Ղարաբաղի օգտակար հանածոների այլ աղբյուրներ։

Իմ կարծիքով, բնապահպանների ու լրագրողների ներգրավմամբ Ադրբեջանը փափուկ մեթոդով հետախուզություն է իրականացրել։ Ոչ թե կռվով, ինչպես ասում են, այլ ուղղակի շարքային քաղաքացիների մասնակցությամբ։ Խաղաղապահների արձագանքն այս հանգամանքներին ստուգելու համար։

Իսկ ի՞նչ տեսանք։ Ռուս զինվորականների արձագանք գրեթե չեղավ։ Նրանք շփոթված հետևում էին տեղի ունեցողին։ Եվ նույնիսկ պատկերացում չունեին, թե ինչպես վարվել նման իրավիճակներում։

Իսկ խաղաղապահ զորախմբի հրամանատարի դեպքի վայր ժամանելը, կարծես թե, պոտենցիալ ակնկալվող ազդեցությունը չունեցավ։ Վոլկովը նույնպես չգիտեր՝ ինչ անել և ինչպես վարվել։ Զրուցել է ճանապարհը փակողների հետ, համաձայնել նրանց փաստարկների հետ և հրավիրել բանակցելու։

Հետաքրքիր է նաև այն, որ խաղաղապահներն իրենց ծառայության տարածքն անվիճելիորեն ճանաչում են որպես ադրբեջանական հողեր։

Իսկ հիմա պատկերացնենք, որ Ադրբեջանը Լաչինի միջանցք է մտնում ոչ թե ի դեմս բնապահպանների ու լրագրողների, այլ ի դեմս սահմանապահների կամ նույն հատուկ նշանակության ջոկատի։ Ի՞նչ կլինի այդ դեպքում։ Ելնելով անցած շաբաթ օրը տեղի ունեցածից՝ խաղաղապահները պարզապես կհետևեն տեղի ունեցողին, և Ադրբեջանը հաջողությամբ կտեղադրի իր անցակետերը։ Այլ սցենար ես չեմ տեսնում»,- ընդգծել է Ալիևը։