Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաշինյանը մանրամասնել է, թե ինչու չի ստորագրել ՀԱՊԿ ամփոփիչ հռչակագիրը

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԱՊԿ վեհաժողովում տեղի ունեցած իրադարձություններին։ «Ես ուզում եմ, որ մենք հստակ լինենք, ի՞նչ է եղել մեր ակնկալիքը։ Երկու բան, առաջինը՝ ֆիքսել, թե Հայաստանի Հանրապետությունում որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։ Սա սկզբունքային հարց է՝ ճիշտ հարաբերություններ կառուցելու համար։ Երկրորդ ակնկալիքը եղել է տեղի ունեցածին հստակ քաղաքական գնահատական տալը։ Սա ինչո՞ւ է կարևոր, որովհետև երբ Սոթք-Խոզնավար հատվածում դա տեղի ունեցավ, և այնտեղ մարտական գործողություններ տեղի չունեցան, այդ թվում՝ ընդդիմության գործիչներն ասում էին՝ Հայաստանի բանակը չի կռվում, դուք ՀԱՊԿ-ից եք ակնկալո՞ւմ։ Հետո եկավ նոյեմբերը, երբ Հայաստանի բանակը կռվեց, հետո եկավ սեպտեմբերի 13-ը, երբ Հայաստանի բանակը կռվեց, և այդ խնդիրը դուրս եկավ։ Մենք ակնկալում ենք, որ գնահատական տրվի, թե ինչ է տեղի ունեցել։ Հիմա այս կոնտեքստում շեշտվում է, որ օգնության առաջարկ է եղել, և մենք հրաժարվել ենք ինչ-որ օգնությունից։ Սա շատ կարևոր է պարզաբանել, որովհետև այնտեղ կա մի տող՝ Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերել օգնություն, այդ թվում՝ ռազմատեխնիկական։ Նախ պարզ չէ, թե ինչ օգնություն է կոնկրետ առաջարկվում։ Երկրորդ՝ այդ օգնության ընդունումն այս առանց հստակ գնահատականների կնշանակի անուղղակի և նույնիսկ ուղղակի ընդունում այն ստատուս քվոյի, որը հաստատված է մեր սահմաններում։ Առանց հստակ քաղաքական գնահատականի ընդունել մոնիթորինգի առաքելություն ՀԱՊԿ-ից այդ տարածքում կնշանակի ուղղակի ֆիքսել և համակերպվել ստատուս քվոյի հետ»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ Պրահայում կողմերը հստակ արձանագրեցին միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչճակագրի հիման վրա, որից հետո հնարավոր եղավ դիտորդական առաքելության գործուղում ՀՀ։ «Եթե մենք դիտորդին չենք տալիս հստակ ուղղորդում, թե որտե՞ղ է սահմանն անցնում, ինքը գալիս է ի՞նչը դիտարկի։ Այսինքն՝ ԵՄ դիտորդներն այսօր գիտեն, որ կողմերն իրենք ասել են, որ Ալմաթիի  հռչակագրով ընդունված սահմանները մեր պետական սահմաններն են։ Եվ նրանք գիտեն, թե ինչի հետ են հարաբերվում։ Եթե ՀԱՊԿ ձևաչափով սա չի ֆիքսվում, մոնիթորինգի միսիան գալիս է ի՞նչը մոնիթորինգ անի։ Գալիս է արձանագրի էն, ինչ տեղի է ունեցել, իսկ էն, ինչ տեղի է ունեցել, այդքան էլ պարզ չէ, որովհետև պարզ չէ, թե որտեղով է անցնում սահմանը, հետևաբար պարզ չէ, թե որտեղ է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։ Այս ամենով արդյոք անվտանգային մարտահրավերները քչացե՞լ են ՀՀ շուրջը։ Ոչ, չեն քչացել։ Արդոք ավելացե՞լ են։ Հնարավոր է նույնիսկ ավելացել են, բայց մեր գնահատականն այն է, որ այս փաստաթղթերը եղած ձևով ընդունելու պարագայում դրանք չէին նվազելու, ընդհակառակը, շարունակելու էին աճել»,- հավելեց Փաշինյանը։