Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաշինյանը փորձագիտական շրջանակի հետ ցավոտ լուծումներից չի խոսել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Բանակցային գործընթացի վերաբերյալ փորձագիտական շրջանակից Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանդիպումների մասնակիցներից է նաեւ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը:

«Այդ ձեւաչափը հետաքրքիր ձեւաչափ է, այդ ձեւաչափում բավականին շատ մարդիկ են՝ մի քանի տասնյակ փորձագետներ, հանրային կարծիք ստեղծողներ: Հնարավորություն կա այդ հանդիպումներին տալ ամենատարբեր հարցերը, ամենասուր հարցերը եւ ստանալ պատասխաններ»,- Aravot.am-ին ասաց պրն Սաֆարյանը:

Մեր հարցին՝ ինչ նպատակով են այդ հանդիպումները կազմակերպվում, արդյոք նրա համար, որ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի ասածների հիման վրա տրամադրություննե՞ր ստեղծեն, Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Բոլորը մի նպատակ ունեն՝ հասկանալ, թե ինչ է կատարվում: Բոլորի ցանկությունն է հասկանալ՝ ով ինչպես է ընկալում իրավիճակը, ինչ է անում իշխանությունն ու ինչ պետք է անել: Եթե նկատել եք՝ վերջին ամիսներին հատկապես փորձագիտական նյութերում անադեկվատ վերլուծություններ այդքան էլ շատ չեն գնում: Պատճառն այն է , որ երկու կողմն էլ իրար տեսակետները փոխանցում են իրար: Ամեն կողմը գիտի՝ մյուս կողմն ինչ է անում»:

Վերջին շրջանում հակառուսական տրամադրություններ են գեներացվում, ի՞նչ դերակատարում ունեն այդ գործում Փաշինյանի հետ հանդիպման գնացող հակառուսական կողմնորոշում ունեցող մասնակիցները, արդյոք հենց նրա՞նք չեն այդ տրամադրությունները ստեղծում՝ մեր հարցին զրուցակիցը պատասխանեց. «Բացարձակապես չկա նման բան: Ես չգիտեմ՝ դա ում հիվանդ երեւակայության արդյունքն է: Այդ հանդիպմանը մասնակցում են շատ տարբեր մտածող մարդիկ: Նկատելի է, որ կազմակերպիչը որեւէ խնդիր չի դրել որեւէ կողմնորոշման առումով: Վարչապետի կողմից որեւէ փորձ նույնիսկ չի եղել: Կրկնում եմ՝ հոգեկան հիվանդի զառանցանք է դա: Սա միակ ձեւաչափը չէ, ամեն ամիս փորձագիտական որոշ շերտ պարբերաբար հանդիպում է ԱԽ քարտուղարի հետ, հենց մեր ինստիտուտում, մենք ենք դրա պատճառը: Մենք գիտենք՝ ինչու են ծնվել այդ ձեւաչափերը, որովհետեւ նախկինում կային փորձագետներ, որոնք ճիշտ չէին հասկանում իշխանությունների վարած քաղաքականությունը, իշխանություններն էլ տեղյակ չէին՝ ինչ են մտածում փորձագետները: Այդ ձեւաչափերը ստեղծվել են այդ խնդիրը լուծելու համար: Որեւէ մեկը որեւէ մեկի դիրքորոշումը փոխելու, որեւէ մեկի որեւէ գործողության դրդելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ: Մանկապարտեզ չէ»:

Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ ինչ է ներկայացրել իրենց Փաշինյանը բանակցային գործընթացից, իր արտաքին շփումներից. «Մեզ պատմում են՝ ով, ինչ է ասում, ով, ինչ է ցանկանում, ով, ինչ նպատակ է հետապնդում: ՀՀ իշխանությունները խնդիրն ինչպես են դնում ու ինչ լուծումներ կարող ենք ակնկալել գլոբալ իրավիճակի վերլուծության պայմաններում»:

Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ ձեզ ասվել է, որ սեղանին կա երկու տարբերակ՝ Մոսկվայի ու Եվրոպայի տարբերակը, նա պատասխանեց․ «Փաշինյանը չի ասել, որ սեղանին տարբերակներ ունենք, մենք չունենք այդպիսի տարբերակներ: Ես չգիտեմ՝ ով ինչպես է աղավաղում ու ինչու է աղավաղում: Մենք՝ բոլորս, անգիր գիտենք ՝ որն է ռուսական կողմի առաջարկը, որն է արեւմտյան կողմի առաջարկը: Հրաշալի հետեւել եք Մոսկվայի հայտարարություններին, օրեր առաջ էլ Զախարովան ասաց՝ կան գրավոր երեք պայմանավորվածություններ՝ նոյեմբերի 9, հունվարի 11, դեմարկացիայի պայմանավորվածություն, դա արեք, ուրիշ բան մի արեք: Այսինքն՝ Ղարաբաղի խնդրին ձեռք մի տվեք, սա է Մոսկվայի ասածը: Արեւմտյան ու ռուսական համանախագահությունների միջեւ մեծ խզում կա, նույնիսկ միասին չեն հանդիպում, որեւէ մեկը պետք չէ մեզ բացատրի, որ մոտեցումները տարբեր են, որ Ռուսաստանը չի ցանկանում այլ ուժերի մասնակցություն: Այսինքն՝ այս կտրվածքով առանձնապես մեծ նորություն չկա: Մեզանից շատերը հրաշալի հասկանում են, որ այս իրավիճակում Հայաստանը կարող է միայն մի բան ուզել, դա Արցախի անվտանգության մակարդակի բարձրացումն է; Արցախյան խնդրի համապարփակ լուծման ձեւաչափի հարցն է, ՀՀ սահմանային անվտանգության, տարածքային ամբողջականության խնդիրների լուծումն է: Այս դաշտում տարբեր են շերտերը, ասել, թե կոնկրետ այս դաշտն է մեզ հարմար՝ չկա այդպիսի բան»:

Մեր դիտարկմանն ի պատասխան՝ Արցախի հարցում իշխանությունները սահուն փոխեցին իրենց դիրքորոշումը, ինչպե՞ս եք հարցեր քննարկում փոփոխական միտք ունեցող իշխանությունների հետ , Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Ես չեմ կարծում, թե դիրքորոշման փոփոխություն կա, ես կարծում եմ՝ հռետորաբանության փոփոխություն կա շատ հասկանալի պատճառներով: Դու կարող ես Արցախը համարել հայկական, բայց դրա մասին չհայտարարել, որովհետեւ դա այլեւս որեւէ մեկի չի հետաքրքրում: Իզուր եք պատկերացնում, որ մեր զրույցներն առանց սուր անկյունների են լինում: Պարզապես հո դուրս չես գա, ասես՝ ես այսպես ասացի, իրենք այսպես ասացին… ես որեւէ փաստ չունեմ, որ ՀՀ իշխանությունները Ղարաբաղը հանձնում են, ինչպես ընդդիմությունն է ասում, որ ՀՀ իշխանությունը Արցախից ձեռքերը լվացել է: Ես այդպիսի փաստ չունեմ, իսկ եթե չունեմ, արդյոք չպետք է դիտարկել՝ եթե նրանք որեւէ խնդիր ուզում են լուծել, մենք՝ փորձագետներս, կարող եք օգտակար լինել»:

Աղավնոն, Սուսը, պատերազմից հետո թշնամուն հանձնելը ի՞նչ եք համարում՝ հարցին, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Այդ ողբերգական դրվագի այլ պատմություն գիտեմ, թույլ տվեք չասեմ: Եթե որեւէ փաստ ունենայի, որ իրենք նվիրում են, որ ՀՀ իշխանությունները ամեն պատառի զավթման դեմ չեն պայքարում, ես ինքս կմտածեի, որ անելիք չունեմ նման հավաքներում: Նշանակում է ՝ ես ուրիշ բան գիտեմ, չէ՞»:

1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր վերջին հարցազրույցում ասել էր, որ ցավոտ լուծումներ են մեզ սպասվում: Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը խոսել է այդ ցավոտ լուծումներից: Ի պատասխան ասաց՝ ոչ. «Այդպիսի լուծումների մասին չենք խոսել ոչ թե նրա համար, որ փորձել ենք շրջանցել, այլ որովհետեւ կան լուծումներ, որոնք չեն կարող ընդունելի լինել ՀՀ համար՝ օրինակ` միջանցքը: ՀՀ իշխանություններն այդ մասին հայտարարել են շատ պարզ: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչ ցավոտ լուծման մասին է խոսքը, եթե ասել ենք, որ ընդհանրապես չենք ընդունելու միջազգային տրամաբանությունը… Եթե այդ ցավոտ որոշումն այն է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո Արցախը հավերժ թողնում ենք Ադրբեջանին, բա եթե ամեն ինչ լավ է, Ադրբեջանը ինչու չի ընդունում ՀՀ իշխանությունների առաջարկները, չի ստորագրում: Նշանակում է՝ խնդիր կա, չէ՞, նշանակում է Ադրբեջանն էլ գիտի, որ Արցախը չենք թողնում, չէ՞ »:

Մեր դիտարկմանը, թե հանդիպումների ժամանակ եղե՞լ են հավաստիացումներ, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Ոչ, ես այդպիսի հայտարարություն չեմ լսել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ