Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաշինյանի երեկվա ելույթից հետո երկու ժամ անց պետք է լիներ հակառակ բևեռի ընդլայնված հավաք. Վահե Հովհաննիսյան

«Ասել, որ Նիկոլ Փաշինյանը երեկ նոր բան ասաց, չէ, չեմ կարծում, ինքն արդեն որերորդ տարին կրկնում է նույն բանը, այլ հարց է՝ մենք հասկանում ենք ինքն ինչ է ասում, թե ոչ»,- «Սրընթաց զարգացումների շեմին» թեմայով քննարկմանն ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց՝ խորը մտավախություն ունի, որ մեր ժողովուրդը չի հասկանում, թե ինչ են իրեն ասում երկրի ամենակարևոր ամբիոններից։

«Եթե դու չես հասկանում, թե քեզ ինչ են ասում, դու չես պատկերացնում այն ռիսկերը, որոնք կանգնած են քո առաջ։ Ամեն անգամ, ամեն նոր ռազմական գործողություն կամ նոր սպառնալիք, մեզ համար անակնկալ է, բայց իրականում դրանք տրամաբանական փուլեր են։ Քանի չանենք հետևություն, քայլեր, այդ ողբերգական անակնկալները  լինելու են։

Ես թիվ մեկ խնդիրն արձանագրում եմ հետևյալը՝ մեր ժողովուրդը չի հասկանում ինչ է կատարվում։ Ո՞ւմ մեղքն է։ Կարծում եմ՝  այն համակարգի, որը չի բացատրում, թե ինչ է կատարվում»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով, այն ինստիտուտները, որոնք պարտավոր են բացատրել, իրենց առաքելությունը կատարել, չեն անում, իսկ իշանությունը չի անելու, «որովհետև բաց տեքստով խոսում է, ինչքան կհասկանան, կհասկանան, ինքն այլ լծակներ ունի»։

Վահե Հովհաննիսյանի կարծիքով, Փաշինյանի՝ ԱԺ-ում ելույթից հետո, երկու ժամ անց առողջ, առողջին մոտ պետություններում պետք է լիներ հակառակ բևեռի ընդլայնված հավաք։

«Պետք է լիներ հավաք, պատասխան տրվեր ընդդիմության լիդերներով, ընդդիմության առաջնագծով։ Պետք է պատասխան տրվեր նրա մեղադրանքներին, ստերին, կետերով ձևակերպվեր մի փաստաթուղթ, որպեսզի ցույց տրվեր, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան առանցքային հանդիպումներից առաջ Հայաստանում մենակ մի տեսակ չէ։ Այդ ժամանակ այսօր մենք կունենայինք լրիվ այլ վիճակ, կունենայինք մի բան, որ չէինք ասի՝ ժողովուրդը ոչինչ չի հասկանում։ Երեկ ժամը 5-ից հետո ժողովրդին ո՞վ բացատրեց, թե ինչ է ասել, ինչ է կատարվել։ Առանձին անհատներ արել են, բայց պետք է ինստիտուցիոնալ արձագանք, ոչ թե անհատական»,- նշեց նա։

Վահե Հովհաննիսյանը այս վիճակից ելնելու ելք համարում է ինքնակազմակերպվելը։

«Պետական ինստիտուտները գտնվում են կազմաքանդված  վիճակում, որն ինքն է արել միտումնավոր։ Այն ինստիտուտները, որոնք իր ձեռքում չեն, նույնպես  կիսաքանդված են, բայց դրա մեղավորությունն արդեն իրենը չէ»,- ասաց փորձագետը։

Նրա խոսքով, ստեղծվել է մի վիճակ, որ երկրի ճակատագիրը որոշում է մեկ հոգի. «Ես ասում եմ՝ մենք 3 միլիոն գերիներ ենք,  «հավաստի աղբյուների» գերիներն ենք»։

Ըստ նրա, ինքնակազմակերպվածութունն աղետից խուսափելու միակ բանալին է։

«Մենք կարող ենք լինել թույլ, պարտված պետություն, բայց մեր խնդիրն է փոխել պետության կարգավիճակը, ստանալ աշխատող, լուրջ պետություն, որը կենդանության նշաններ է  ցույց տալիս։ Դա չի լինի այնքան ժամանակ, մինչև այս իշխանությանն այլընտրանք համակարգ ձևավորված չէ, որը կխոսի հանրության հետ, պատրաստ կլինի ամեն րոպե վերցնել իշխանությունը»,- ասաց Վ. Հովհաննիսյանը՝ առաջարկելով  միջին սերնդին վերցնել պատասխանատվություն։

«Մենք անընդհատ նայում ենք՝ ինչ կասեն երեք նախագահները, Վեհափառը, Պուտինը։ Ժողովուրդ, սա մեր երկիրն է, որտեղ ապրում են մեր երեխաները։ Այստեղ ռեալ գոյաբանական վտանգ կա։ Հնարավորինս արագ միջին սերնդի ակտիվ մասնակցությամբ պետք է ձևավորել նոր  ընդդիմադիր շարժում։ Հուսանք՝ շատ արագ կդառնա այլընտրանք  այս իշխանությանը,  պատրաստ լինի փոխարինել այս իշխանությանը։ Մենք պետք է անենք այն, ինչ որ մեզանից կախված է, անենք դա՝ մեր դիրքերն ամրացնելու, լուրջ պետություն դառնալու համար, չենք անի՝ կմնանք Ալիևի քմահաճույքին»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։