Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաստաբան. 15 զինծառայողների մահվան գործով տրամադրվում է խեղաթյուրված տեղեկատվություն

«Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած կացարանի հրդեհի գործով հանրությանը տրամադրվել է կամ տրամադրվում է խեղաթյուրված ու փաստորեն իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որը ողջամիտ կասկածանք է առաջացրել ոչ միայն տուժողների, այլև հասարակության մոտ»,-այսօր նման հայտարարություն հնչեցրեց փաստաբան Նորայր Նորիկյանը, որը ստանձնել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների՝ որպս տուժողների լիազոր ներկայացուցչի կարգավիճակը։

Նա հիշեցրեց զինծառայողների դիերի գտնվելու մասին ՓԾ գնդապետ Արսեն Սարոյանի հայտարարությունը, ըստ որի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ։

Նորիկյանն ասաց՝ ինքը եղել է դեպքի վայրում, ուսումնասիրել  է շենքի դիրքը, սենյակների դասավորությունը, պատուհանները, ճաղավանդակները։

«Այս հանգամանքներից ելնելով՝ սույն թվականի փետրվարի 2-ին հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ես կասկածի տակ դրեցի պաշտոնական վարկածը, հռետորական հարցադրում անելով՝ որտե՞ղ է թաքնված շան գլուխը, կասկածի տակ դնելով պաշտոնական վարկածը, ընդգծելով, որ հրդեհից առաջ երեխաները եղել են առնվազն անգիտակից կամ կենդանի չեն եղել, քանի որ եղել են մահճակալներին պառկած, հակառակ դեպքում անհասկանալի է, ինչպե՞ս կարող էին տարածքից դուրս գալու միջոցներ չձեռնարկել, կամ այդ տարածքից դուրս եկած զինվորներն ինչո՞ւ չեն արթանցրել քնած զինվորներին։ Ստացվում է, որ իմ կողմից պաշտոնական վարկածը կասկածի տակ դնելուց երկու օր հետո՝ փետրվարի 5-ին, դեպքից 17 օր անց, ՓԾ գնդապետի հայտարարությունից 16 օր հետո դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության իրականացնող  բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանի կողմից հայտարարվում է,   որ 14 զինծառայողների դիերը հայտնաբերվել են ոչ թե մահճակալների վրա, այլ ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մեկ զինծառայողի դի՝ նախասրահում։ Այսինքն,  դատախազությունը դեպքից 17 օր անց տրամագծորեն տարբերվող  ու հակասող հայտարարություն է դնում շրջանառության մեջ, ինչն էապես մեծացնում է այս գործի քննության նկատմամբ տուժողների թերահավատությունն ու անվստահությունը»,-մանրամասնեց փաստաբանը։

Նա շեշտեց՝ եթե դատախազությունում գիտեին, թե որտեղ են եղել զինծառայողների դիերը, ապա ինչի՞ց ելնելով է ԱԻՆ ՓԾ գնդապետը նման տեղեկությունը հաղորդում, կամ ինչո՞ւ հենց նույն օրը չի հերքվում,  չի շտկվում գնդապետի հայտարարությունը՝ թողնելով, որ այդ վարկածն օրեր շարունակ շրջանառվի։

Փաստաբանի համոզմամբ, նման հակասական տեղեկությունների տարածումը կարող է ունենալ մի քանի նպատակ՝ ստեղծել շիլա-շփոթ, պարտադրել արհեստականորեն ձևավորված ու առաջ քաշված պաշտոնական վարկածը, հանրության մոտ  հերթական անգամ առաջացնել անտարբերության ու հիսաթափության զգացողություն։

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ տուժողները չեն հավատում պաշտոնական վարկածին, չունեն վստահություն, չեն բացառում ցանկացած այլ վարկած, այդ թվում իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկելու վարկածը,  չեն բացառում, որ հրդեհն արվել է ինչ-որ հետքեր թաքցնելու և այդ ողբերգական դեպքի իրական հանգամանքերը պարզելուց,   իրական հանցագործության հետքից հասարակության ուշադրությունը շեղելու»,-ասաց նա։


Նորիկյանի խոսքով, առաջին հերթին պետք է պատասխանատվության կանչվեն այն անձինք, որոնք դրական եզրակացություն են տվել այդ կացարանում զինծառայողների տեղակայմանը։

Նա պատասխան պահանջող հարցեր հնչեցրեց՝ արդյոք որևէ բարձրաստիճան սպա այցելե՞լ է այդ կացարան, եթե այցելել են, ապա բարձրաձայնե՞լ են կացարանի պայմանների մասին, հիմա կա՞ն նման կացարաններ, ի՞նչ է արվում դրանց անվտանգության ապահովման համար, վարույթն իրականացնող մարմինը բացառո՞ւմ է դիվերսիայի տարբերակ, ի՞նչ է նախորդել դեպքին, ինչո՞վ է պայմանավորված պետական մարմինների փնթի ու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքն այս գործով։

Մանրամասները՝ տեսանյութում։