Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաստորեն, հարկատուի հարկային բեռը չի թեթեւանում. եկամտահարկը նվազել է, փոխարենը՝ ավելացել պարտադիր կուտակային ֆոնդերին տրվելիք գումարի չափը. «Հայաստանի Հանրապետություն»

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

2023 թ. եկամտահարկը նվազել է, փոխարենը՝ ավելացել պարտադիր կուտակային ֆոնդերին տրվելիք գումարների չափը։ Փաստորեն, հարկատուի հարկային բեռը չի թեթեւանում։ Խնդրո առարկայի հետ կապված «ՀՀ»-ն մի քանի հարցեր է ուղղել տնտեսագետ Կարեն Սարգսյանին։

-2019 թ. հարկային փոփոխություններ եղան, եւ դրա համաձայն` այս տարի եկամտահարկի դրույքաչափը եւս 1 տոկոսով նվազելով` 20 տոկոս դարձավ։ Ընդհանուր բնութագրումն այն է, որ հարկային բեռի թեթեւացումն է նպատակը, այո՞։

-2020 թվականից անցում է կատարվել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի, ըստ որի՝ 2020 թ. հունվարի 1-ից այն սահմանվել էր 23 տոկոս, իսկ այնուհետեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թ. աստիճանաբար նվազեցվելու էր մինչեւ 20 տոկոս: Հարկային քաղաքականության այս փոփոխության հիմնական  նպատակը, նախեւառաջ, ստվերի կրճատումն էր, այսինքն՝ գործատուների կողմից չգրանցված աշխատողների օրինական ձեւակերպումը, ինչպես նաեւ, այո՛, հարկային բեռի նվազեցումը։ Եկամտային հարկի գծով հարկային բեռը շարունակում է բարձր մնալ, ինչը բացասաբար է ազդում տնտեսության մրցունակության վրա: Խնդիրն այստեղ այն է, որ եկամտային հարկի գծով հարկային բեռի ծանրությունը, ըստ էության, իր վրա է վերցնում գործատուն՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողը, քանի որ վարձու աշխատողներին հետաքրքրում է իրենց տնօրինվող եկամտի մեծությունը, եւ գործնականում աշխատանքային հարաբերությունների համար հիմնականում կարեւորվում է հատկապես տնօրինվող աշխատավարձի իրական չափը, այլ ոչ վերջինիս հաշվարկային մեծությունը: Ավելին` եկամտային հարկի բարձր դրույքաչափերը բարձրացնում են ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքը, հետեւաբար նաեւ՝ գները, ինչը, իր հերթին, հանգեցնում է պահանջարկի կրճատման ու խոչընդոտում է տնտեսական զարգացմանը: Այս առումով, ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը (հիշեցնեմ, որ միաժամանակ նվազեցվել էր նաեւ շահութահարկի դրույքաչափը) նպատակ էր հետապնդում նպաստել արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, միջազգային շուկաներում տեղական ապրանքների մրցունակության բարձրացմանը: Միեւնույն ժամանակ ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը կնպաստի ազգային տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանը:

-Եկամտահարկը նվազել է, բայց նաեւ միաժամանակ ավելացվել է պարտադիր կուտակային ֆոնդերին տրվելիք գումարների չափը, այլ կերպ՝ սոցվճարը։ Մի տեղից պակասեցնելու եւ մյուս տեղում ավելացնելու իմաստը ո՞րն է, եթե իրապես հարկային բեռի թեթեւացում է ուզում անել պետությունը։

-Իմաստը եկամտային հարկի դրույքաչափերի եւ ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով պետական բյուջեի եւ քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը վերականգնելն է՝ քաղաքացիների մասնակցությունը հասցնելով 5 տոկոսի։ Այլ կերպ ասած` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի տրամաբանությամբ աշխատողի աշխատավարձի 10 տոկոսի չափով պետք է կուտակվի որպես ապագայի կենսաթոշակ։ Այդ 10 տոկոսի մի մասն աշխատողն է վճարում, մյուս մասը՝ պետությունը։ Հարկային ձեւակերպմամբ՝ այդ գումարը կոչվում է սոցիալական վճար։ Ներկայումս պետության մասնակցությունն ավելի մեծ է։ Փաստացի, հարկային փոփոխությունները մշակվել են այնպես, որ 2023-ից նշված 10 տոկոսում պետության եւ աշխատողների մասնակցությունը հավասար լինի՝ 5-ական տոկոս։ Սա միանգամայն տրամաբանական է, քանի որ պետությունը ավելի մեծ մասնաբաժին էր ստանձնել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման սկզբնական շրջանում, եւ դա, հիրավի, նպաստել էր այդ համակարգի կայացմանը։ Հետագայում, բնականաբար, պետք է աստիճանաբար նվազեցվեր այդ մասնակցության չափը, ինչը եւ տեղի ունեցավ։ Բացի այդ, պետք է փաստել, որ փաստացի եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումը զգալիորեն կրճատում է պետության եկամուտները, եւ նման պարագայում վերջինս չի կարող հավելյալ պարտավորություններ ստանձնել, հատկապես այն պարագայում, երբ խոսքը մի այնպիսի համակարգի մասին է, որը ենթադրում է քաղաքացու կուտակային վճարների միջոցով ապագա կենսաթոշակների ձեւավորումը։