Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաստորեն սա է կառավարության վերաբերմունքն ասորական համայնքի նկատմամբ. Միրզոևա

Դեռևս 2022 թվականաին պետական  բյուջեի քննարկման շրջանակներում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան ներկայացրել է առաջարկ Արարատի մարզի  ասորաբնակ Վերին Դվինի միջնակարգ դպրոցի  նոր մասնաշենքի կառուցման, ինչպես նաև  գործող մասնաշենքի վերանորոգման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ։ Այդ առաջարկը նա արել է նաև այս տարի։  ԱԺ ամբիոնից այսօր նա հայտարարեց, որ Վերին Դվին  համայնքի միջնակարգ դպրոցը վերջին անգամ հիմնանորոգվել է  խորհրդային շրջանում, իսկ դպրոցը մեծ  դեր ու նշանակություն ունի ասորական համայնքի համար։

«Սակայն այդ փաստն էլ հաշվի չի առնվել  առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելիս։ Առաջարկը մերժվել է և  նշվել, որ այն կքննարկվի 2023- 2025 թվականին, իսկ ԱԺ ամբիոնից ֆինանսների նախարարի բանավոր պատասխանը չէր բացառում այդ  դպրոցի վերանորոգումը 2022 թվականին։

Իհարկե, այդ խոստումը չի կատավել, նույնիսկ  աշխատանքներ չեն կատարվել այդ ուղղությամբ։

Այս տարի ևս ներկայացրել եմ նույն առաջարկը, և ստացել եմ  ավելի անորոշ և խուսափողական պատասխան, ըստ որի այն մերժվել է՝  հղում անելով քարտեզագրման  աշխատանքների կատարման անհրաժեշտությանը»,- ասաց Միրզոևան։

Նա նշեց, որ երկու տարվա ընթացքում բյուջեի վերաբերյալ ընդամենը մեկ առաջարկ է  ներկայացրել և, փաստորեն, դա էլ չի ընդունվում։

«Փաստորեն, սա է կառավարության վերաբերմունքն ասորական համայնքի նկատմամբ»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, որ շարունակելու է պայքարել, որպեսզի այդ դպրոցը վերանորոգվի։