Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փետրվարի 25-ից պետք է նախ մեքենաների գազաբալոնային համակարգը ստուգված լինի, ապա նոր տեխզննում անցնեն. Սանոսյան

«Գազաբալոնների վկայագրման գործընթացը շարունակվում է և պետք է ասել, որ ցուցանիշներն այդքան գոհացնող չեն»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ ՀՀ-ում այս պահին 166 հազար մեքենա է գործընթացով անցել, մոտ 60-62 հազար հերթագրման  պրոցեսի մեջ է։

Սանոսյանը հայտնեց, որ Հայաստանի տարածքում արդեն կա  82 կայան։

«Այս տարվա փետրվարի 25-ից ուժի մեջ կմտնի փոփոխություն, ըստ որի տեխզննում չեն կարող անցնել այն մեքենաները, որոնց վրա գազաբալոնային համակարգ է տեղադրված։

Պետք է այդ մեքենաները նախ իրենց գազաբալոնային  համակարգը ստուգեն, որից հետո միայն կարող են  տեխզննման կայանում  համապատասխան մյուս ստուգումներն անցնել։ Նպատակ ենք հետապնդում, որ ստուգումների շարքը հերթականությամբ լինի»,- ասաց Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ  166 հազար մեքենայի ստուգման արդյունքում մոտ 4800 բալոն է խոտանվել, որոնցից մոտ 4400-ը ժամկետանց է եղել, 300-ից ավելի բալոններ հենց ստուգման ժամանակ պայթել են կամ վնասվել, ինչը ենթադրում է, որ դրանք մի օր կամ լիցքավորման կամ այլ վայրում կպայթեին իրենց ցավալի հետևանքով։