Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փլատակներից հանված 16 դիերից նույնականացված է 15 անձի ինքնությունը. ԱԻ նախարար

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո փրկարար ծառայության աշխատակիցների կողմից փլատակներից հանվել է 26 քաղաքացի, որից 16-ը՝ զոհված: Այս մասին կառավարության նիստում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

Նրա խոսքով՝ 10 փրկվածները տարհանվել են հրդեհի բռնկումից հետո 2 ժամվա ընթացքում:
ԱԻ նախարարը նշեց, որ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է եղել 935 փրկարար, որից 350-ը՝ հենց օգոստոսի 16-ին։ Բացի այդ, ըստ նրա, կիրառվել է 60 տեխնիկա, որից 32 ավտոբաք, 6 սանդուղք, 9 փրկարարական և 13 օժանդակ մեքենաներ, ինչպես նաև 2 ԱԹՍ:

«Ներկա պահին նույնականացված է 15 զոհվածի ինքնությունը, մեկը դեռ համարվում է չնույնականացված, ուստի հայտարարում ենք՝ ունենք 2 անհետ կորած, բայց ենթադրում ենք, որ  մեկ չճանաչված դին այդ անհետ կորածներից մեկն է։ Այժմ տարվում են աշխատանքներ հայտնաբերելու  մյուս անհետ կորածին»,- ընդգծեց Արմեն Փամբուխչյանը՝ հավելելով, որ գիտեն թե որ հատվածում նրան փնտրեն։

Նախարարը նաև նշեց, որ ներկա պահին մաքրել են տարածքի 90-ից ավելի տոկոսը, արդեն մոտեցել են բուն ենթադրվող էպիկենտրոնային գոտուն և այնտեղ իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։

Պայթունի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։