Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Փորձում են ընտրված ռեկտորի պաշտոնն ընդունելու գործընթացը տապալել»․ Կարինե Հարությունյանի շահերի ներկայացուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հաստատել Կարինե Հարությունյանի` Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի` 2022 թ. դեկտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները։

Դեկտեմբերի 9-ին կայացել էր ռեկտորի ընտրությունը։ Առաջադրված էին երկու թեկնածուներ՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Վերջինս չէր ընտրվել ռեկտորի պաշտոնում։ Այս ընտրություններից երեք օր անց պաշտոններից ազատվեցին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, որը Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Մեդիա կենտրոնում» կայացած «Բրյուսովը՝ առանց ռեկտորի․ ինչո՞ւ չեն հաստատվում Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները» թեմայով ասուլիսի ժամանակ Կարինե Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Արսեն Սարդարյանը նշեց, որ իրենց գնահատմամբ ստեղծվել է մի անթույլատրելի իրավիճակ, երբ պետական որոշ պաշտոնյաներ, գիտակցելով հանդերձ, որ ընտրություններն օրինական են, ջանք եւ եռանդ չեն խնայում ու ոչ ողջամիտ հնարքներով փորձում են ընտրված ռեկտորի պաշտոնը ընդունելու գործընթացը ձգձգել կամ տապալել։

«Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ հանրությունն իմանա, թե ինչ պատրվակ է ստեղծվել, որպեսզի տիկին Հարությունյանի պաշտոնը չհաստատվի։ Ընտրություններին, որ կայացել են դեկտեմբերի 9-ին, հոգաբարձուների խորհրդի 12 անդամներն էլ մասնակցել են, եւ նրանցից 12-ը իրենց ձայնը տվել են դրական։

Դրան նախորդած ժամանակահատվածում՝ դեռեւս հոկտեմբերի 11-ին կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստ, որը տեխնիկական նշանակություն ունի դեկտեմբերի 9-ի նիստի համար։ Այդ նիստի ժամանակ ռեկտորի բաց մրցույթ հայտարարելու որոշում է կայացվել․․․եւ այս մրցույթի հայտարարությունը հրապարակելու։ Այս նիստի հետ կապված են փորձում ինչ-որ խախտման մասին խոսել։ Այսինքն, մի նիստի, որը չի կարող նշանակություն ունենալ նույն հոգաբարձուների կողմից հավաքվելու եւ իրենց ընտրության որոշումը կայացնելու առումով»,-ընդգծեց Կարինե Հարությունյանի շահերի ներկայացուցիչը։

Արսեն Սարդարյանի խոսքով․ «Այստեղ միակ բանը, որ կարող էր ողջամտորեն բարձրաձայնվել, հետեւյալն է․ կարող էր ասվել՝ գիտեք ինչ, հոկտեմբերի 11-ի նիստից հետո, օրինակ, հայտարարությունը չի դրվել համացանցում, կամ հայտարարությունը բավարար չափով պարզ չի եղել եւ որոշ անձինք զրկվել են ընտրությանը մասնակցելու հնարավորությունից։ Եթե նման փաստարկ լիներ, կարող է ասեինք՝ ողջամտության հատիկ կա»։

Վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանը նշեց, որ կարող է միայն ենթադրություններ անել, թե ինչու այս գործընթացները սկսվեցին եւ արդյոք դրանք կապ ունեն բուհերի միավորմանն իր՝ ընդդիմանալու հետ։ «Թվում էր, թե չպետք է մի գործընթացը մյուսի հետ կապվածություն ունենար»,-ասաց նա ու հիշեց, որ մինչ այդ որեւէ արտառոց բան չի եղել։ Սակայն, ռեկտորի խոսքով, հոկտեմբերի 11-ի նիստից րոպեներ առաջ Համբարձում Մաթեւոսյանի օգնականն ու ԿԳՄՍ նախարարը եկել են իր մոտ ու ասել, որ պատեհ չէ մրցույթ հայտարարելը։

«Դա շատ մեծ անակնկալ էր, այնուամենայնիվ, երբ իջանք դահլիճ, որտեղ տեղի էր ունենում նիստը, այդ հարցը բարձրացվեց հենց հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից, որ ցանկալի է օրակարգից ընտրությունների հարցը հանել։ Սկսվեց քննարկում, թե ինչու, եւ հոգաբարձուների խորհրդի նախագահն ասաց, որ բուհերի միավորման գործընթաց է զուգահեռ գնում։

Քանի որ հոգաբարձուների խորհրդին մասնակցում են եւ ուսանողներ, եւ դասախոսներ, այդ լուրը շատ արագ տարածվեց համալարանում, հետագա ընթացքի մասին արդեն տեղյակ եք, թե ուսանողներն ինչ մեծ դժգոհություն արտահայտեցին, բողոքի ցույցեր ու երթեր եղան։ Եվ ես, բնականաբար, պետք է կանգնեի համալսարանի դասախոսների եւ ուսանողների կողքին։ Ի վերջո, նշանակված եմ նրա համար, որ պաշտպանեմ համալսարանի շահերը։ Այն փաստը, որ ես կանգնեցի համալսարանի կողքին, շատ վատ դիտվեց․․․»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

 Տեսանյութն՝ ավելի ուշ։