Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պարեկների ծեծի հետևանքով տուժած քաղաքացին շարունակում է մնալ հիվանդանոցում

Վանաձորում պարեկների ծեծի հետևանքով տուժածներից Ռադիկ Ավետիսյանը շարունակում է մնալ հիվանդանոցում։ Քայլել դժվարանում է, կողային 6-11 մատների կոտրվածք ունի, թոքերում հեղուկ է հավաքված։

«Դեռ հիվանդանոցում եմ։ Վիճակս այնքան լավ չէ, բայց շնչում ենք։ Քայլում եմ միայն պետքարան գնալուց մեծ դժվարությամբ։ Թոքերումս արյուն կա, հեղուկ կա, հնարավոր է ծակեն, հանեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց տղամարդը։

Նրա խոսքով, այս ընթացքում ոչ ոստիկանությունից, ոչ ՄԻՊ գրասենյակից, ոչ էլ այլ մարմիններից իրեն չեն այցելել։

Հարցրեցինք՝ որևէ կերպ իրենց հետ հաշտվելու շուրջ պայմանավորվելու, ճնշման փորձ եղե՞լ է։

«Ո՞ւմ ճնշեն, ո՞նց կարող են ճնշել։ Մենակ կարան գազ փչե՞ն, ճնշե՞ն։ Գնալու եմ մինչև վերջ, գնալու ենք դախազ, օրենքով պատժվելու են այն մարդիկ, որոնք մեղավոր են»,-ասաց Ավետիսյանը։

Նա այլ հարցերի չպատասխանեց՝ ասելով, որ ի վիճակի չէ երկար խոսել, շոինչը կտրվում է։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց՝ Վանաձորում ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթներով այս պահի դրությամբ  որևէ մեղադրյալ ներգրավված չէ։

«Անհրաժեշտ բոլոր քննչական վարույթային գործողությունները նախաձեռնված են և իրականացվում են՝ ըստ քննչական պլանի։ Մնացած դետալաները հրապարակման ենթակա չեն»,-ասաց նա։

Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 13.45-ին, Վանաձոր քաղաքի Բաղրամյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ոստիկանության աշխատակցի հրահանգներին, ստեղծել է վթարային իրավիճակ ու կայանել մոտակա բենզալցակայանում:

«Այնուհետև ոստիկանության աշխատակիցներից մեկը վարչական իրավախախտումն արձանագրելու համար մոտեցել է հիշյալ ավտոմեքենայի վարորդին, սակայն բենզալցակայանի տարածքում գտնվող քաղաքացին  մոտեցել  և խոչընդոտել է ոստիկանության աշխատակցի օրինական գործողություններին:
Այդ ընթացքում մոտեցել են նաև այլ քաղաքացիներ, որոնցից մեկը ձեռքով հարվածել և հայհոյել է դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակցներից մեկին:

Նույն օրը՝ ժամը 15.20-ի սահմաններում, դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ ևս, որից հետո մի շարք քաղաքացիներ կրկին դուրս են եկել և վիճաբանել վերջիններիս հետ, իսկ նրանցից մեկը մետաղյա ձողով հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա, որը կանխվել է այլ քաղաքացիների կողմից, իսկ քաղաքացիներից մեկը  հեղուկ է ցողել ոստիկանների ուղղությամբ:

Միջադեպի մասնակից 2 քաղաքացի տարբեր ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նկատի ունենալով, որ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիների կողմից ներկայացվել է հաղորդում իրենց ծեծի ենթարկելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով նախաձեռնվել  է ևս մեկ քրեական վարույթը»,-մասնավորապես հայտնել էին ՔԿ-ից։