Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պարտադիր է Քրեական օրենսգրքում այդ փոփոխությունն անպայման մտցնել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեր կյանքում հաճախ ենք ականատես եղել բազմաթիվ ու բազմապիսի՝ այդ թվում երեխաների սպանության շատ ու շատ դեպքերի: Եվ վերջերս Պեմզաշենում տեղի ունեցած մոր ու երկու երեխաների դաժան սպանությունը հերթական անգամ խոցեց Հայաստանի ողջ բնակչության սրտերը եւ նրանցից շատերի հարազատները վերապրեցին նաեւ նախկինում կատարված՝ իրենց բարեկամ ու հարազատ երեխաների սպանությունները: Իմ գիտակցական կյանքում ինչ ականատես եմ եղել նման դեպքերի, միշտ ցանկացել եմ, որպեսզի նմանատիպ արարքների համար սահմանվի առավելագույն եւ անչափ դաժան պատիժ, քանզի երեխաները լիարժեք անմեղ են ու ինչի պետք է առանց պատճառի՝ այն էլ չափազանց վաղաժամ, առանց որեւէ մեղք գործելու զրկվեն կյանքից, երբ Տերը նրանց համար կյանքի այլ ժամկետ էր հաստատել: Վատ է, սակայն իրողություն է, որ բոլոր մարդիկ էլ մեղքեր են գործում՝ մեղքերի մեջ են, սակայն երեխա սպանելը շատ ավելին է, քան մեղք գործելը եւ նրանց նկատմամբ կիրառել նույն Քրեական օրենսգիրքը, ինչը կիրառվում է բոլոր քրեական հանցագործների նկատմամբ: Չափազանց անթույլատրելի է, քանզի այդ հանցագործների արարքները անհամեմատելի են, իսկ այդպես առաջնորդվելով, կարծես դրանք դարձնում ենք համեմատելի:

Ճիշտ է, ժողովուրդը հասկանում է այդ մեղքերի՝ սպանությունների դաժանության տարբերությունը, սակայն ի՞նչ է արվում նմանատիպ դեպքերի կրկնությունները կանխարգելելու համար, որն ամենակարեւոր խնդիրն է: Ելնելով հենց այս նպատակից, ուզում եմ անել մի առաջարկություն, գրեթե համոզված լինելով, որ մի շարք պատճառաբանություններով այդ առաջարկությունն իշխանությունների կողմից չի ընդունվելու:

Չեմ ուզում բացատրություններ տալ նմանատիպ սպանությունների դաժանության եւ մարդկանց մեջ դրանց առաջացրած աներեւակայելի ծանր ապրումների մասին, քանզի ամեն մարդ յուրովի դաժանությամբ է դրանք ընկալում ու դժվարությամբ տանում, միեւնույն է՝ անպայման կանեմ իմ առաջարկությունը, որը հետեւյալն է. երեխաների կանխամտածված սպանությունների պարագայում, եթե դրանց հեղինակները հոգեկան հիվանդներ չեն, ապա պետք է Քրեական օրենսգրքում մտցնել հետեւյալ փոփոխությունը. «Երեխայի սպանության դեպքում, եթե դրա հեղինակը չի տառապում հոգեկան հիվանդությամբ, պետք է սահմանել հետեւյալ պատիժը. հանրապետության հրապարակում սուր կտրող գործիքով հանցագործին մահապատժի ենթարկել, որին ներկա լինի Հայաստանում բնակվող եւ այլ վայրերից ժամանած ցանկացած ոք»:

Կարծում եմ, որ սրան ականատես ցանկացած ոք կտեսնի եւ պարզորոշ կհասկանա, իր միջով կանցկացնի այս դաժան գործողությունը, աներեւակայելիորեն կզգոնանա ու հետագայում՝ իր ապրելիք կյանքի ընթացքում շատ զգոն կլինի եւ զերծ կմնա նման քայլերից: Իսկ ուրիշ ինչ կարելի է առաջարկել, եթե մինչ այժմ օրենքի սահմանած պատիժներն արդյունք չեն տալիս եւ էական ազդեցություն չի թողնում նմանատիպ սպանությունների քանակների նվազեցման վրա, ավելին՝ դրանց դեմը ոչ մի կերպ առնել չի լինում:

Փաստացի կյանքը ցույց է տալիս, որ եղած պատիժները լիարժեք չեն զսպում եւ նման քայլի գնացողներին, եւ նմանատիպ արարքների հակված պոտենցիալ հանցագործներին: Այս երեւույթի մասին ես շատ երկար եմ մտածել, այլ լուծման չեմ հանգել ու սա երկար վերլուծության արդյունքում արվելիք իմ առաջարկությունն է, քանզի կրկնում եմ, ամեն ինչ պետք է անել սրա դեմն առնելու համար:

Իհարկե, նման պատիժը շատ դաժան է, սակայն բավարար չափով արդարացված …
Ուղղակի, մինչ այժմ սահմանված բոլոր պատժամիջոցներն այդ խնդիրը չեն լուծել, ուստի հույս պահենք, որ գուցե եւ նման անմարդկային պատիժը գոնե որոշակիորեն կաշխատի …
Աղոթենք նման կերպ սպանված բոլոր երեխաների հոգիների համար …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ