Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պարտավոր չենք հաշվետվու լինել որևէ մեկին. Էրդողանը՝ Սիրիայում ռազմագործողությունների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում չպետք է անհանգստացնեն որևէ մեկին, և Անկարան որևէ մեկին չպիտի հաշվետվություն տա։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան դեռ մտադիր է 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծել իր հարավային սահմանների մոտ։

«Մենք պարտավոր չենք թույլտվություն ստանալու հայրենիքի ու մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, մենք հաշվետվություն չենք տալու դրա համար»,-ասել է Էրդողանը:

Նա նաև նշել է, որ ոչ ոք չի կարող ստիպել Թուրքիային քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական ոլորտներում իր շահերին հակասող քայլեր իրականացնել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն։

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը:

Դրանից հետո Թուրքիան որոշեց «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություն սկսել Հյուսիսային Իրաքի ու Սիրիայի քուրդ զինյալների դեմ:

Ավելի ուշ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի ռազմական գործողությունները չեն սահմանափակվելու միայն օդային հարվածներով: