Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պաշտոնական Բաքուն պատասխանել է Միրզոյանի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկի մասին հայտարարությանը

Առաջարկությունները, որոնց մասին նախօրեին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե «օրերս», այլ 15 օր առաջ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով փետրվարի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները և մեղադրանքներ հնչեցրել հայկական կողմի հասցեին առ այն, թե «Հայաստանը դիմում է մանիպուլյացիաների»:

«Հայկական կողմը կրկին թույլ է տալիս մանիպուլյացիաներ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հետ կապված և ներկայանալով որպես կառուցողական կողմ՝ փորձում մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»,- ասել է Հաջիզադեն:

Նա նաև նշել է. «Ինչպես գիտեք, հայկական կողմն էր, որ, խախտելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը, անցյալ տարվա դեկտեմբերին հրաժարվեց բանակցել։ Սակայն այժմ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադառնալու փոխարեն նա արհեստական խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հանդես է գալիս խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ կարճ ժամանակում բանակցություններ վարելու օգտին և միշտ պատրաստ է դրան»:

Հիշեցնենք, սակայն, որ անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանը հրաժարվել էր բանակցությունների հերթական փուլին մասնակցել, քանի որ տեղի էին ունենում Լաչինի միջանցքի հայտնի իրադարձությունները: Այդ մասին Միրզոյանը հիշեցրել էր նաև երեկ:

Հիշեցնենք՝ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները։

«Դեկտեմբերին նախատեսվում էր իմ և նախարար Բայրամովի, ինչպես նաև նախարար Լավրովի հերթական հանդիպումը, այն պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց մասնակցությունը։ Չնայած այս հանգամանքին՝ մենք ադրբեջանական կողմին փոխանցեցինք մեր նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։

Պետք է տեղեկացնեմ, որ մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական հերթական արձագանքը և առաջարկները։ Սա շարունակական գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա՝ մի քանի փուլերով փոխանակելով առաջարկները և շարունակելով քննարկումը»,- մանրամասնել էր ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը: