Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պատանդի կարգավիճակում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ի՞նչ է դիտարկելու ՀԱՊԿ առաքելությունը, կամ ինչպե՞ս է մոնիտորինգ իրականացնելու ՀՀ տարածքում, եթե ՀԱՊԿ-ականները «չգիտեն», թե ՀՀ ինքնիշխան երկրի սահմանները որտեղից են սկսվում, որտեղ` ավարտվում:

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, Արցախը` շրջափակված: Մոսկվան շտապում է Հայաստան-Ադրբեջան հաջորդ հնարավոր բանակցություններն անցկացնել Մոսկվայի հովանու ներքո:

Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի հարցով Ռուսաստանի դիվանագիտական եւ պաշտպանական գերատեսչությունները, ռուսական խաղաղապահ զորախումբը մշտական կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ, անցյալ շաբաթ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Շարունակվում են եռանդուն ջանքերը իրավիճակը կարգավորելու համար։ Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծամասնության, որոնք սահմանափակվում են դեէսկալացիայի կոչերով, ռուսական կողմն իրականում գետնի վրա միջոցներ է փնտրում հանգուցալուծման համար, տրամադրելով մարդասիրական օգնություն»,- հավելեց նա՝ կոչ անելով Բաքվին եւ Երեւանին քաղաքական կամք դրսեւորել առկա տարաձայնությունները հաղթահարելու համար:

Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ, նշեց Մարիա Զախարովան` տեղեկացնելով. «Այդ մասին մենք տեղեկացրել ենք թե՛ Երեւանին, թե՛ Բաքվին, հրապարակայնորեն խոսել ենք այդ մասին: Մենք համարում ենք, որ տեղում պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է դառնան խոչընդոտ, պատրվակ՝ սառեցնելու բանակցային գործընթացը, եւ անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերսկսել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքումը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության միջեւ շփումները»։

Փաստացի, Մոսկվան Արցախի շրջափակումը համարում է «բարդ» խնդիր, ըստ ամենայնի այն աստիճան բարդ, որ մեկ ամսից ավելի է, ինչ ռուսական կողմի շարունակական բանակցությունները կողմերի հետ արդյունք չեն տալիս: Ու այս պայմաններում, փաստորեն, Մոսկվան, այս «բարդ» հարցը խոչընդոտ չի համարում` «հնարավորինս շուտ» բանակցությունները վերականգնելու ուղղությամբ, ավելին` նույնիսկ համարում են, որ խաղաղության պայմանագիր էլ կարող է կնքվել` այս վիճակում:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակին, նկատել է. «Ի տարբերություն արտաքին խաղացողների մեծամասնության, ովքեր սահմանափակվում են հայտարարություններով եւ ապաէսկալացիայի կոչերով, ռուսական կողմը տեղում իրական լուծումներ է փնտրում եւ մարդասիրական օգնություն է ցուցաբերում։ Ուստի մենք կոչ ենք անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության, եւ կոչ ենք անում Բաքվին եւ Երեւանին քաղաքական կամք դրսեւորել առկա տարաձայնությունները շուտափույթ կերպով լուծելու համար»:

Որքան հաճախ է պաշտոնական Երեւանը կրկնում, որ Ռուսաստանի իրավասության ներքո է գտնվում հարցը, Մոսկվան, նույն հետեւողականությամբ, կարծես չլսելու է տալիս ՀՀ իշխանությունների գնահատականը: Իսկ պաշտոնական Երեւանը, արձանագրենք, որ հստակ է ձեւակերպել ասելիքը. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը, եւ դա հստակ ձեւակերպված է եռակողմ հայտարարության մեջ։ Բացի այդ, Փաշինյանը վերջին մամլո ասուլիսում նաեւ ընդգծեց, որ` Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո, եւ որեւէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա։

Հետեւաբար, ո՞րն է Մոսկվայի նպատակը… Ստեղծվել է անհեթեթ իրավիճակ. Երեւանն ասում է` նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կետով ՌԴ-ն պարտավոր է ապահովելու Լաչինի անխափան գործունեությունը, Մոսկվան կոչ է անում Երեւանին ու Բաքվին` «քաղաքական կամք դրսեւորել առկա տարաձայնությունները շուտափույթ կերպով լուծել»:

Ու գումարած այս ամենին, Մոսկվան բացահայտ դժգոհություն է հայտնում ԵՄ-ի կայացրած որոշմանը` Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծելու վերաբերյալ, որի նպատակն է` «նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում վստահության ամրապնդմանն ու այնպիսի մթնոլորտի ձեւավորմանը, որով կաջակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից գործադրվող ջանքերին՝ վերջնական նպատակ ունենալով տարածաշրջանում հարատեւ խաղաղություն հաստատել»։

Զախարովան անդրադարձավ վերոնշյալ թեմային, նշելով, թե` ՌԴ սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Անդրկովկասում որեւէ ոչ ռեգիոնալ «գործոն» չպետք է ամրապնդվի, եւ այդ մոտեցումն անփոփոխ է. «Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կցորդ ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցություն են բերելու եւ սրելու են եղած իրավիճակը։ ԵՄ անվանումը թաքցնում է ՆԱՏՕ-ի դերակատարությունը տարածաշրջանում՝ դրանից բխող բոլոր խնդիրներով։ Մենք համոզված ենք՝ տարածաշրջանում խաղաղության երաշխավորը ՌԴ խաղաղապահներն են, իսկ Հայաստանում՝ ՌԴ սահմանապահները»։

Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում այն փաստին, որ այս օրերին Կարսում ընթացող «Ձմեռ-2023» զորավարժությունների մասնակիցների թվում են նաեւ Ռուսաստանի ՀԱՊԿ-ական դաշնակիցներ Ղազախստանն ու Ղրղըզստանը։ 1758 հոգանոց անձնակազմի մասնակցությամբ իրականացվող զորավարժության ընթացքում օգտագործվում է 43 տեսակի 651 զրահամեքենա, 23 տարբեր տեսակի եւ տրամաչափի 865 միավոր զենք։

Ամեն գնով Հայաստանում ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը սահմանափակելու Եվրամիության փորձերը կարող են վնասել հայերի եւ ադրբեջանցիների հիմնարար շահերը եւ նրանց ձգտումներին՝ վերադառնալ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` համոզմունք հայտնելով, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության եւ անվտանգության առանցքային գործոնը մնում են ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաեւ Հայաստանի սահմաններին ծառայող ռուս սահմանապահները։ Այնուհետեւ Զախարովան հավելեց, որ եթե հայ դաշնակիցները շահագրգռված լինեն օգտագործելու ՀԱՊԿ ներուժը, ապա այն իր առաքելությունը «կարող է արագ տեղակայել Հայաստանում»։ Ու այս համատեքստում, պարզվում է, Երեւանը դեռ պետք է Բաքվի տեսակետն էլ ճշտեր… Մոսկվան պնդեց, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը պետք է համաձայնեցվեր ադրբեջանական կողմի հետ:

Այստեղ արդեն մի շարք հստակեցումներ են անհրաժեշտ: ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի կողմից մինչ օրս չի հնչել մեկ նախադասություն այն մասին, որ ՀԱՊԿ անդամ այս կամ այն երկիրը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Էլ չենք խոսում Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ դրսեւորած ագրեսիային համարժեք գնահատականներ հնչեցնելուց խուսափելու մասին:

Հետաքրքիր է, եթե ՀԱՊԿ անդամ պետությունները չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ որոշ պաշտոնական հայտարարություններից էլ կարելի է ենթադրել, որ ՀԱՊԿ-ում «չգիտեն» Հայաստանի սահմանները` ՀԱՊԿ առաքելություն Հայաստանում ի՞նչ նպատակով կարող է տեղակայվել: Ի՞նչ կարող է դիտարկել ՀԱՊԿ առաքելությունը, կամ ինչպե՞ս է մոնիտորինգ իրականացնելու, եթե «չգիտեն», թե ՀՀ սահմանները որտեղից են սկսվում, որտեղ են ավարտվում:

Այսինքն, ՀԱՊԿ-ականները չեն ընդունում, որ ադրբեջանական ստորաբաժանումները ՀՀ տարածք են ներխուժել, ավելին` Ղազախստանն ու Ղրղըզստանը նաեւ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամներ հանդիսանալով` աջակցեցին Ադրբեջանին սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ գործած ագրեսիայի ժամանակ:

Այս թեմաներին պաշտոնական Մոսկվան չի անդրադառնում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ական Թուրքիայի եւ «եղբայրական Ադրբեջանի» բանակների միավորման փաստին, միասնական զորավարժություններին մասնակցությանը, որոնցից վերջին էլ նաեւ ՀԱՊԿ-ական այլ երկրներ են մասնակցում: Իսկ ահա Հայաստանում Ռուսաստանի վերաբերյալ որեւէ փորձագետի վերլուծություն, լրագրողի հարց ու մեկնաբանություն ՌԴ ԱԳՆ-ի ուշադրությունից չի վրիպում, ցանկացած հարմար առիթ, մասնավորապես` Զախարովան օգտագործում է հրապարակավ խայթելու, կամ հեգնելու համար:

Օրինակ, նույն ճեպազրույցում Զախարովան` ի պատասխան նկատառմանը, որ Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին աշխատել է Հայաստանում եւ հետխորհրդային տարածքում, հարկ էր համարել նշել. «Ես գիտեմ, որ Մոսկվայում հրաշալի, համեղ հայկական ռեստորաններ շատ կան, եթե նա կարոտում է, կարող է իր հիշողություններն այնտեղ թարմացնել»: Կամ՝ նրա մեկ այլ գնահատականը` «եթե ԵՄ դիտորդները զբաղվելու են այլմոլորակայիններով, ապա Ադրբեջանի կարծիքը հարկավոր չէ»:

Նկատենք, որ ԵՄ-ից արձագանքեցին ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարություններին: Ռուսաստանում սխալ են հասկացել Եվրամիության դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում եւ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության ծավալման նպատակը, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: «Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այդ առաքելության նպատակը եւ շարունակում է սխալմամբ այն գնահատել որպես Ռուսաստանի դեմ ուղղված, ԵՄ ներգրավվածություն մեր հարեւան տարածաշրջանում: ԵՄ առաքելությունը գործարկվել է Հայաստանի իշխանությունների խնդրանքի եւ ազատ որոշման հիման վրա: ԵՄ-ը, բնականաբար, այդ հարցով կապի մեջ է եղել նաեւ Ադրբեջանի հետ»,- ասել է Ստանոն:

Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ում հասկանում են այն դերը, որ խաղացել է Ռուսաստանը 2020թ. նոյեմբերին արյունահեղությունը կանգնեցնելու գործում: «Սա քաղաքացիական առաքելություն է, որը կծառայի որպես առանցքային տարր ԵՄ-ի կողմից հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերում: ԵՄ-ը այդ դերը ստանձնել է երկու կողմերի համապատասխան խնդրանքի հիման վրա»,- ասել է նա: Մասնավորապես, ըստ Ստանոյի, առաքելության նպատակն է տեղում ապահովել բնակչության անվտանգությունը եւ նպաստել վստահության ամրապնդմանը: «Մնացած բոլոր խոսակցություններն ու ենթադրությունները, որոնք այս օրերին տարածվում են սոցցանցերում, միանգամայն անհիմն են»,- ասել է Ստանոն` հավելելով, որ հայ-ադրբեջանական կարգավորումը չպետք է դառնա ԵՄ-Ռուսաստան մրցակցության պատանդը. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորումը չպետք է դառնա տարբեր դերակատարների միջեւ մրցակցության պատանդը»:

Ոչ միայն Արցախը, այլեւ կարծես արդեն Հայաստանն` իր խնդիրներով, պատանդ են մնացել աշխարհաքաղաքական բարդ հակասություններում:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ