Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պատասխանատվության շղթան պետք է հասնի մինչև պաշտպանության նախարար». Նորայր Նորիկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Կառավարության նիստի ժամանակ միանգամից առաջ քաշվեց հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցած հրդեհի վարկածը, որի արդյունքում երեխաները մահացել են։ Դեպքից մեկ օր անց արտակարգ իրավիճակների նախարարության գնդապետ Արսեն Սարոյանը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց, որ զոհվածներից 14-ը ծխահարվել են, ներսում եղել են 21 հոգի, որոնցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած, մինչև փրկարարների հասնելը 6 հոգի դուրս է եկել այրվող շինությունից, նրանցից 3-ը հասցվել են հիվանդանոց։ Նույն գնդապետը նշել է, որ զինծառայողներից 16-ը ծխահարվել են և նույնիսկ չեն հասցրել վեր կենալ մահճակալներից։ Այս ամենը համադրելով զոհվածների ծնողների հետ զրույցների հետ, տեղում գտնվելով և ուսումնասիրելով շենքի դիրքը, տարածքը, ես դեռևս փետրվարի 2-ին կասկածի տակ եմ դրել պաշտոնական վարկածը։ Ես հայտարարել եմ, որ հրդեհից առաջ արդեն զինծառայողները կենդանի չեն եղել կամ եղել են անգիտակից վիճակում, այլապես անհասկանալի է, թե ինչու նրանք չեն կարողացել տեղից շարժվել, կամ ինչու ճաղավանդակներից դուրս եկող զինծառայողները չեն արթնացրել իրենց ծառայակից ընկերներին։ Սրանից էլ երեք օր անց, այսինքն դեպքից փաստացի 17 օր անց, ՀՀ զինվորական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի պետը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարում է, որ զինվորների դիերը հայտնաբերվել են տարբեր տեղերում, մեկ դի նույնիսկ նախասրահում։ Այսինքն, դատախազությունը դեպքից 17 օր անց հայտնում է ԱԻՆ գնդապետի վարկածից տրամաբանորեն հակադիր տեղեկատվություն՝ կասկածի տակ դնելով գործի քննությունը։ Այսինքն, եթե գիտեիք, որ այդպես է, ինչո՞ւ չէիք շտկում ԱԻՆ գնդապետի խոսքերը»,- այսօր այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ տուժողների իրավահաջորդները չեն հավատում պաշտոնական վարկածին և չեն բացառում ոչ մի այլ վարկած, ներառյալ այն, որ հրդեհը կազմակերպվել է իրականում տեղի ունեցած այլ ողբերգություն թաքցնելու նպատակով։

Փաստաբանի կարծիքով հանրությանը սուտ տեղեկատվություն է ներկայացվել և ներկայացվում, որի նպատակը շիլա շփոթ ստեղծելն ու իրական դեպքից ուշադրություն շեղելն է։

Փաստաբանը հայտնեց, որ ոլորտային օրենսդրության ուսումնասիրման արդյունքում պարզել է, որ զինվորական շինություններում ջերմաստիճանը պետք է գերազանցի 18 աստիճանը, իսկ վառարանը պետք է վառվի մինչև 22:00-ն, մինչդեռ տարօրինակ կերպով գործի փաստերը վկայում են, որ վառարանը վառվել է գիշերը 24:00-ից հետո. «Եթե ջերմաստիճանն ավելի ցածր էր, քան 18 աստիճանը, և արդեն 22:00-ից անց էր, ապա վառարանը կարող էր վառվել բացառապես գնդի հրամանատարի թույլտվությամբ։ Ավելին, զինվորական շինություններում յուրաքանչյուր զինվորին հատկացված տարածքը պետք է լինի 12 խորանարդ մետր, իսկ քննարկվող շենքը չէր համապատասխանում նույնիսկ ժամանակավոր կացարանների համար նախատեսված չափանիշներին»։

Նորայր Նորիկյանը պնդում է, որ պատասխանատվության ենթարկվող անձանց շրջանակը պետք է սկսել նրանցից, ում մասնագիտական եզրակացության հիման վրա և ում որոշմամբ հաստատվել է, որ շենքը համապատասխանում է անվտանգության բոլոր կանոններին, և այնտեղ կարող են զինվորներ ծառայել։

Փաստաբանը շեշտեց. «Ես ուղարկելու եմ փաստաբանական հարցում և փորձելու եմ պարզել, թե արդյո՞ք այս երկու տարվա ընթացքում որևէ բարձրաստիճան սպա, զինվորական այցելել է այդ կացարան, արդյո՞ք որևէ մեկը մտահոգություն է արտահայտել այնտեղ տիրող իրավիճակի մասին։ Եթե այցելած լինեին ու մի փոքր սրտացավություն ցուցաբերեին, մենք այսօր այս ողբերգությունը չէինք ունենա, իսկ եթե չեն այցելել, ուրեմն անտերության մատնված բանակ ունենք»։

Նորայր Նորիկյանը բարձրացրեց կարևոր հարց առ այն, թե արդյո՞ք այսօր կան հրդեհված կացարանի նման այլ կացարաններ, արդյո՞ք միջոցներ ձեռնարկվում են համանման աղետները կանխելու համար։ «Շատ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք վարույթ իրականացնող մարմինը բացառում է դիվերսիան, կարևոր է պարզել դեպքի նախորդող ժամանակահատվածում կացարանում տիրած դեպքերը։ Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի պարզենք բոլոր պատճառահետևանքային կապերը՝ ներառյալ դեպքին նախորդող ժամանակահատվածում զինվորների և սպաների հարաբերությունները։ Պետք է պարզել, թե ինչով է պայմանավորված պետական մարմինների փնթի և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը և նման կարճ ժամանակահատվածում հանրությանն այսքան տարբերվող տեղեկատվություն տրամադրելը»,- ասաց փաստաբանը։

Նորիկյանը մի շարք հռետորական հարցեր հնչեցրեց, մասնավորապես, ո՞վ է առաջինը տիրապետել դեպքի վայրին, ո՞ր ստորաբաժանումն է հանել դիակները, ի՞նչ միջոցներով են նրանք տարվել դիահերձարան, արդյոք եղե՞լ են ճանաչելի։ Փաստաբանի պնդմամբ՝ այս հարցերի պատասխանները լույս կսփռեն դեպքի վրա։ «Մեկ հռետորական հարց վարչապետին. եթե կատարեիք նախընտրական խոստումը և 2,5 միլիարդ դոլար ներդնեիք բանակաշինության վրա, արդյոք այսօր մեր զինվորները կապրեի՞ն նման պայմաններում և կունենայի՞նք այս ողբերգությունը։ Մենք չպետք է սահմանափակվենք միայն կապիտանին պատասխանատվության ենթարկելով։ Տարիներ շարունակ պատժել են սլաքավարներին, իսկ շնաձկները մնացել են ջրի երեսին։ Պատասխանատվության շղթան հասնում է մինչև պաշտպանության նախարար»,- հայտարարեց փաստաբանը։

Լրագրողների հարցերին պատասխանելիս՝ Նորայր Նորիկյանը չբարձրաձայնեց նախաքննության էական տվյալները, սակայն հայտնեց, որ իրենց համար կարևոր է պարզել, թե ինչո՞ւ զինվորները փախուստի չեն դիմել։ Այդ հարցի պատասխանի հիման վրա էլ փաստաբանը շեշտեց այս գործի քննության գերխնդիրը, այն է՝ պարզել, արդյոք տեղի ունեցածն անփութությո՞ւն է, թե՞ դիտավորությամբ կատարված հանցանք։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ