Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պատերազմը տանուլ է տրված․ Անկյուն քշված առնետները

Նույն օրը, երբ Պուտինը ստորագրում էր Ուկրաինայի 4 շրջանները բռնակցելու համաձայնագիրը, ուկրաինական բանակն ազատագրեց Դոնբասի շրջանի մի պատկառելի մաս։ Ուկրաինական հակահարձակումը շարունակվում է, եւ արդեն տեղեկություններ կան նոր հաղթանակների մասին։ Լրագրողների հարցին, թե որոնք են հիմա ՌԴ կազմ մտցված շրջանների սահմանները, Կրեմլի խոսնակ Պեսկովը անորոշ պատասխան է տվել՝ նա ասել է, թե Դոնեցկը եւ Լուգանսկը՝ 2014 թ․ սահմաններով, ինչը նշանակում է, որ ռուսական զորքը պետք է նահանջի այս տարվա փետրվար-հունիսին գրաված տարածքներից, իսկ Զապորոժիեյի եւ Խերսոնի հարցում պետք է խորհրդակցեն տեղի բնակչության հետ։ Այսինքն, հայտարարել են միացնելու մասին, բայց դեռ պետք է խորհրդակցեն։

Որքան անորոշ է Կրեմլի պատասխանն, այնքան ավելի որոշակի է հետեւյալը՝ Ռուսաստանը տանուլ է տվել պատերազմը։ Դրա վկայությունն է թե մոբիլիզացիայի հայտարարումը, թե հենց անեքսիայի մասին որոշումը, որը հուսահատ քայլ է եղածը միջուկային հարվածի սպառնալիքով պահպանելու համար։ Այս հանգամանքը նկատելի էր անեքսիայի որոշման կապակցությամբ Կրեմլում տեղի ունեցած միջոցառմանը՝ դրա մասնակիցների, այդ թվում Պեսկովի դեմքին դաջված էր դատապարտվածության դրոշմը։

Չկար նախկին էնտուզիազմը նաեւ Պուտինի դեմքին․ նրա մառազմատիկ ելույթն ու ընդունած որոշումները մատնում են ցուգցվանգը, երբ ցանկացած քայլ ավելի է բարդացնում վիճակը։ Տարբեր շանտաժներով Մոսկվայի պայմաններով հրադադարի փորձերը, որ նա ձեռնարկում է Ուկրաինա ներխուժումից եւ հատկապես Կիեւի մատույցներում պարտվելուց հետո, մերժվում են, եւ նա ամեն անգամ բարձրացնում է խաղադրույքները։ Նա չի ցանկանում եւ չի կարող կանգ առնել, հակառակ պարագային կունենա անձնական խնդիրներ, քանի որ թե ինքը, թե իր կլեպտոկրատիան կկանգնեն իշխանությունը եւ մոտ 2 տրիլիոն դոլարի գողոնը կորցնելու վտանգի առաջ։

Փորձագետները նշում են, որ անեքսիայի մասին որոշումով Պուտինն անցավ անդառնալիության կետը։ Այս կապակցությամբ նրանք հիշել են Պուտինի մի ելույթ, երբ նա նկարագրում էր, թե ինչպես է իրեն պահում անկյուն քշված առնետը՝ փորձելով դուրս գալ այդ վիճակից։ Դա անջնջելի տպավորություն էր թողել Պուտինի վրա։ Պուտինն ինքն է իրեն անկյուն քշել իր բարդույթների ու ռուս մարգինալ ֆաշիստների գաղափարների ազդեցության տակ, որոնց կրկին հղում արեց Կրեմլում կազմակերպված անեքսիայի ակտի ժամանակ։

Պուտինը հասավ իր հռչակած նպատակների հակառակ արդյունքներին․ պայթեց ռուսական բանակի միֆը, ՆԱՏՕ-ն ընդլայնվեց, ուկրաինական բանակը վերակառուցվում է ՆԱՏՕ-ի ստանդարտներով, ուկրաինացի ազգը մտել է ձեւավորման վերջնական փուլ։ Ավելին, Ռուսաստանը ներկայում կանգնած է փլուզման լիովին առարկայական հեռանկարի առջեւ։

Հայաստանի դեմ արշավը չափազանց թանկ է արժենալու Ռուսաստանի եւ դրա կլեպտոկրատ ռեժիմի վրա։ Լրագիրը բազմիցս անդրադարձել է այդ պատճառահետեւանքային կապին։