Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պատմության անիվը սկսեց պտտվել, աշխարհը չպետք է վախենա Ռուսաստանի փլուզումից

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ամերիկյան The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում ասել է, որ արևմտյան երկրները չպետք է վախենան Ռուսաստանի փլուզումից, ինչպես ժամանակին դադարել են վախենալ Խորհրդային Միության փլուզումից։

Թերթը գրում է, որ արևմտյան դաշնակիցներն ամեն ինչ անում են Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի պարտությունը թույլ չտալու համար, սակայն մինչ այժմ Արևմուտքում ոչ բոլորին է դուր գալիս Կիևի համոզիչ հաղթանակի հեռանկարը։ Նման սցենարի դեպքում Ուկրաինան կվերականգնի վերահսկողությունը ոչ միայն ՌԴ ներկայիս ներխուժման ժամանակ կորցրած տարածքների, այլև Ղրիմի, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի շրջանների մի մասի նկատմամբ, որոնք օկուպացվել էին 2014 թվականին։

Դաշնակիցներից ոմանք վախենում են, որ նման արդյունքը կարող է հանգեցնել միջուկային զենք ունեցող ռուսական պետության ամբողջական ապակայունացմանը, որը կարող է հանգեցնել նրա փլուզմանը և համատարած քաղաքացիական անկարգությունների՝ անկանխատեսելի արդյունքներով ողջ աշխարհի համար:

Կուլեբան ասել է, որ նման մտավախություններն իրեն հիշեցնում են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դիրքորոշումը։ 1991 թվականի իր հայտնի ելույթում, որը հայտնի է որպես «կիևյան կոտլետ» (Chicken Kiev speech), նա զգուշացրել է «ինքնասպան ազգայնականության» վտանգների մասին և հորդորել Ուկրաինային հրաժարվել Մոսկվայից անկախանալու գաղափարից՝ հանուն Խորհրդային Միության պահպանման։

«Ես կոչ եմ անում աշխարհին չվախենալ Ռուսաստանի փլուզումից։ Երբ պատմության անիվները սկսում են պտտվել, ոչ ոք չի կարող կանգնեցնել նրանց: Փոխանակ մտածելու, թե ինչպես օգնեն Ռուսաստանին գոյատևել և դառնալ միջազգային հանրության նորմալ անդամ, ժամանակն է ընդունել այն փաստը, որ Ռուսաստանը չի կարող լինել միջազգային հանրության նորմալ անդամ: Չեմ կարծում, որ աշխարհը կքանդվի, եթե Ռուսաստանը քանդվի։ Բայց Ռուսաստանը կքանդեն նրա սեփական քաղաքացիները, ինչպես եղավ Ռուսական կայսրության հետ», ասել է Կուլեբան։

ՌԴ տարածքում Էնգելսի և Ռյազանի ռազմավարական օդանավակայանների վրա վերջին հարձակումների վերաբերյալ հարցին նա պատասխանել է․ «Մենք հիմնականում կենտրոնացած ենք Ուկրաինայի օկուպացված տարածքներում տեղակայված թիրախները խոցելու, մեր սեփական տարածքի ազատագրման վրա, բայց, իհարկե, այն գաղափարը, որ Ռուսաստանը կարող է տեխնիկապես իրեն հասանելի ամեն ինչ անել Ուկրաինայում, մինչդեռ Ուկրաինան չունի նույն իրավունքները, սխալ է հայեցակարգային, բարոյական և ռազմական տեսակետներից»: