Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պատուհանից էր մտնում». Վերին Դվին գյուղում բնակարանային գողություններ արած երիտասարդը կալանավորվել է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վերին Դվին գյուղում կատարված բնակարանային գողության վերաբերյալ առաջին ահազանգը դեռևս հոկտեմբերի 4-ին էր: Տանտերը հայտնում էր, որ ժամը 10.30-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, երբ տանը մարդ չկար, բացել էին պատուհանը, խառնշտորել տան իրերը, սակայն արժեքավոր բան չգտնելով` ոչինչ չէին տարել:

Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկվել էին անհրաժեշտ գործողություններ, նաև վարկած էր առաջ քաշվել, որ գողը կարող է նույն գյուղից լինի: Ու մինչ քրեական հետախույզները փորձում էին հաստատել վարկածը` հոկտեմբերի 10-ին ստացվեց նոր ահազանգ: Վերին Դվին գյուղի իրենց տնից տանտերերը բացակայել էին ժամը 12-ից 19-ը: Այս անգամ բացել էին պատուհանը, մտել տուն և ննջասենյակում պահված դրամապանակից գողացել 450 հազար դրամ:

Իրավապահների գործողությունները նոր թափ առան, իսկ նախկին վարկածը մնում էր ամենահավանականը: Իսկ հաջորդ օրը ստացված նոր հաղորդումը գալիս էր հաստատելու վարկածը: Տանտերերը տնից բացակայել էին ցերեկվա ժամը 10-ից 12-ը, այդ ընթացքում բացել էին տան հետնամասի պատուհանը և գողացել 600 հազար դրամ, ոսկյա մատանի:

Իրավիճակը բարդացնում էր այն, որ գյուղական համայնքում օրը ցերեկով անհնար էր որևէ կանխարգելիչ միջոցառում ձեռնարկել կամ դարանակալել: Գյուղի բնակիչ կասկածելի անձանց վերաբերյալ ստուգումները հերթով հերքվում էին: Իրավապահները բնակիչներին զգուշացրին, որ լինեն զգոն, ուշադիր, տանը թանկարժեք իրեր ու մեծ գումար չպահեն:

Իսկ վերջին ահազանգը ստացվեց հոկտեմբերի 31-ին: Տանտերերը բացակայել էին ժամը 10-ից 19-ը: Այդ ընթացքում բացել էին խոհանոցի պատուհանը և տարել 10 հազար դրամ ու երկու գանձանակ` մոտ 60 հազարի մանրադրամով:

Արտաշատի քրեական հետախույզներն արդեն ձեռք էին բերել որոշակի տեղեկություններ, մնում էր ստեղծել ապացուցողական հիմք: Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում վերջապես հնարավոր եղավ հիմնավորել, որ առաջին վարկածը ճիշտ էր: Գողությունները կատարելու կասկածանքով նոյեմբերի 7-ին ձերբակալվեց Վերին Դվին գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ: Նա ներկայացվեց նախաքննություն իրականացնող մարմին և դատարանի որոշմամբ նույն օրն էլ կալանավորվեց:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն