Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պատշաճ ծանուցումը» չի կարող վերագրվել միայն «բռնագանձման ծանուցում» վերնագրված փաստաթուղթը հանձնելուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

2022 թվականի նոյեմբերին Սահմանադրական դատարանը 3 գործով է կայացրել որոշում

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ երեք գործերից երկուսն առնչվել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի անհամապատասխանությանը, եւ երեք գործերն էլ լսվել են գրավոր ընթացակարգով:

Դրանցից մեկին՝ Ռուզաննա Ղազարյանի դիմումին անդրադարձել ենք մենք («ՍԴ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա էր վերանայման», նոյեմբերի 12, «Առավոտ»): ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննել էր Ռուզաննա Ղազարյանի դիմումի հիման վրա՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Ռուզաննա Ղազարյանը խնդրել էր որոշել օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը» մասի՝ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 60-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին եւ 78-րդ հոդվածին համապատասխանության հարցը: Պատասխանող Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, նույն բաժնի գլխավոր մասնագետ  Է. Մնացականյանը նշել էր, որ օրենսդրի կողմից սահմանվել է գրավի առարկայի բռնագանձման գործընթացի՝ երկամսյա ժամկետով «սառեցման» օրինական հնարավորություն` որպես գրավատուի դատական պաշտպանության իրավունքի պատշաճ իրացման երաշխիք: ՍԴ-ն որոշել էր՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, քաղաքացին ըստ էության հաղթել էր:

Ռ. Ղազարյանի որոշմանը գրեթե նման էր նոյեմբերի 15-ի որոշումը

ՍԴ-ն քննել էր «Լարվար» արտադրական կոոպերատիվի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Դիմողը նշել էր, որ հոդվածի վիճարկվող նորմում օրենսդիրն օգտագործել է «բռնագանձման ծանուցում» արտահայտությունը, սակայն չի բացահայտել, թե ինչ պահանջներ, ինչ վավերապայմաններ պետք է պարունակի փաստաթուղթը, որպեսզի որակվի որպես առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցում (բռնագանձման ծանուցում)։

Ըստ դիմողի՝ բռնագանձման ծանուցագիրը՝ որպես իր իրավական հետեւանքներով իրավունքից զրկելուն հանգեցնող փաստաթուղթ, պետք է լինի որոշակի, քանի որ պատշաճ ծանուցումը չի կարող վերագրվել միայն «բռնագանձման ծանուցում» վերնագրված փաստաթուղթը հանձնելուն, պատշաճությունը վերաբերում է նաեւ հանձնված փաստաթղթի բովանդակությանը, քանզի, եթե այն կազմված լինի վերացական ձեւակերպումների ձեւով, ապա գրավատուն կզրկվի բռնագանձման ծանուցագրի օրինականությունը վիճարկելու օբյեկտիվ հնարավորությունից:

Դիմողը փաստում է, որ երբ պարտապանը եւ գրավատուն չեն համընկնում, եթե բռնագանձման ծանուցումը չի լինում որոշակի, գրավատուն հնարավորություն չի ունենում ճշտել՝ որքա՞ն է պարտապանի պարտավորությունը, եւ արդյոք գրավառուն մինչեւ բռնագանձման գործընթացն սկսելը պատշաճ ձեւով ծանուցել է նաեւ գրանցում իրականացնող մարմնին։

Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ: ՍԴ-ն եզրակացրել էր. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասին չի կարող տրվել այնպիսի մեկնաբանություն, որով գրավ դրված անշարժ գույքի` արտադատական կարգով բռնագանձման շրջանակում կազմակերպված աճուրդը չկայացած համարվելու պայմաններում գրավ դրված գույքը գրավառուին ի սեփականություն հանձնվելու դեպքում վերջինիս անցնող սեփականության իրավունքի գրանցումը կատարելու համար անհրաժեշտ չէ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմին, ի լրումն իրավահաստատող փաստաթղթերի, ներկայացնել օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը, ինչպես նաեւ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը:  Անդրադառնալով գրավադրված գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքների ապահովման իրավական երաշխիքներին՝ Սահմանադրական դատարանը հղում էր կաարել նաեւ 2016 թվականի հուլիսի 19-ի ՍԴՈ-1294 որոշմանը, փաստելով, որ որպես գրավադրված գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքների ապահովման իրավական երաշխիք, առաջնահերթ կարեւորվում է գրավատուի պատշաճ ծանուցման ապահովումը:

Քաղաքացիության կորո՞ւստ, թե՞ երեխայի՝ այլ պետության քաղաքացիության ձեռքբերում

Նոյեմբերի 22-ին դատարանը քննել է «Ալբերտ Եդիգարյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի՝ մինչեւ 08.12.2011 թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործած 17-րդ հոդվածի 1- ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Ըստ դիմողի՝ սահմանադրաիրավական վեճի առարկա օրենքի նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ մինչեւ 14 տարեկան երեխայի ծնողի կողմից ՀՀ քաղաքացիությունը կորցնելու դեպքում երեխան եւս կորցնում է ՀՀ քաղաքացիությունը, եթե ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն։ Դիմողի պնդմամբ՝ իրավահարաբերության ծագման պահին սահմանված չէր, որ երեխան կորցնում է ՀՀ քաղաքացիությունը ՀՀ նախագահի հրամանագրի հիման վրա, ինչպես սահմանել է Վճռաբեկ դատարանը։

Դիմողը նշել էր, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի պահանջն այն մասին, որ մինչեւ 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ՀՀ նախագահի հրամանագիր, սահմանվել է միայն 07.05.2015 թվականին ընդունված ՀՕ-33-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 13.06.2015 թվականից, ինչից բխում է, որ մինչեւ 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար ՀՀ նախագահի հրամանագիրն անհրաժեշտ էր միայն 13.06.2015 թվականից հետո ծագած իրավահարաբերություններում: Դիմողը մինչ սահմանադրական դատարան դիմելը դիմել էր վարչական դատարան, պահանջելով ճանաչել քաղաքացի հանդիսանալու իրավահարաբերության բացակայությունը: Վարչական դատարանը հայցը մերժել էր, վերաքննիչը բավարարել բողոքը, վարչականը՝ այս անգամ բեկանել: Վճռաբեկում Ոստիկանության ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչության բողոքը բավարարվել էր: Թիվ ՎԴ/2279/05/17 վարչական գործով ընդունված որոշմամբ Վճռաբեկ դատարանը վիճարկվող նորմին տվել է այնպիսի մեկնաբանություն, որի համաձայն՝ ՀՀ նախագահի հրամանագիրն անհրաժեշտ է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի ընդունման պահից սկսած։ Միայն այն հանգամանքը, որ օրենքում կատարված լրացմամբ սահմանվել է, որ երեխան քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիությունը դադարեցնելու հետեւանքով, այլ կերպ՝ ՀՀ նախագահի հրամանագրով, ըստ դիմողի, վկայում է, որ կամ մինչեւ 07.05.2015 թ. ՀՕ-33-Ն օրենքի ընդունումը երեխայի կողմից քաղաքացիությունը կորցնելու համար անհրաժեշտ չէր ՀՀ նախագահի հրամանագիր, կամ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 17-րդ հոդվածն ուներ իրավական որոշակիության խնդիր, եւ անհրաժեշտ էր այն հստակեցնել: Ըստ պատասխանող ԱԺ ներկայացուցչի՝ օրենքի 17-րդ հոդվածի իրավակարգավորումներից ակնհայտ է, որ դրույթով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու ակտը տեղի է ունենում ՀՀ նախագահի՝ քաղաքացիության դադարեցման վերաբերյալ հրամանագրի առկայության պայմաններում, քանի որ անձը Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետեւանքով: Ըստ ՍԴ-ի՝ Օրենքի վիճարկվող իրավակարգավորումը համապատասխանում է Սահմանադրությանը. «Նշված իրավակարգավորման առանձնահատկությունն այն է, որ նախատեսում է  նյութաիրավական պայմաններ, որոնց առկայության դեպքում երեխան կարող է  կորցնել քաղաքացիությունը, այսինքն՝ մինչեւ 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու առնչությամբ օրենսդիրը, հաշվի առնելով երեխայի տարիքը՝ գիտակցական մակարդակով պայմանավորված, նախատեսել է  երկու հիմնական պայման՝ երեխայի ծնողների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կորուստ եւ երեխայի՝ այլ պետության քաղաքացիության ձեռքբերում, ինչով պայմանավորված՝ վիճարկվող իրավակարգավորումը»: