Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիները հիմնականում ստացել են կոտրվածքներ, բեկորային քերծվածքներ, այրվածքներ. Ավանեսյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին գրանցված պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոններ են տեղափոխվել կամ դիմել 62 քաղաքացի, որոնցից  58-ը առողջացմամբ դուրս են գրվել։ Կառավարության այսօրվա նիստում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ ներկայում 4 քաղաքացի գտնվում են բուժհաստատություններում։  «Նրանց վիճակը գնահատվում է բավարար, առաջիկա օրերին բոլորն ապաքինմամբ դուրս կգրվեն»,- նշեց նա։

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պայթյունի հետևանքով հիմնականում վնասվածքները եղել են կոտրվածքներ, բեկորային քերծվածքներ, այրվածքներ։ Ըստ նրա՝ բոլորը ստացել են ամբողջական բժշկական օգնություն և հիմնական մասը հենց առաջին օրը, տեղում ստանալու բուժօգնություն, ուղարկվել են տուն։

«Այն քաղաքացիները, որոնք անհրաժեշտություն են ունեցել լրացուցիչ միջամտությունների, վիրահատությունների, ամբողջն իրականացվել է բարեհաջող»,-  ընդգծեց նախարարը։

Նշվեց նաև, որ ամբողջ բուժօգնությունն իրականացվել է անվճար՝ պետպատվերի շրջանակում։ «Եթե շարունակական բուժօգնության անհրաժեշտություն լինի, ապա պայթունից տուժածներին դա կտրամադրվի ամբողջությամբ անվճար»,- ասաց Ավանեսյանը։