Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պետք է անզիջում ու անընդմեջ դիմադրել բոլոր ուղղություններով, մեզ մի վերջին հնարավորություն է մնացել

Lragir.am-ի զրուցակիցն է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը

Տիկին Ավագյան, Բաքվում հայերի ջարդերը Հայաստանը չի ճանաչել որպես ցեղասպանություն։ Ի՞նչ քաղաքականություն է վարվել այս հարցով տարիներ շարունակ, ի՞նչ հետևանք է ունեցել այս քաղաքականությունը։

«Հայաստանը չի ճանաչել». այստեղ հասկանանք Երրորդ Հանրապետությունը: Իսկ Երկրորդ Հանրապետության` Հայկական ԽՍՀ-ի ԳԽ-ն 1990 թվականի փետրվարի 13-ին ընդունեց  որոշում, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայկական ԽՍՀ ԳԽ-ն որոշում է․

  1. դատապարտել հայերի ջարդերը Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ մյուս շրջաններում և դրանք գնահատել որպես հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության շարունակություն:

2.Պահանջել ԽՍՀՄ ԳԽ-ից`

ճանաչել և դատապարտել 1990 թվականի հունվարին Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ մի շարք այլ վայրերում հայերի ցեղասպանությունը…»:

Այսինքն, հայկական Երկրորդ Հանրապետությունը թե 1990 թվականի հունվարի Բաքվի ջարդերին, թե մյուս վայրերում հայերի ջարդերին տվել է հստակ գնահատական` ցեղասպանություն, և ավելին՝ պահանջել է ԽՍՀՄ ԳԽ-ից ճանաչել դրանք ցեղասպանություն: Շատ կուզեի, որ հայոց ցեղասպանագետները ընթերցեն կամ էլ վերընթերցեն այս որոշումը, օգտակար կլինի: Պատկերացնո՞ւմ եք, որ խորհրդային իմպերիայի շրջանակում Հայկական ԽՍՀ ԳԽ-ն նման համարձակ քայլ է անում, իսկ Հայկական ԽՍՀ իրավահաջորդ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն լռության է մատնում, այլ անընդհատ շրջանցում է 1988-1992 թթ իրողությունները, և ինչպես ՀՀ երրորդ նախագահը, այնուհետև, գործող իշխանությունների ներկայացուցիչները խոստովանել են, որ բանակցային գործընթացում չեն թողնում խոսել մինչև 1992-ը ընկած իրողությունների մասին։ Իսկ ո՞վ կամ ովքե՞ր, կամ ու՞մ կողմից  կաշառվածները թույլ չեն տալիս այս մասին ոչ մի խոսք:

1990 թվականի փետրվարի 13-ին ընդունված ևս մի կարևոր որոշում կա. այդ օրը Հայկական ԽՍՀ ԳԽ որոշում ընդունեց, որը օրգանական ու սկզբունքային կապ ունի վերոհիշյալ որոշման հետ, որով ԳԽ-ն հետադարձ գնահատական էր տալիս մի իրողության, ինչը նախ ապահովեց  քողարկված հակահայ քաղաքականությունը ողջ խորհրդային տարիներին ու, այնուհետև, ապահովեց Սումգայիթը, Բաքուն, Գանձակը, Մարաղան (https://www.lragir.am/2021/07/04/653071/ ):

Հայկական ԽՍՀ ԳԽ այդ որոշումը ես կներկայացնեմ ամբողջությամբ.

«Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշումը ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան Բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշումը անօրինական ճանաչելու մասին․

13 փետրվարի 1990 թ., Երևան

«Ելնելով նրանից, որ Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, Հայաստանի անբաժան մասն է և երբեք չի պատկանել Ադրբեջանին, որ 1918-1921 թթ. Լեռնային Ղարաբաղը եղել է անկախ և ունեցել է իր պետականությունը՝ հանձին երկրամասի ժողովրդական կառավարության և հայոց Ազգային խորհրդի, ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է ոչ սահմանադրական և իրավասություն չունեցող կուսակցական մարմնի՝ ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի կամայական որոշմամբ, որը կայացվել է ուրիշ պետության ազգային-պետական շինարարությանը մասնակցելու իրավունք չունեցող սուբյեկտի կողմից և, հետևաբար, դրսևորվել է որպես խորհրդային մեկ այլ սուվերեն հանրապետության ներքին գործերին միջամտելու կոպիտ ակտ, որի հետևանքով ոտնահարվել են ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները, հաշվի չի առնվել երկրամասի 95 տոկոս կազմող հայ բնակչության, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի բնակչության կամքը,

հենվելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոյի 1920 թ, հուլիսի 9-ի՝ Վ. Ի. Լենինի նախագահությամբ անցկացված նիստի որոշման վրա, որով Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշվեր բնակչության էթնիկական կազմով և նրա կամքով, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 1921 թ. հունիսի 12-ի դեկրետի վրա, որը, ելնելով Ադրբեջանի հեղկոմի դեկլարացիայից և Հայաստանի ու Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությունների կառավարությունների միջև կայացած համաձայնությունից, Լեռնային Ղարարաղը հռչակել է Հայաստանի Խորհրդային Հանրապետության անբաժան մաս, նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ազատ ինքնորոշման իրավունքը ճանաչվել է նաև Ադրբեջանական ԽՍՀ հեղկոմի 1920 թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ և դեկտեմբերի 1-ի դեկլարացայով, հաստատակամորեն հանդես գալով ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների պաշտպանությամբ, որն ամրապնդված է ԽՍՀՄ կազմավորման պայմանագրով և ԽՍՀՄ սահմանադրությամբ՝ որպես բազմազգ խորհրդային պետության մեջ ազգամիջյան հարաբերությունների հիմք,

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշումը, որի հետևանքով խախտվել է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը, անեքսիայի է ենթարկվել Հայկական ԽՍՀ տարածքի մի մասը և հայ ժողովուրդը բաժանվել է երկու հատվածի, համարել իրավասությունից զուրկ, միջազգային իրավունքի անհարիր և անօրինական։

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ` Հ. ՈՍԿԱՆՅԱՆ

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար՝ Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀԻՄՔ – «Խորհրդային Հայաստան», 17 փետրվարի 1990»։

Այո, Արցախյան հիմնախնդիրը շարունակական ցեղասպանության հետևանք է: Արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծումը պահանջում է բարձրաձայնել 1921 թվականի հուլիսի 5-ին Ադրբեջանական ԽՍՀ-ին անցած հայկական բնակավայրերում 1988-1990 թվականների հայության ցեղասպանության մասին:

Արցախյան հարցը Հայոց հարցի մասն է, կկասեցնենք ընթացող ցեղասպանական գործընթացը, Արցախյան հիմնահարցը կունենա հայանպաստ լուծում… Մի առիթով ՀՀ չորրորդ նախագահը ինձ համոզում էր, որ Հայկական ԽՍՀ ԳԽ որոշումը այսօր էլ գործում է, ուժի մեջ է: Այո՛, իհարկե, այսօր էլ ուժի մեջ է, բայց 30-ամյա հայկական իշխանությունները ինչպես սահմանադրական շատ առանցքային հարցեր են շրջանցել, շրջանցեցին նաև այս որոշումը: 2004-2006 թվերին, այնուհետև 2008-ին ՀՀ-ում ինչ-որ շարժ էր նկատվում, կարծես թե մշակվել էր ծրագիր խոսելու Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների վերականգման, Ադրբեջանում հայերի ցեղասպանության մասին: Առերևույթ այդ հարցում ակտիվացան Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Եկեղեցին, բայց շատ արագ էլ խնդիրը փակվեց: 2012 թվականի ընտրական իրողությունները, նաև 2008 թվականի մարտի 1-ի իրողությունների «էջի փակվելը» այսօր մի հետհայացքով հուշում են, որ դրանք էին այն նախապայմանները, որով հերթական անգամ հայկական օրակարգից հաջողությամբ դուրս հանեցին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների գոյությունն ու իրավունքների վերականգման հարցը, 1988-1992 թթ Ադրբեջանում հայության  ցեղասպանության և դեպորտացիայի փաստերը և Արցախյան շարժումը կրկին ներկայացվեց որպես սեպարատիզմ: Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի գործունեության ակտիվացման հետ կապված 2012 թվականի մայիսին Երևանում հայտնվեց այդ օրերին ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարն ու դրա ներկայությամբ ՀՀ երրորդ նախագահը հայտարարեց, թե Երևանը փախստականների հարցը չի քաղաքականացնում:

2012 թվականի սեպտեմբերին Բաղրամյան 26-ի մի աշխատակից մեզ տեղեկացրեց, որ Բաքվից անհանգիստ զանգ է եղել, փորձել են պարզել, թե ինչպե՞ս է, որ Երևանը խոսում է փախստականների մասին, նույնիսկ փախստականների քաղաք են պլանավորում կառուցել: Երևանից հանգստացրել են դրանց, որ դա ընդամենը փախստականների նախաձեռնությունն է, որ առանց աջակցության` վաղ թե ուշ, այդ գործունեությունը կմարի… Ակնհայտ է, որ 1994-ի «հրադադարի» պայմանագրից հետո հայկական կողմը միակողմանիորեն մտել է զիջումների դաշտ, ընդ որում, իշխանավորները զիջել են հայ փախստականների կյանքի իրավունքը, հայ մարդու պաշտպանված լինելու իրավունքը, հայոց պետականության կայացման ու ամրացման պաշարները, հայության՝ տարածաշրջանում ազդեցիկ գործոն դառնալու ներուժը, զուգահեռաբար իշխանավորների կլանները կուտակեցին անձնական հարստություն՝ հայկական պետականության ներուժը կողոպտելով:

Արտաքին կառավարման պահանջն էր 1988-1992 թթ. հայ փախստականների ձևավորման փաստերն ու պատճառները լռության մատնելն ու շրջանցելը, ու որպես «փոխհատուցում», իշխանավորներին հնարավորություն տվեցին «ժողովրդավարության» գաղափարի ներքո կողոպտել Հայաստանը՝ ինչքան կուզեն: Այսինքն, արտաքին կառավարմամբ հայկական քաղաքական իշխանությունները մի ձեռքով կողոպտել են երկիրը, մյուս ձեռքով բացել են երկրի դարպասները ցեղասպան թշնամու առաջ: Ո՞վ է կասկածում, որ Թուրքիան, ինչպես որ 1992 թվականին մխրճվեց Մինսկի խումբ ու «կառավարեց» բանակցային գործընթացը, նույն հաջողությամբ էլ ՀՀ-ում տարավ ժիրայրլիպարիտյանական «Թուրքիայի համար միայն թույլ Հայաստանն է ընդունելի» «ռազմավարությունը»: Իսկ ՀՀ-ն այդպես էլ ռազմավարություն չունեցավ՝ ոչ Արցախյան բանակցային ընթացքի, ոչ ցեղասպանության շարունակականության կասեցման ու հայության դեմ ցեղասպանության կանխարգելման, ոչ էլ ցեղասպանության զսպման ռազմավարության: Երկիրն ու հայությանը տարան ցեղասպանության անդունդ…

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ցեղասպան Բաքուն թրքական մեթոդով կացնահարեց հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Սրան կհետևի Նախիջևանում 2005-2006 թթ հայկական խաչքարերի նոր ցեղասպանության ալիքը: Ի՞նչ արեցին հայկական քաղաքական վերնախավն ու իշխանությունները: Նախիջևանի հարցով ոչի՛նչ, իսկ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները եվրոպական դատարան ներկայացրին անհատական գանգատ Ադրբեջանի և Հունգարիայի դեմ. սրանով ամեն ինչ ասված է: Հիշում եմ, երբ 2010 թվականից սկսեցինք ակտիվ խոսել սաֆարովյան Ադրբեջանի դեմ, մեզ ՀՀ ԱԺ պատգամավորները, նաև երևելի հասարակական գործիչները փոխանցում էին իշխանության հորդորը, թե՝ հերիք է այդ մասին խոսել:

Իսկ այսօր արդեն, երբ 2020 թվականի աղետալից պատերազմից երկու տարի է անցել, Գուրգեն Մարգարյանի կացնահարման դրվագը մասնագետ-ցեղասպանագետները «նոր սկսում են ընկալել» որպես ցեղասպանական քաղաքականություն Ադրբեջանի պետության մակարդակով: Պարզվում է, որ աշխարհի շատ ցեղասպանագիտական կենտրոններ տեղյակ էլ չեն այդ մարդատյաց դրվագից, ցեղասպանական այդ գործողությունից: Իսկ ո՞վ պետք է տեղյակ պահեր, իհարկե, ՀՀ քաղաքական իշխանությունը՝ իր ողջ դիվանագիտական ու քարոզչական կառույցներով: Բայց, ոչինչ չի արվել, բացարձակ ոչինչ: Սա դիտավորություն է՝ Թուրքիայի կողմից մտածված ու մշակված, իսկ իրացված հայկական քաղաքական վերնախավի կողմից։ Դիտավորություն, որ հայության գոյությունը Հայկական լեռնաշխարհի այս բեկորի՝ մեր կենսատարածքի վերջին բեկորի վրա, դրեց մեծ կասկածի տակ:

Ի՞նչ պետք է անել այս ուղղությամբ, որքանո՞վ է այս հարցն առնչվում մեր այսօրվա մարտահրավերներին։

Պետք է տեսնել մի ակնհայտ իրողություն, որ երբ լռություն է հայ փախստականության առաջացման պատճառների ու Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների գոյության շուրջ, նշանակում է, որ չեն խոսում ոչ 1915-1923 թթ ցեղասպանությունից, ոչ դրա շարունակության մասին` Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, ոչ էլ 2020 թվականի ցեղասպանական պատերազմի մասին: Դրա փոխարեն առաջ է մղվում բազմաշերտ կեղծիքը՝ «սեպարատիստ» հայության մասին, իբրև «Խոջալու»-ն ցեղասպանություն էր հայության կողմից «ադրբեջանցիների» նկատմամբ և ոչ թե Հեյդար Ալիևի կլանի հանցագործությունն էր մահմեդական վրացիների՝ թուրք-մեսխեթցիների հանդեպ` գործող իշխանությանը հեռացնելու նպատակով։ Խոսում են 1918 թվականին սեպտեմբերի 15-ին Բաքուն ազատագրելու մասին, խոսում են հայկական մշակույթի «ալբանական» լինելու մասին, հայության այս տարածաշրջանում եկվոր լինելու մասին, զուգահեռաբար այդ աղաղակող ԼՌՈՒԹՅԱՆ մեջ ոչնչացնում են հայկական մշակույթը Նախիջևանում և ամենուր, որտեղ ցեղասպանի յաթաղանն է հասնում, ոչնչացնում են հայոց գերեզմանոցները, հայկական բնակավայրերը, հայկական հետքը, հայկականությունը, հայկական պետականության հիմքերը,  հայության գոյությունը, հայոց Արցախը…  Անհապաղ պետք է քանդել ու չեզոքացնել աղաղակող ԼՌՈՒԹՅՈՒՆԸ (https://www.lragir.am/2020/01/02/506266/  ; https://www.lragir.am/2022/01/25/695094/) ու տանել հայկական դիմադրողականության ուժեղացման աշխատանք, պետք է անզիջում ու անընդմեջ դիմադրել բոլոր ուղղություններով, մեզ մի վերջին հնարավորություն է մնացել:

Մենք չենք ԼՌՈՒՄ: Մեր  այս բաց նամակը (https://infoteka24.ru/2022/12/28/100771/) հղեցինք ՌԴ նախագահի աշխատակազմին, եկավ պատասխան, թե նամակը վերանայվել է ՌԴ ԱԳՆ-ում, և հաշվի կառնեն։