Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պետք է աշխատենք, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի ունենա. Աղաջանյան

«Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է, ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստանն այդ պայմանավորվածությունից հետ չի կանգնում»,-  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր,  ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին 7-ին Բրյուսելում նախատեսված է եղել Փաշինյան-Ալիև հանդիպումը, որը  չեղարկվել է: Օրեր առաջ Ադրբեջանի նախագահն ասել էր, որ Երևանը պայման է առաջ քաշել, ըստ որի՝ խոսակցությունը տեղի կունենա միայն Փարիզի մասնակցությամբ, ինչը չի համապատասխանում Բաքվի դիրքորոշմանը։

Աղաջանյանի խոսքով, Ադրբեջանի դիրքորոշումը և գործելակերպն այս տեսանկյունից նորություն չէ։

«Եղել են այլ դեպքեր ևս, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպումների ներկայանալ։ Սա այդ տեսանկյունից նորություն չէ, ինչը բնավ դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում գործընթացը փակուղային»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ դեկտեմբերին կայանա հանդիպում, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Պետք է աշխատենք, որ հանդիպումը տեղի ունենա»։