Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պետք է ազատվել Ռուսաստանի հետ դաշնակից կոչվելուց և մեր մեջ արձանագրել, որ Ռուսաստանը թշնամի է, որը թուրքերի հետ միասին է գործում

Lragir.am-ի զրուցակիցն է հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺԲ աջակից Գագիկ Սարուխանյանը

Պարոն Սարուխանյան, Բերձորի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներն ի՞նչ են ցույց տալիս։

Սա նույն դավաճանական գիծն է, որը որդեգրել է Ռուսաստանը։ Հայերին ներկայանալով որպես դաշնակից, բայց թուրքերի հետ պայմանավորված՝ հանձնում է Արցախը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածը, և ի վերջո գալու են հասնեն նրան, որ հանձնեն ամբողջ Հայաստանը։ Մենք պետք է այսպես նայենք իրադարձություններին, որ սա ընդամենը մեծ ու գլոբալ դավադրության հերթական քայլն է։ Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։ Օր առաջ, ժամ առաջ և վայրկյան առաջ պետք է ազատվել Ռուսաստանի հետ դաշնակից կոչվելուց և մեր մեջ արձանագրել, որ Ռուսաստանը թշնամի է, որը թուրքերի հետ միասին է գործում։ Առաջին հերթին պետք է պաշտոնապես դիմել միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին՝ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու համար։ Անկախություն ձեռք բերելուց ի վեր մենք խոսում ենք այս մասին, բայց մեզ լսող չկար։ Հիմա կարծես այդ հարցը հասունացել է, բայց ի՞նչ գնով, ինչքա՞ն զրկանքներով, կորուստներով ու պատերազմներով։ Դեռ այսքանից հետո էլ կան մարդիկ, ովքեր կասկածում են, դա նշանակում է, որ այդ մարդիկ ակնհայտ ռուսական գործակալներ են, ինչի համար վարձատրվել են։ Տարբեր պաշտոններ են ունեցել, հանքերի ու գործարանների տերեր են դարձել, և նրանք են այսօր շարունակում նման պահվածք դրսևորել, որովհետև գործակալ են։

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ պետք է բանակցի Արցախը։ Ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքականությունը։

Ես շատ վատ եմ գնահատում սա, ի՞նչ է նշանակում, որ Արցախը պետք է բանակցի։ Դե որ Արցախը պետք է բանակցեր, ինչո՞ւ էիր ասում՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Այդ դեպքում դու ո՞վ ես, որ գնում, Պուտինի ու Ալիևի հետ Արցախի վերաբերյալ ինչ-որ բան ես ստորագրում։ Թող ասեիր՝ Արցախից մարդ կանչեք, թող ստորագրի։ Այսինքն՝ երբ պետք է մեզ կրակը գցել, ստորագրում է, երբ պետք է, ասում է՝ Արցախն առանձին է։ Ո՞նց է Արցախն առանձին, ցույց տուր մի պաշտոնական որոշում, ըստ որի՝ չեղյալ է արվել 1989 թվականի Գերագույն խորհրդի որոշումը՝ Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին։ Ռոբերտ Քոչարյանը շարունակեց Լևոն Տեր-Պետրոսյանի շիլա-շփոթը, ինքն իր մասով ավելացրեց, Սերժ Սարգսյանն իր մասով, Նիկոլը՝ իր։ Իրենց ինչ ասվում էր Կրեմլից, դա անում էին, որպեսզի շիլա-շփոթը խորանար։ Հիմա կանգնել ենք փաստի առաջ, եթե չեք կարողանում, ամոթ չէ, ասեք՝ չենք կարողանում։ Ովքեր հստակ ճանապարհը տեսնում են, նրանք պետք է գան իշխանության։ Գոնե արտաքին քաղաքականության հետ կապերի մասով իշխանությունը հանձնեք, այս կրակից հանենք Հայաստանը։

Եվրամիությունը որոշեց երկու տարով ավելի մեծ կազմով դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, սա ի՞նչ նշանակություն ունի։

Աշխարհը տեսավ, որ Հայաստանում միշտ վերարտադրվում են կրեմլյան կոլաբորանտները։ Այո, Հայաստանն այսօր ծնկի է բերված, ժողովուրդն ի վիճակի չէ ազատագրական քայլեր անել։ Մինչ այդ Արեւմուտքն սպասում էր, որ Հայաստանը պաշտոնապես դիմեր իրենց, այսօր տեսնում են, որ եթե շարունակեն սպասել, Հայաստանը կկորցնեն առհասարակ։ Կան մարդիկ, որ ասում են՝ մեր սիրուն աչքերի համա՞ր պետք է մեզ օգնեն։ Ոչ, մեր սիրուն աչքերի համար չեն օգնելու, ուղղակի իրենց շահերն արդեն 100 տարի է՝ համընկնում է հայության շահերի հետ՝ սկսած Սեւրի պայմանագրից, երբ մեր քարտեզը հաստատել են, իսկ մենք դրանից չենք օգտվել։ Եկեք օգտվենք նրանից, որ Արևմուտքի շահերը համընկնում են մեր շահերի հետ։ Ես հաստատ համոզված եմ, որ Արևմուտքին ձեռնտու չէ, որ ռուսական կայսրության տապալումից հետո մեկ այլ՝ թուրանական կայսրություն առաջանա այս տարածքում՝ առանց Հայաստանի։ Դա բացարձակ իրենց շահերից չի բխում։ Հետևաբար, շրջանցելով Հայաստանի ու Արցախի իշխանություններին՝ նրանք իրենց քայլը կատարում են։ Եվ դրանից արդեն ռուսները վայնասուն են դրել։ Ասում են՝ ինչո՞ւ ԵՄ դիտորդներ տեղակայելու հարցով Ադրբեջանի կարծիքը չեք հարցրել։ Դուք պատկերացնո՞ւմ եք, ինչքան լկտիություն։ Ռուսաստանը խաղաղապահ ուժեր չի կարող ունենալ, խաղաղապահ լինում են միայն միջազգային մանդատով, Ռուսաստանը զավթիչ է։ Ցանկացած զորք, որը մտնում է մեկ այլ երկրի տարածք և չունի ՄԱԿ-ի մանդատ, դա նշանակում է, որ ինքը զավթիչ է։ Դրա համար էին Արցախի իշխանությունները գործի անցել։ Փոխանակ գնան Արևմուտք ու ասեն՝ Արցախին կարգավիճակ տվեք, իրենք գնում ու ՄԱԿ-ի դռան դիմաց պահանջում են Ռուսաստանի զորքերին մանդատ տալ։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե Արևմուտքում ինչքան են ծիծաղում մեզ վրա։ Երևի ասում են՝ բա սրանք ա՞զգ են։ Հետո երևի կողքից ասում են՝ այո, ազգ են, ուղղակի ծնկի բերված են այս կոլաբորանտների կողմից։ Դրա համար էլ իրենք ավելի հաստատակամ շարունակում են իրենց ուղին։ Այո, իրենք ուզում են փրկել հայ ժողովրդին, այո, իրենք պարտք են, որ ժամանակին ցեղասպանությունը աչքաթող են արել, և այսօր այդ պարտքը վերադարձնում են կոնկրետ քայլերով։ Իսկ Հայաստանի իշխանությունների թուլության վրա մարդու ծիծաղ է գալիս, տեսեք, թե Հաագայի դատարան ինչ թույլ փաստարկներով են հայց ներկայացրել։

ԱԺԲ-ն դիմել է Արցախի ժողովրդին՝ ցույց տալով ելքը։ Այն է՝ ժողովուրդ ջան, հույսներդ մի դրեք Արցախի իշխանությունների վրա։ Դուք ինքներդ կազմակերպվեք, ինքնուրույն դիմեք ՄԱԿ-ին՝ Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայելու համար, որպեսզի ցեղասպանությունը կանխեն։ Ես այդ նույնը առաջարկում եմ նաև Հայաստանի հասարակությանը։ ՀՀ իշխանությունը նույնպես վաճառված է Կրեմլին, ես առաջարկում եմ՝ եթե մնացած ուժերն իրենց համարում են ազատական, մտածում են հայ ժողովրդի մասին, պետք է միանան, համախմբվեն և դիմեն միջազգային ատյաններին։ Եթե այդ ուժերը չեն կարող ինքնակազմակերպվել, կարող են գալ ու միանալ ԱԺԲ առաջարկներին, որպեսզի դիմենք աշխարհին։ Ովքեր այս գաղափարը չեն ընդունում, ուրեմն կամ պետք է բացատրություն տան, թե ինչո՞ւ չեն միանում, կամ էլ ապացուցում են, որ ծախված են։