Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պետք է խորհրդարանում ունենանք էական լծակներով փոքրամասնություն»․Արաքս Մելքոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Հետևում էի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախորդ նիստին։ Այն, որ նիստերը հրապարակային են, լավ է թափանցիկության առումով, բայց կարևոր է հասկանալ, թե ինչ բովանդակություն է այնտեղ քննարկվում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Սահմանադրական փոփոխություններ՝ առանց փոփոխությունների. կառավարման համակարգը կմնա անփոփոխ» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը։

Ըստ նրա՝ այն, որ խորհրդի նիստերի ժամանակ անձանց ելույթները սահմանափակվում են երեք րոպեի շրջանակում, չի կարող թույլ տալ, որ բովանդակային քննարկումներ լինեն։ Արաքս Մելքոնյանը փորձեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումները հստակեցնել ու նկատեց․ «Մենք ի՞նչ ենք ուզում՝ կայուն լինի կառավարության իշխանությո՞ւնը և որևէ այլ ուժ չկարողանա՞ հակընդդեմ խոսք ունենալ։ Սա իրականում կայունություն չէ, այլ տանում է միակուսակցական կամ մեկ անձի կառավարման, ինչը հնարավոր է դառնա բռնապետություն։ Էական է հստակ քննարկել այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ կառավարման տարբեր համակարգերի պայմաններում, ինչը չի արվել»։

Արաքս Մելքոնյանի համար անընդունելի է, երբ խորհրդարանական մեծամասնության ձեռքում են պետական ամենակարևոր մարմինների ընտրությունները։ Նա հստակեցրեց․«Մեզ փոխզսպումների համակարգ է պետք։ Խնդիրը ոչ թե կառավարման համակարգերն են, այլ դրան նպաստող գործոնները, քաղաքական մշակույթը, կուսակցությունների զարգացվածությունը, էլիտայի մոտեցումները քաղաքական հարցերի վերաբերյալ։ Պետք է խորհրդարանում ունենանք էական լծակներով փոքրամասնություն։ Մենք պետք է ունենանք անկախ դատական համակարգ»։

Արաքս Մելքոնյանը դեմ է, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը միավորվեն։ Այս առիթով նա պարզաբանեց․ «Սահմանադրական դատարանը պետք է հստակ իր իրավասությունն ունենա»։

Հարցին՝ չեք կարծո՞ւմ, որ ինչ Սահմանադրություն էլ լինի, եթե չկա դա կիրառելու քաղաքական կամք, խնդիրը չի լուծվի, Արաքս Մելքոնյանը պատասխանեց․«Եթե մենք չունենանք քաղաքական մշակույթ և հասունություն քաղական ուժերի կողմից, ցանկացած կառավարման համակարգի պայմաններում էլ չենք ունենալու զարգացում ու անվտանգություն։ Նախագահական կառավարման համակարգի պայմաններում մենք կարող ենք ունենալ ճգնաժամեր, հեղաշրջում, իշխանության ճյուղերի սերտաճում և իշխանության զավթում, այս կառավարման համակարգի դեպքում էլ։ Խորհրդարանում պետք է լինի առողջ բանավեճ, ինչը չունենք։ Հիմա պատգամավորներն իրար մեղադրում են, բայց դրանից քաղաքական միտքը չի զարգանում։ Փոքրամասնությունը բոլոր հարցերում պետք է ունենա որոշիչ մասնակցություն։ Երբ օրինակ են բերում նույն խորհրդում կամ այլ բանավեճերում, որ նախագահական կառավարման համակարգն ավելի հակված է բռնապետության կամ այնտեղ ավելի շատ են հեղափոխություններ տեղի ունենում, բերում են այն երկրների փորձը, որտեղ կառավարման համակարգը եղել է ոչ ժողովրդավարական։ Նույն խորհրդարանական կառավարման համակարգն ունի նաև նացիստական Գերմանիան։ Աֆրիկյան պատերազմող երկրների փորձը բերել և ասել, որ այդտեղ գործող համակարգն ունի ռիսկեր, սա բոլորովին չի համապատասխանում ճշմարտությանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի