Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պուտինի քայլը մահացող կայսրության հոգեվարքի դրսևորում է․ ուկրաինահայ վերլուծաբան

Վլադիմիր Պուտինի քայլը մահացող կայսրության հոգեվարքի դրսևորում է։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է Ուկրաինայի տարածքների՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանին բռնակցելու որոշումը։ Մարատ Հակոբյանի խոսքով՝ այսպիսով Պուտինն ամբողջ աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեց իր ոչ ադեկվատ էությունը։

«Նրանք նույնիսկ չեն հասկանում, որ իրենց զինվորը չի կարողանում կռվել, զենք չունի, ի՞նչ միջուկային զենքի մասին են խոսում։ Իրենք վստա՞հ են, որ միջուկային զենք ունենք։ Իրենք սովորական զենք ունեն՝ 1950-60-ականների, որը չի դիմանում ուկրաինական զորքի այսօրվա հարվածներին։ Մարդիկ ապրում են հորինված իրականության մեջ, որն աշխարհի համար գոյություն չունի։ Աշխարհը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Ուկրաինան հայտարարել է, որ պետք է ազատագրի բոլոր տարածքները։ Այդ ընթացքում մեռնող կայսրությունն ինչ էլ որոշի, դա արդեն ոչ ոքի հետաքրքիր չէ։ Դա խռխռոց է, Պուտինն այն վիճակում չէ, որ իրական որոշումներ կայացնի։ Հնարավոր է՝ դա ներքին լսարանի համար արված քայլ է, որովհետև չափազանց աբսուրդ է, իրականության հետ կապը լրիվ կորցրել են»,- ասաց Մարատ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ վերոնշյալ տարածքների ազատագրման ուղղությամբ ուկրաինական բանակը հենց այսօր գործողություններ է իրականացնում։ «Եվ ռուսները երկու տեղում շատ մեծ շրջափակման մեջ են գտնվում։ Հետևաբար, ՌԴ այդ հայտարարությունները իրականության հետ կապ չունեն, իրենք նույնկերպ կարող էին ասել, որ լուսինն են հայտարարում իրենց տարածք»,- հավելեց նա։