Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռ․ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

«Նախագահ Քոչարյանի հասցեին Տեր-Պետրոսյանի հնամաշ մտքերին արդեն իսկապես ձանձրալի է որևէ կերպ անդրադառնալ»,- Yerevan.Today-ի հարցին ի պատասխան՝ ընդամենը այսքանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

Yerevan.Today-ը դիմել էր Բագրատ Միկոյանին՝ առաջին նախագահի այսօրվա պարզաբանմանն անդրադառնալու խնդրանքով։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը իր ընտանեկան կայքում հրապարակված «հավաստի աղբյուր»-ի անվան տակ ներկայացրել էր, թե ինչի շուրջ են բանակցում ինքն ու Իլհամ Ալիևը, և ինչ է պահանջում վերջինս։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անմիջապես արձագանքեց՝ նշելով․ «․․․ Պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել»։

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակն այսօր հրապարակեց նրա հավելյալ մեկնաբանությունը․  «Առաջին նախագահի երեկվա արձագանքից շատերը եզրակացրել են, թե նա դրանով վիժեցրեց իշխանության և ընդդիմության միջև երկխոսության կայացման հնարավորությունը: Նրանք պարզապես չեն հասկացել, որ այդ գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետևանքով: Դրանց արդյունքը, փաստորեն, հետևյալն է. Քոչարյանի նպատակն ամեն գնով Փաշինյանի իշխանության տապալումն է, իսկ Փաշինյանի նպատակը՝ ամեն գնով իր իշխանության պահպանումը: Սրանով, ըստ էության, նրանք միաձայնությամբ հայտարարեցին, որ երկխոսության կայացմանը հասնելու կամուրջներն այրված են»: