Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ռազմավարության գլխավոր նպատակը՝ Հայաստանը դարձնել բարձր նվաճումների երկիր». Կարեն Գիլոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Նախագծի հիմնական ուղղությունները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նրա խոսքով՝ 2023-2030 թթ. ռազմավարությամբ սահմանված նպատակներից մեկը Հայաստանը բարձր նվաճումների երկիր դարձնելն է: Սահմանվել են բավական հավակնոտ  թիրախներ, և դրանք իրականացնելու համար առկա են բոլոր հիմքերը:

Մարզադպրոցների  գործունեություն միասնական մոդելի ներդրում

Ներկայում Հայաստանում գործում է 174 մարզադպրոց, որոնցից միայն 26-ն են ՊՈԱԿ, մյուսները՝ համայնքային պատկանելության մարզադպրոցներ են: Նախարարի տեղակալը կարևորել է հանրապետության բոլոր համայնքներում մարզադպրոցների առկայությունը: «Եթե չենք ցանկանում հիվանդանոցներ կառուցել, պետք է մարզադպրոցներ կառուցենք»,- շեշտել է Կարեն Գիլոյանը:

Յուրաքանչյուր մարզում մեկական պետական համալիր մարզադպրոցի հիմնում

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մարզադպրոցների հիմնումը թույլ կտա չսահմանափակել սպորտային ուղղվածությունը, զարգացնել նաև խաղային մարզաձևերը և չհիմնվել միայն հենակետային մարզաձևերի վրա: «Մենք մեծ հաջողություններ ենք գրանցում ըմբշամարտում, ծանրամարտում, բռնցքամարտում, սամբոյում և ձյուդոյում, սակայն ժամանակն է զարգացնել նաև խաղային մարզաձևերը: Ռազմավարության ծրագրով նախատեսում ենք նաև արագ հավաքվող, թեթև կոնստրուկցիաներով մարզադահլիճներ տեղադրել. առաջինը կտեղադրվի Երևանի մերձակա շրջաններից մեկում: Դրանք նախատեսված կլինեն բասկետբոլի, ֆուտզալի, վոլեյբոլի, մասամբ նաև հանդբոլի համար»,- ընդգծել է Կարեն Գիլոյանը:

Մարզադպրոցներում բաց դռների օրեր և մրցույթների կազմակերպում

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ այն օժտված երեխաների բացահայտման նպատակ է հետապնդում, որպեսզի մարզիչները հանրակրթական դպրոցներից ևս կարողանան տաղանդավոր երեխաների ընդգրկել:

Միջազգային չափանիշներին համապատասխան մարզաբազաների ստեղծում և ներդրումային ծրագրերի մշակում

Կարեն Գիլոյանի խոսքով՝ Հայաստանում այսօր միջազգային չափանիշներին համապատասխան մարզաբազաների լուրջ խնդիր կա, քանի որ առկա է այդպիսի ընդամենը 2 բազա՝ Ծաղկաձորի մարզաբազան և Օլիմպավանը: Ծանրամարտի համար քիչ թե շատ հարմար է նաև Աբովյանի մարզադպրոցը. «Այլ բազաներ, ցավոք, չունենք: Իսկ դա նշանակում է, որ խնդիրների առաջացման դեպքում մարզիկները զրկվում են ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորությունից: Բավական է հավաքականը մեկ կամ երկու հավաք չանցկացնի, ամբողջ տարին կարելի է ձախողված համարել: Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզաբազաների ստեղծումն ուղղակի անհրաժեշտություն է»:

Մարզական  համալիրների կառուցում և գույքի ապահովում

2022 թվականին մանկապատանեկան  մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ հասարակական կազմակերպություններին անհատույց սեփականության իրավունքով, ընդհանուր առմամբ, տրամադրվել է ավելի քան 280 մլն դրամ արժողությամբ մարզագույք: Այս տարի գույքի ձեռքբերման 100 մլն դրամ արժողությամբ ծրագիր է նախատեսվում. 2024-2030 թթ. այդ նպատակով կհատկացվեն շատ ավելի մեծ գումարներ:

Կարեն Գիլոյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը շուտով կսկսի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի կառուցման աշխատանքները, որը Երևանում 2027 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնության համար ծառայելու է որպես մարզումային դահլիճ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկառուցվի մրցումային դահլիճը, իսկ 2024 թվականից սկսած՝ միջնաժամկետ կտրվածով կդրվի նոր գույք ձեռքբերելու ծրագիրը: Մինչև 2026 թվականը կլինի 6 լրակազմ, որոնցից յուրաքանչյուրը 80-90 հազար եվրո կարժենա: ԿԳՄՍ նախարարի տեղակալի գնահատմամբ՝ Եվրոպայի առաջնությունից հետո Հայաստանն առնվազն 15 տարի մարմնամարզության գույքի խնդիր չի ունենա :

«Նմանօրինակ գույքային ծրագիր իրականացնում ենք նաև այս տարվա ծանրամարտի Եվրոպայի առաջնության համար: Մոտ 1.5 մլն դոլարի գույք ենք ձեռք բերել, ԵԱ-ից հետո՝ 2024 թվականին, կանցկացնենք ևս մեկ միջազգային մրցաշար հավանաբար արդեն երիտասարդների պայքարում, այնուհետև գույքը կբաժանվի մարզադպրոցներին »,- փաստել է Կարեն Գիլոյանը:

Նրա խոսքով՝ շուտով կավարտվի Գյումրիում Ա. Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցումը, որը նույնպես կխթանի 13 մարզաձևի զարգացումը: Ներկայում կառուցվում է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի դպրոցը, բանակցություններ են ընթանում Վիկ Դարչինյանի և Արթուր Աբրահամի հետ՝ նրանց անվամբ մարզադպրոցներ կառուցելու հարցով:

Ռազմավարական այլ ծրագրեր

Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ ռազմավարության նախագծում առաջարկներ կան մարզիչների մասնագիտական զարգացման վերաբերյալ: Ուշադրություն է դարձվելու մասսայական սպորտին, որի շրջանակում իրականացված միջոցառումներին անցած տարի մասնակցել է շուրջ 61 հազար մարդ, այդ թվում՝ Վարչապետի գավաթի 5 մրցաշարերին: Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև մարզերում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն ու պահպանմանը՝ զարգացնելու մասսայական սպորտը:

Անդրադարձել է կատարվել նաև գիտամեթոդական և բժշկահետազոտական կենտրոն ունենալու անհրաժեշտությանը:

Նախատեսվում է նաև ընդլայնել միջազգային սպորտային կազմակերպություններին  մասնակցությանը՝ որակյալ մարզչական անձնակազմ ունենալու նպատակով: Կներդրվի ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների կամավոր ատեստավորման գործընթացը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ