Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ ԱԳՆ. Առաջնահերթություններից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է

«Ռուսաստանը, որն ուղղակիորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգռված է այս տարածաշրջանի կայունությամբ և բարգավաճմամբ, առևտրալոգիստիկ և ներդրումային, տեխնոլոգիական հնարավորությունների բացահայտմամբ ու փոխշահավետ օգտագործմամբ։ Հենց դրան են ուղղված մեր դիվանագիտության ջանքերը»,-ասվում է  ՌԴ ԱԳՆ-ի՝ ԶԼՄ-ների հարցին ի պատասխան տված մեկնաբանությունում, որը վերաբերում է Անդրկովկասում Ռուսաստանի ռազմավարական ծրագրի, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման գործընթացին ռուսական կողմի մասնակցությանը։

Տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանը Անդրկովկասյան հանրապետությունների հետ կապված է ընդհանուր պատմությամբ, հոգևոր և մշակութային մտերմությամբ, ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերով։

«Մենք ինտենսիվ աշխատում ենք տարածաշրջանում կուտակված կոնֆլիկտային ներուժը հաղթահարելու ուղղությամբ։ Այս առումով առաջնահերթ խնդիրներից է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Հիմնարար են համարվում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները։ Համոզված ենք, որ գործընթացի հաջողությունն ամբողջութամբ կախված է այդ եռակողմ հայտարարություններին միանշանակ հետևելուց:

Ինչ վերաբերում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, ապա 2022 թվականի հունվարին հենց Ռուսաստանի հովանու ներքո այդ նախաձեռնությունը մեկնարկեց, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռ. Ռուբինյանի և Ս.Կիլիչը։

Երկուսի հետ էլ սերտ կապի մեջ ենք մինչ օրս։ Մենք ողջունում ենք վերջին զարգացումները, որոնք հեռանկարներ են բացում հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա առողջացմանը»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։