Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ ԱԳՆ. Կարիք չկա Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտել

Կարիք չկա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտել, և Բաքուն և Երևանը համաձայն են նրանց աշխատանքի ձևերի հետ և աջակցում են դրան: «ՌԻԱ Նովոստի»,-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պետր Իլյիչևը։

«ԼՂ հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ զորակազմը, որին պետք չէ ՄԱԿ-ի մանդատ տալ, քանի որ առաջին եռակողմ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արդեն հստակորեն ամրագրված են մեր խաղաղապահների գործունեության եղանակները։ Այդ կապակցությամբ հակամարտության կողմերի միջև կա կոնսենսուս, և այս փաստն այստեղ առանցքային է»,-ասել է Իլյիչևը։

Նրա խոսքով, պետք է հատկապես նշել, որ «ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում, ինչը առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության համատեքստում»։

Նիկոլ Փաշինյանը հունվարի սկզբին ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի ավարտից հետո կարող է հետևել խնդրանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ տարածաշրջան միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու վերաբերյալ։ Բացի այդ, Փաշինյանը նախկինում Ռուսաստանին կոչ էր արել բարձրացնել Ղարաբաղի հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ըստ նրա՝ Մոսկվան պետք է Անվտանգության խորհրդում նախաձեռնի «ռուսական խաղաղապահ կոնտինգենտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից մանդատ տալու հարցը, կամ հավելյալ խաղաղապահ բազմազգ կոնտինգենտի ուղարկելով Ղարաբաղ»։ Մեկնաբանելով Հայաստանի վարչապետի խոսքերը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ միջազգային խաղաղապահները կարող են Ղարաբաղ ներգրավվել միայն հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ։