Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ռիսկ չկա՞, որ այսպես դատախազությունն ամեն ոլորտին կմիջամտի ու մահակ կդառնա իշխանության ձեռքին»․ Մինասյանը՝ գլխավոր դատախազի տեղակալին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ինչպես հայտնել էինք, կառավարության հեղինակած՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» մասին նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել «պետական շահ» հասկացությունը՝ դրանում ներառելով նաեւ «հանրային շահ»-ը։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր փաթեթի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հարցի զեկուցող, արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանին հարցրեց՝ նախկինում «հանրային շահ» եւ «պետական շահ» հասկացություններն ինչո՞ւ չէին միավորում, չէ՞ որ պարբերաբար խոսվել է, որ դա խնդիր է։

Լեւոն Բալյանը պատասխանեց․ «Մեխը դրվել է նրա վրա, որ օրենսդրական տարընկալումներ չլինեն։ Կարծում եմ որեւէ տեղում չկա հիմնավորվում գրված»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը շարունակեց թեման՝ կարծիք հայտնելով, որ «պետական շահ» սահմանադրական հասկացությունն այսպես ընդլայնվում է․ «Այստեղ սահմանադրական խնդիր չեք տեսնո՞ւմ։ Նոր կարգավորմամբ դատախազությանն իրավունք եք տալիս արտաքրեական գործերով ստանձնել նոր լիազորություններ՝ բոլոր ուղղություններով, այդ թվում ՏԻՄ մարմինների հնարավոր անգործության կամ գործողությունների դեպքում դատական հայցեր ներկայացնելու համատեքստում։ Սահմանադրությունը ձեզ թույլ տալի՞ս է ընդլայնել «պետական շահ» հասկացությունը։ Ռիսկ չկա՞, որ կվերականգնվի խորհրդային տարիների այն գործառույթը, երբ դատախազությունն ամեն ոլորտին միջամտում էր եւ մահակ էր հանդիսանում իշխանության ձեռքին։ Կամ, կարո՞ղ է լինել իրավիճակ, երբ դատախազներն անընդհատ բողոքարկեն դատավորների՝ ազատազրկման ժամկետի հետ կապված որոշումները։ Սա դատարանների համար ծանրաբեռնվածություն կբերի, աշխատանքն էլ արդյունավետ չի լինի»։

Լեւոն Բալյանը պատասխանեց․ «Բողոքարկումների վերաբերյալ կարելի է մտածել ձեւակերպումների առնչությամբ, բայց մտահոգությունը, որ ծանրաբեռնվածություն կլինի, այո, չենք կարող բացառել, բայց եւ կարծում ենք, որ սա անհրաժեշտ կարգավորում է»։

Արծվիկ Մինասյանի մյուս հարցերի պարզաբանումը փոխնախարարը վերապահեց նիստի հրավիրյալ՝ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։ Մինչեւ խոսքի իրավունքը կտրվեր նրան, հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց՝ բողոքարկումների հետ կապված Արծվիկ Մինասյանի հետ կհամաձայներ, եթե բողոքարկումն անպայման հանգեցներ ակտի վերանայմանը․ «Բայց սա պարզապես լիազորություն է, որը տրված է դատախազին։ Նման կարգավորում հիմա էլ կա, բայց սրանով հստակեցնում ենք լիազորությունը»։

Ապա ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Վլադիմիր Վարդանյանին ինչ-որ բան հարցրեց, բայց խոսափողը միացված չէր։ Վարդանյանը խնդրեց միացնել, որովհետեւ խոսքը չի լսվել, ինչից հետո Խաչատրյանն ասաց՝ ավելի լավ, որ չլսվեց, հետո հարցրեց՝ ինչո՞ւ է այս հարցն անհետաձգելի։ Վարդանյանը պատասխանեց, որ կարող է ենթադրել, այլ ոչ թե հստակ պատասխանել։

Ապա Արծվիկ Մինասյանը դիմեց իշխանական խմբակցությանը․ «Մի անգամ էլ դուք մտեք ՍԴ։ Մեծամասնություն եք, մտեք, ՍԴ-ին ասեք՝ թեեւ ընդունել ենք, դուք տվեք պարզաբանում։ Կամ նախագահին ասեք մտնի ՍԴ ու ներկայացնի «պետական շահ» եւ «հանրային շահ» հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունները։ Սահմանադրությունը երկու հասկացություններն էլ օգտագործում է, դուք օրենքով ո՞նց եք դրանք նույնականացնում»։

Վլադիմիր Վարդանյանն այսպես արձագանքեց․ «Երբ ԱԺ ընդդիմադիր փոքրամասնությունն է մտնում ՍԴ, կա տրամաբանություն, որ իր դիրքորոշումը չի կարողացել համոզել մեծամասնությանը։ Եթե մեծամասնությունն է դիմում, հարց է առաջանում՝ բա դուք մեծամասնություն չե՞ք։ Մենք ՍԴ պետք է դիմենք բացառապես մեր լիազորությունների շրջանակում»։

Այնուհետեւ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին հնարավորություն տրվեց պարզաբանելու Արծվիկ Մինասյանի հարցադրումը՝ նշյալ երկու եզրույթների մեկնաբանությունը բխո՞ւմ է սահմանադրական կարգավորումներից, թե ոչ։ «Պետական շահի մեկնաբանության դեպքում հարցը հետեւյալն է՝ կոնկրետ հոդվածով սահմանված պետական շահի հասկացության մեջ հնարավո՞ր է ընկալել «համայնքային շահ» հասկացությունը։ Մեկնաբանությունները տարբեր են, ուստի պետք է օգտագործել մեկնաբանության բոլոր մեթոդները եւ հանգել այն մեկնաբանությանը, որը բխում է հանրային, պետական շահից եւ իրավաչափ է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Սահմանադրությունն, այո, ՏԻՄ մարմիններն ու պետական մարմինները տարանջատել է, բայց դա ունի համակարգային դերակատարում։ Ամեն մեկին հնարավորություն է տրված ինքնուրույն լուծելու համայնքային հարցերը, բայց սա չի նշանակում, որ պետությունն ու համայնքն իրարից բացարձակ առանձին են ու չեն կարող ամբողջի մաս կազմել»,-նախ նշեց Անահիտ Մանասյանը։

Նա շեշտեց, որ երկու մարմիններն էլ անկախություն պետք է ունենան, բայց դա չի նշանակում, որ պետության շահը չի կարող հանրային շահ ներառել․ «Ուստի մենք ոչ թե փոխում ենք «պետական շահ» հասկացությունը, այլ հստակեցնում ենք այն՝ ներառելով համայնքային շահը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ