Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռոբերտ Քոչարյանի խնամու եղբոր որդի՞ն է սաբոտաժ անում. ինչի՞ մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱԺ-ում ՀՀ 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, իր եզրափակիչ ելույթում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց:

«Մենք 231  մլրդ դրամ տալիս ենք, ասում ենք՝ կառուցեք ճանապարհներ, կառուցեք դպրոցներ, կառուցեք մանկապարտեզներ, բայց մարդիկ չեն կարողանում կառուցել, և կառավարությունը ստիպված բյուջեն հետ է բերում, կրկին վերաբաշխում է անում: Բայց սրա պատճառը ո՞րն է, որովհետև Հայաաստանում երկար տարիներ մարդիկ շինարարական ընկերություն բացելու համար պիտի «դաբրո» ունենային, տենդեր հաղթելու համար պիտի «դաբրո» ունենային և այլն: Այսօր սկանդալի նոր աղբյուր են գտել՝ «իշխանության հետ կապ ունեցող ընկերությունը շահեց հերթական տենդերը»: Իսկ որ մենք սկսենք ասել ընդդիմության հետ կապ ունեցող ինչքան մարդ է շահում տենդերը: Այդ տենդերների կեսը, կեսից շատը դեռ նախկին իշխանության մենաշնորհի հետևանքով ստեղծված ընկերություններն են շահում, դեռ մի բան էլ սաբոտաժ են անում: Նույնիսկ ռազմավարական նշանակության ճանապարհների աշխատանքները դիտավորյալ դանդաղեցնում են, որ չկատարեն: Այդ ո՞ւմ եք մեղադրում: Մի ընկերություն կա, ձեր լիդերի ընտանիքի անդամինն է, միլիարդների տենդեր է շահել: Եկեք գնանք տեսնենք՝ այդ տենդերը ո՞նց է իրականացվում, ի՞նչ ժամկետներում. եկել կապիտալ ծախսերի իրականացման համար կառավարությանը քննադատում են: Կարող է նաև դրա համա՞ր եք ասում այդ գործերը մի արեք, որ վերջում գնանք ասենք կառավարությունը կապիտալ ծախսերի ծրագիրը չի իրականացնում»:

Aravot.am-ը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հետաքրքրվել է՝ ո՞ր ընկերության մասին է խոսքը, ո՞ր ընկերությունն է, որ սաբոտաժով է զբաղված եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկել պետությունն՝ այդ ընկերությանը կարգի հրավիրելու համար: Խնդրել ենք նաեւ հստակ անուն նշել, թե ընդդիմադիր ո՞ր լիդերի ընտանիքի հետ է փոխկապակցված տվյալ ընկերությունը: Այս եւ այլ հարցերի մասին նախարարության պատասխաններին դեռ սպասում ենք:

Ռազմավարական նշանակության ճանապարհը, որի աշխատանքներն, ըստ Նիկոլ Փաշինյանի, «դիտավորյալ դանդաղեցնում» են, Aravot.am-ի տեղեկություններով, Մ-12  ճանապարհի Տեղ-Կոռնիձոր հատվածին է վերաբերվում: Դա Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի մի հատվածն է: 33,8 կիլոմետրանոց ճանապարհի 11,8 կմ-ն ՀՀ տարածքում է. այն սկսվում է Մ-12 (Գորիս-Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ) միջպետական ճանապարհի Տեղ գյուղի հատվածից, անցնում Կոռնիձոր գյուղով եւ ավարտվում պետական սահմանի մոտ, որն անցնում է Հագարի գետով: Սահմանային հանգույց է գետի վրա կառուցված նոր կամուրջը: Ճանապարհի շինարարությունը նախատեսված է ավարտել 2023 թվականի գարնանը: Կառուցապատողը՝ «Լեոպոլդ եւ ընկերներ» ՍՊԸ-ն  է: Ընկերությունը հիմնադրվել է 2011-ին՝ Արմեն Գագիկի Բադալյանի կողմից: Նա  նաեւ տնօրենն է: Վերջինս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամու՝ ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի եղբոր որդին է:

Օգոստոսի 24-ին, կառավարության նիստում, ավտոճանապարհի վերակառուցուման 2022 թվականին իրականացվելիք շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար հատկացվել  է 5,551,808,100.0 ՀՀ դրամ. շինարարական աշխատանքների համար՝ 5,463,772,110.0 ՀՀ դրամ, տեխնիկական հսկողության համար՝ 54,052,443.0 ՀՀ դրամ և հեղինակային հսկողության համար՝ 33,983,547.0 ՀՀ դրամ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը՝ 1.080.000.000 դրամ է, որից 180.000.000 դրամն ԱԱՀ-ն է:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ երկրորդ նախագահի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերությունն ինչո՞ւ է սաբոտաժ անում ռազմավարական նշանակության ճանապարհի շինարարությունը, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Փոխկապակցված չի, սաբոտաժ չի անում: Ընկերության սեփականատերը ես եմ, աշխատանքներն էլ կատարվում են: Մենք Հայաստանում շատ ճանապարհներ ենք կառուցել: Պատմության մեջ հաստատ այդքան ճանապարհ սարքած կազմակերպություն չկա եւ, հիմնականում, վերջին չորս տարիների ընթացքում են մեզ մոտ շատ լուրջ սկսել զբաղվել ճանապարհաշինությամբ: Հիմա էլ, այն բոլոր ճանապարհները, որոնք մատնանշեցիք, սարքվում են, այս պահին էլ աշխատում են մարդիկ՝ 24 ժամ: Ամեն ինչ արվում է, որ ժամկետներում ավարտենք: Տեխնիկական դժվարություններ, իհարկե, կան: Ու անկախ նրանից՝ դա ռազմավարական ճանապարհ է, թե՝ ոչ, մենք բոլոր տեղերում փորձում ենք ժամկետներում ավարտել, բայց տեղեր կան, որ մեծ դժվարությունների ենք հանդիպում, ինչ-որ խնդիրներ են առաջանում, ժամկետները ձգվում են»:

Մեր զրուցակիցը շատ չմանրամասնեց, թե հատկապես ի՞նչ դժվարությունների մասին է խոսքը, ասաց, որ դրանք տեխնիկական են եւ հաճախ իրենցից կախված չեն լինում, բայց որքան որ հնարավոր է՝ հաղթահարելով, առաջ են գնում: Մի բան նա երաշխավորում է. «Մարդիկ ամեն ինչ արել են՝ 24 ժամ եւ ամբողջ ժամանակահատվածում, որպեսզի ճանապարհները, այդ թվում՝ ձեր նշած ճանապարհները, կառուցվեն ժամկետում, օր առաջ բացվեն: Մենք շատ գործեր էլ արել ենք ժամկետներից շուտ, նույնիսկ, անհնարին ժամկետներում ենք գործեր արել-վերջացրել, ու բոլորը միշտ որակով են եղել»:

Aravot.am-ի տեղեկություններով՝ որոշ ժամանակ առաջ ընկերության տեխնիկան առգրավվել է, շինարարական աշխատանքները որոշ ժամանակ նույնիսկ դադարեցվել են. հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պատճառով: «Կա նման խնդիր, բայց փորձում ենք այնպես անել, որ դա աշխատանքի վրա չանդրադառնա»,- ասաց Արմեն Բադալյանը՝ չցանկանալով պատճառների մասին խոսել: «Չեմ ցանկանա հիմա այդ հարցով շատ խորանալ: Ես հիմա հիմնականում կենտրոնացած եմ նրա վրա, որ որքան հնարավոր է՝ ընկերությունն իր ներուժը ներդնի, եւ աշխատանքները ժամկետում ավարտենք, որովհետեւ, դա պետության համար կարեւորագույն ճանապարհ է: Ինձ համար էլ է շատ կարեւոր ու ինձ համար պատվի հարց է, որ պիտի ժամկետում ավարտվի: Տաթեւ-Լծեն ճանապարհահատվածի վրա մենք արդեն գործ ենք անում, գործնականում, արդեն ավարտին են մոտենում ասֆալտապատման աշխատանքները, համարյա բան չի մնացել: Շատ մեծ, ահռելի աշխատանք է կատարել կազմակերպությունը. մարդիկ ամեն ինչ արել են, որ դա հասցնեն եւ, ի պատիվ մեզ, հասցնում ենք: Լծեն-Շամբ հատվածն այս տարի օգոստոսին ենք սկսել. նման տիպի ճանապարհ սարքելու համար, որպես կանոն, պետք է գոնե մեկ տարի ժամանակ տրվի, բայց էլի, ի պատիվ մեզ, փորձելու ենք այն վիճակի հասցնել այս տարի, որ գրեթե բան չմնա, եթե եղանակը բարենպաստ լինի»:

Ճանապարհի երկրորդ՝ Քաշաթաղի (Լաչինի) շրջանով անցնող միջանցքային 8 կիլոմետրանոց հատվածի 5 կիլոմետրը՝ Կոռնիձորից մինչեւ պետական սահման, կառուցվում է արցախյան «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից: Հագարիի կամրջից մինչեւ Տասը Վերստ ձգվող 22 կմ-անոց ճանապարհը կառուցել է ադրբեջանական կողմը, եւ արդեն այս օգոստոսից Հայաստան-Արցախ երթեւեկությունը կազմակերպվում է այդ ճանապարհով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ