Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռոբերտ Քոչարյանի տպավորությամբ Արցախի իշխանությունը համագործակցում է Ադրբեջանի հետ

«Ցավոք, բայց իմ բոլոր մտահոգությունները, որոնք հնչեցրել էի անցած անգամ հենց այս նույն դահլիճում, իրականություն են դառնում, և իրավիճակը շտկելու ուղղությամբ իշխանությունը քայլեր չի ձեռնարկում»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպումն այսպես սկսեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա տպավորությամբ, Արցախի թեման ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում, և ոչ միայն բրյուսելյան ձևաչափում։

«Հիմա խոսքը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։  Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Ղարաբաղի շուրջ էր, ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է  այս հարաբերությունները կարգավորել առանց որոշակիություն ու միասնական պատկերացում ունենալու ԼՂ խնդրի հետ կապված։ Հետևաբար, եթե այստեղ առաջընթաց կա, ապա կարելի է եզրակացնել, որ Ղարաբաղի հարցում կա համաձայնություն կամ լռությամբ, կամ ոչ լռությամբ։ Այն հանգամանքը, որ «Արցախի Հանրապետություն», «ինքնորոշում», «սուվերենություն» արտահայտությունները Հայաստանի պաշտոնյաների բառապաշարից իսպառ կորել են, խոսում է  այն մասին, որ մենք այստեղ ունենք լրջագույն պրոբլեմ։ Ադրբեջանն ասում է, և այդ մասին չի թաքցնում, Ղարաբաղի հարցը կարգավորված է, մենք ձեզ հետ Ղարաբաղի մասին խոսելու ոչինչ չունենք, և ինչքանով ես գիտեմ, Հայաստանը չի պայքարում այդ մոտեցման դեմ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, եթե այսպես շարունակվի, ապագա բանակցային գործընթացը կարող է ընթանալ Բաքու-Ստեփանակերտ և ինչ-որ չափով Մոսկվա ֆորմատով, իսկ դրա հետևանքները կարող են գնահատել փորձագետներն ու լրագրողները։

«Տպավորությունն այնպիսին է, որ Ղարաբաղի իշխանությունը հարմարվել է այս վիճակի հետ, իհարկե իրենց հայտարարություններում խոսում են սուվերենության, ինքնորոշման, Հանրապետության մասին, բայց այլ խոսակցություններում թեման մի քիչ ուրիշ է։ Ինքնաարդարացման են գնում, բացատրությունը հետևյալն է, ի՞նչ անենք, Հայաստանը ձեռքերը լվացել է, մի ելք պետք է գտնենք ժողովրդին այստեղ պահելու համար, և դա հնարավոր չէ անել առանց Ադրբեջանի հետ համագործակցության։ Համոզված եմ, որ այստեղ նստած լրագրողների մեծամասնության մոտ այդ տպավորությունը ևս ստեղծվել է։ Վերջերս Ղարաբաղի իշխանությունը դա անումէ  բավականին մեծ ջանասիրությամբ»,-ասաց Քոչարյանը։


Նա նշեց,  Արցախի կախվածությունը Ադրբեջանից այս ընթացքում զգալիորեն մեծացել է, քանի որ նոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ գազամուղ չի կառուցվել, էլետրական սյուները չեն տեղափոխվել, կապի մալուխը մնացել է հին ճանապարհի վրա։

«Ադրբեջանը ցանկացած պահին կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար։ Ղարաբաղի իշխանության համար սա լինելու է ևս մի բացատրություն, թե ինչի է պետք համագործակցել Ադրբեջանի հետ։ Ամենից մեծ վտանգն այն է, որ փորձելու են գնալ Ղարաբաղի պետական ինստիտուտների ապամոնտաժման ճանապարհով։ Տեխնիկապես ինչ ճանապարհ են ընտրելու, դժվարանում եմ ասել։ Սրա դեմ պետք է պայքարի Ղարաբաղի ժողովուրդը»,-նշեց նա։
ՀՀ երկրորդ նախագահը, վկայակոչելով հարցումների արդյունքները, ընդգծեց, Հայաստանի ժողովրդի մոտ 95 տոկոսը չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում, բայց դեռ չի պայքարում դրա դեմ։

«Կա՛մ այդ հարցումների ժամանակ անկեղծ չեն իրենց պատասխաններում, կա՛մ դեռ շարունակում են հավատալ այս իշխանությունների հավաստիացումներին»,-ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ գտնվում ենք անվտանգային խոր ճգնաժամի մեջ, իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը և չի կարողանում ներգրավել միջազգային գործընկերներին՝ պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու համար։

« Իշխանությունը տարվել է խաղաղության դարաշրջան բացելու ուտոպիստական թեզով և այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր։ Սա ընտրած կուրսի հերթական ձախողումն է»,-ընդգծեց ՀՀ երկորրդ նախագահը։