Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուբեն Վարդանյանը դեռ որոշում չի կայացրել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել՝ ընդունե՞լ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին, թե՞ ոչ։ Նրա վերջնական որոշումը կախված կլինի մի շարք հանգամանքներից։

Aravot.am-ի հետ զրույցում Ռուբեն Վարդանյանն ասաց, որ ինքը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ ստանձնելու որոշակի պարտավորություններ, որոնք կնպաստեն Արցախում անվտանգային միջավայրի ամրապնդմանը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի Արցախի զարգացմանն ու հարատեւմանը:

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ ժողովուրդը պետք է մեծ վստահություն ունենա եւ իր ապագան Արցախում տեսնի։ Հստակեցնող հարցին՝ հանուն Արցախի գոյության եւ հարատեւման պատրա՞ստ է ինքն այս իրավիճակում ստանձնել պետնախարարի պաշտոնը, որը ավելի շատ բեռ է լինելու եւ պատասխանատվություն, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց, որ այդ հարցն իր համար զուտ պաշտոնի հարց չէ, այլ մոտեցման, եւ հասկանալով իրավիճակը, դրա լրջությունը, պետք է կողմնորոշվել նաեւ կառավարման  համակարգի ու գործիքների փոփոխության անհրաժեշտության հարցում, իսկ դրա համար իրեն ժամանակ է պետք։ Այդ մասին Ռուբեն Վարդանյանն ասել է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ զրույցում։ Ժամանակն էլ Ռուբեն Վարդանյանին անհրաժեշտ է հասկանալու համար մարդկանց մոտեցումները եւ պատրաստակամությունը այս բարդագույն իրավիճակը միասնաբար հաղթահարելու առումով։ Թե հատկապես ո՞ւմ մոտեցումներն է պետք ճշտել՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ կառավարության անդամների, ուսանողների, երիտասարդների, գյուղաբնակների, քաղաքաբնակների եւ այլ խավերի։ Պարոն Վարդանյանի փոխանցմամբ՝ այս հարցում մոբիլիզացիան եւ կոնսոլիդացիան որքան մեծ՝ այնքան լավ, ինչպես Արցախում,  այնպես էլ համայն հայության շրջանում։

Պարոն Վարդանյանը տեղեկացրեց, որ Արայիկ Հարությունյանի առաջարկին վերջնական պատասխան ինքը դեռեւս չի տվել, բայց պատասխանի ձեւավորման ուղղությամբ իր հանդիպումները շարունակվում են։

«Եթե մենք ասում ենք, որ այժմ Սարդարապատ է եւ Սարդարապատը ընդունում ենք իբրեւ իրավիճակ, ապա պետք է գիտակցենք իրավիճակի ողջ լրջությունը և պատրաստ լինեք  համախմբվել Արցախի  պահպանություն ու անվտանգության գաղափարի շուրջ»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ իր հանդիպումների եւ հանրային տարբեր շրջանակների հետ քննարկումների արդյունքում կփորձի հստակեցնել  նաև այն կարմիր գծերը, որոնք սահմանում են այդ հանրային շրջանակները ու ըստ այդմ կկայացնի իր վերջնական որոշումը։

Մի բան Ռուբեն Վարդանյանի համար հուսադրող եւ ուրախացնող է. Արցախից դուրս էլ շատ են մեր հայրենակիցները, մարդիկ, ովքեր կիսում են իր մոտեցումները եւ պատրաստ են իրենց հնարավորությունները, հմտությունները ու կարողությունները ներդնել  Արցախի պահպանության եւ զարգացման գործում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ