Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուս զինվորականները պետք է լքեն ՀՀ գլխավոր շտաբը։ Նրանք բացի մեր տեղեկությունները թշնամուն փոխանցելուց, ոչինչ չեն անում

Lragir.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանի կառավարության կողմից հարյուրավոր միլիոն դոլարներ վճարված են, բայց այդ թվում դաշնակից երկրները չեն կատարում զենքի մատակարարման պարտավորությունները։ Սա ի՞նչ է նշանակում և ի՞նչ պետք է անել։

Գումարը վճարելու և զենք չստանալու մասին տեղյակ էին շատերը։ Դեռևս 44-օրյա պատերազմի օրերից, եթե չեմ սխալվում, 200 մլն դոլար էր փոխանցվել, և զենքը չէր ստացվել։ Սա առնվազն երկու նշանակություն ունի։ Առաջինը՝ Ռուսաստանը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության դաշնակիցը և չի ուզում աջակցել։ Երկրորդ՝ Ռուսաստանը չի ուզում աջակցել, որովհետև եթե մինչև ուկրաինական պատերազմի մեկնարկը Ռուսաստանը դեռևս ուներ զենք, պարզապես դրանք մեզ փոխանցելու կամք չուներ, հիմա այդ զենքն էլ չունի, եղած-չեղածն օգտագործել է, մնացել են հին, մաշված զենքեր։ Ռուսաստանն ինքն է աշխարհում զենք որոնում՝ գնելու համար։ Եզրակացություն՝ Հայաստանը պետք է գտնի այլ դաշնակիցներ և զենքի այլ աղբյուրներ։

Տեղեկություն եղավ, որ ԱՄՆ-ն կարող է զենք վաճառել Հայաստանին, բայց ՀՀ-ն ՀԱՊԿ-ից պետք է դուրս գա։ Ի՞նչ քայլեր պետք է անել։

Այո, Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և ոչ միայն ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից էլ պետք է դուրս գա։ Այդ բոլոր մեռելածին, մեզ կաշկանդող ու ոչինչ չտվող տարբեր կառույցներից պետք է դուրս գալ, որտեղ մենք չունենք ընդհանուր շահեր, ընդհակառակն ունենք մեր գործողությունները սահմանափակող օրենսդրական, կանոնադրական նորմեր։ Այդ գործընթացը պետք է սկսել, զուգահեռ Արևմուտքի հետ պետք է աշխատել, այնտեղ ունենալ Հայաստանին օգնելու տարբեր օրինագծեր։ Բնականաբար, իրենք որպես նախապայման են դնելու վստահությունը, որ այդ ամբողջը կմնա Հայաստանում և ռուսների ձեռքը չի ընկնի։ Հետևաբար, ավելի հստակ աշխատանքային ծրագիր պետք է ներկայացնել։ Մասնավորապես, կարելի է պայմանավորվել, որ այդ զենքի հետ միասին Հայաստան են գալիս ռազմական հրահանգիչներ, ովքեր տեղում մերոնց կուսուցանեն։ Միաժամանակ, իրենք կլինեն տեղում վերահսկողը, որպեսզի այս զենքը չանցնի ռուսների ձեռքը։ Ավելին, առաջին պայմանն այն պետք է լինի, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում նստած ռուսական զինվորականները պետք է լքեն գլխավոր շտաբը։ Նրանք չեն կարող մնալ այնտեղ, քանի որ այդ պատճառով որևէ մեկը մեզ որևէ լուրջ աջակցություն չի տա։ Նրանք բացի մեր տեղեկությունները թշնամուն փոխանցելուց, ոչինչ չեն անում։

Մենք բեկումնային քայլեր պետք է անենք, որովհետև այսպես անդանակ մորթվելով՝ ո՞ւր պետք է հասնենք։ Ամեն օր զոհ ունենք, սա արնահոսող իրավիճակ է մեզ համար։ Եվ ամենակարևորն այստեղ այն է, որ ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ կազմում մնալու դեպքում իրավիճակի բարելավման որևէ հույս չկա։ Իսկ եթե այդ կառույցներից դուրս ենք գալիս, և հույսն է գալիս, և հնարավորությունները։ Պետք է ընտրենք դրական ելքով տարբերակը։ Ես կարծում եմ՝ ռեալ է, որ ԱՄՆ-ն կարող է զենք վաճառել Հայաստանին, մարդիկ շատ պարզ ասում են։ Մի կողմում ունենք իրավիճակ, որ Ռուսաստանը զենք չի վաճառում մեզ, Նիկոլ Փաշինյանը դա պաշտոնապես հայտարարել է։ Մյուս կողմում ունենք իրավիճակ, որ մարդիկ թերահավատորեն են վերաբերվում ԱՄՆ կողմից զենքի վաճառքին։ Հիմա ո՞ր տարբերակն է ավելի լավը, այնտեղ հաստատ զենք չեն տալիս, բայց ԱՄՆ-ից կարող են տալ, պետք է աշխատել։ Դուք ԱՄՆ համար արեք այն ամենի կեսը, ինչ արել եք Ռուսաստանի համար, տեսնենք՝ ԱՄՆ-ն զենք կտա, թե չի տա։

Բաքուն շարունակում է հարձակողական գործողությունները ՀՀ ուղղությամբ, Հայաստանի իշխանությունները հետևյալ լուծումն են առաջարկում այս փուլի համար, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծում միջազգային դիտորդական առաքելություն տեղակայվի։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այս ուղղությամբ։

Ես կարծում եմ, որ այդ շփման գիծը չպետք է վերաբերի միայն Սովետական Հայաստան և Սովետական Ադրբեջան վարչական գծին, այդ շփման գիծն անպայման պետք է ներառի գոնե Արցախի հայաբնակ շրջանները։ Այդ դիտորդները քիչ բան են փոխելու։ Արցախի դեպքում անպայման պետք է հարց բարձրացվի միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման մասին։ Իսկ Հայաստանի վարչական սահմանի երկայնքով առնվազն դիտորդներ պետք է լինեն, և պետք  հստակ նշվի, որ դա վարչական սահման է։ Բայց խաղաղությունը դրանով չի պահվելու, իզուր է Նիկոլ Փաշինյանը դրա վրա հույս դնում։ Խաղաղությունը լինելու է, եթե մենք Արևմուտքից մեծաքանակ և ժամանակակից զենք ստանանք կամ գնենք։