Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ռուսաստանը չի մասնակցում այս վարույթին, այնուամենայնիվ, այն առանցքային և կենտրոնական դերակատարություն ունի այս վեճի մեջ»․ Ադրբեջանի ներկայացուցիչ ՄԱԿ-ի դատարանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսումների ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները փորձեցին դատարանին համոզել, թե իբր Լաչինի միջանցքը բաց է և հրատապ միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։ Իբր Ադրբեջանն ամեն ինչ արել է, որ Լաչինի միջանցքի երթևեկությունն անխափան լինի։ Ադրբեջանի ներկայացուցիչ Վան Լոն հայտարարեց․ «Արգելափակում չկա, Ադրբեջանը չի կազմակերպում բողոքի ցույցեր, և Լաչինի միջանցքի վերահսկողության պրակտիկ կարողությունն այլոց ձեռքերում է։ Հետևաբար ՀՀ գանգատում խառնված են այս ենթադրյալ շրջափակման փաստացի և մտացածին հիմնավորումները՝ մինչև ցեղասպանության մասին պնդումներ»։

Նա փորձեց համոզել, որ իբր Լաչինի միջանցքում գտնվող ցուցարարները բնապահպան-ցուցարարներ են և ասաց, որ նրանք իրավունք ունեն բարձրաձայնելու իրենց մտահոգող խնդիրների մասին․ «Ի՞նչ սխալ բան կա այդտեղ։ Մարդիկ բարկացած են, որ իրենց հայրենիքը ապօրինաբար շահագործվում է։ Ադրբեջանը չէ այս ցույցերի դիրիժորը, որևէ տեղեկություն չկա, որ սրանք պետության կողմից կազմակերպվող ցույցեր են։ Ադրբեջանն իր ներպետական և միջազգային պարտավորությունները չէր կատարի, եթե բռնաճնշեր այդ խաղաղ ցույցը։ Ցուցարարները որևէ մեկին չեն արգելափակում, ուր մնաց կոնկրետ հայերին արգելափակեն։ Նրանց հուզող հարցը բնապահպանական խնդիրներն են։ Իրենց չի հուզում ինքնությունը, էթնիկությունը»։

Նա նշեց, թե խաղաղապահներն են այնտեղ ներկա, իրենց իրավազորությունն են իրացնում և վերահսկողություն են իրականացնում ճանապարհի նկատմամբ, և ՀՀ քաղաքացիները դժգոհ են այդ իրավիճակից։ Այնուհետև ասաց․ «Եռակողմ համաձայնագրի բոլոր կողմերն արձանագրել են ռուս խաղաղապահների կողմից վերահսկողության իրողությունը։ ՀՀ-ն քաջատեղյակ է այս իրավիճակին։ Ցույցերը սկսվելուց երկու օր հետո ՀՀ խորհրդարանը ՌԴ-ին կոչ արեց ապաշրջափակել ճանապարհը»։

Ադրբեջանի մեկ այլ ներկայացուցիչ էլ պնդեց, թե ՀՀ-ի պահանջի հիմքում իրական հրատապությունը չէ․ ծանր հետևանքների ռիսկ չկա։ Նա պատասխանատվությունը գցեց ՌԴ-ի վրա ու ասաց․ «Ռուսաստանը չի մասնակցում այս վարույթին, այնուամենայնիվ,  այն առանցքային և կենտրոնական դերակատարություն ունի այս վեճի մեջ։ Լաչինի միջանցքը մնում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո, և չի վիճարկվում այն հանգամանքը, որ ռուսական խաղաղապահ ուժերն են իրական պատասխանատուն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ