Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանի ԱԳՆ-ից չենք լսել նման պաշտոնական դատապարտում, օրինակ, երբ Ադրբեջանում տեղակայվեցին թուրքական ռազմական օդանավերը, Նախիջևանում՝ թուրքական զորքեր

Lragir.am-ի զրուցակցին է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, Եվրամիությունը որոշեց երկու տարով դիտորդներ տեղակայել Հայաստանում, ի՞նչ նշանակություն ունի այս որոշումը։

Ես սա համարում եմ խիստ կարևոր քայլ, քանի որ էապես կնվազեցնի վտանգը Հայաստանի սահմանամերձ շրջաններում։ Այլևս ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը չեն կարող կեղծել իրականությունը, որովհետև պարզ կդառնա, թե ով է նախահարձակ կողմը և ով է ապակայունացնում վիճակը։ Մյուս կողմից, սա նաև ցուցանիշ է, որ Եվրամիությունն արդեն ավելի գործնական քայլերի է գնում։ Դեռևս վաղ է խոսել բուն միջազգային խաղաղապահների տեղակայման մասին Արցախում, բայց սա դրա նախընթաց քայլերից է։

Հայտարարվեց, որ եվրոպացի դիտորդները պարեկություն են իրականացնելու շփման գծում, սա ինչո՞վ է տարբերվում նախորդ առաքելությունից։

Ես կարծում եմ, որ սովետական Հայաստանի և սովետական Ադրբեջանի վարչական սահմանը կբաժանվի հատվածների, և յուրաքանչյուր հատված կունենա իր պատասխանատուն։ Վստահ եմ, որ իրենց ֆինանսական միջոցներ են տրամադրված, որպեսզի տեղում նաև աշխատողներ վարձեն, միայնակ չեն լինելու։ Պարեկային ծառայություն իրականացնել նշանակում է, որ գոնե ինչ-որ պարբերականությամբ պետք է այնտեղ շրջեն և տեղեկություններ հավաքեն։ Այո, սա շատ ավելի գործնական է։ Սա հստակ նշանակում է, որ Հայաստանը Եվրամիության հետաքրքրությունների գոտում է։ Այստեղ մի ուրիշ հետաքրքիր ուղերձ կա։ Սրանով կարծես քաղաքական առումով Ադրբեջանը դուրս է դրվում Եվրամիության շրջանակից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 1990-ական թվականներին, երբ եվրոպական երկրներում ձևավորվում էին արտգործնախարարության համապատասխան բաժինները, երկար ժամանակ քննարկում կար, թե որ երկրները պիտի Եվրոպայի բաժնում լինեն, որ երկրները՝ Ասիայի։ Տեսակետներից մեկն այն էր, որ քանի որ Հայաստանն ու Վրաստանը եվրոպական քաղաքակրթության մաս են, պետք է լինեն Արևելյան Եվրոպայում, իսկ Ադրբեջանը պիտի լինի Միջին Ասիայում, որովհետև միջինասիական երկիր է իր մտածողությամբ։ Հաղթեց այն տեսակետը, որ տարածաշրջանը չպետք է բաժանել, Ադրբեջանը ևս պետք է ներառվի տարածաշրջանում։ Հիմա կարծես թե Եվրոպան համոզվում է, որ Ադրբեջանը միևնույն է, չի դառնում եվրոպական երկիր։ Իսկ այն ժամանակ մտքերից մեկը սա էր՝ Ադրբեջանը պետք է Միջին Ասիայի հետ միասին լինի։ Կարծում եմ՝ հիմա մենք տեսնում ենք այդ հարցում նաև քաղաքակրթական հստակեցնումներ, ինչը ևս կարևոր է։

Ռուսաստանի ԱԳՆ-ն սպառնալից հաղորդագրություն տարածեց Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայման հարցով։ Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ այս արարքը, ի՞նչ է ցույց տալիս սա։

Այս տեքստից հասկացանք, որ Ռուսաստանն անհանգստացած է, որ իր միահեծան տնօրինումը Հարավային Կովկասում վերանում է։ ՌԴ-ն լավ է հասկանում, որ արդեն Եվրոպայի աչքերն ու ականջներն այստեղ են։ Ընդունելի չէ նման հայտարարությունը, որովհետև դա ոչ միայն սպառնալիք է պարունակում, այլ նաև անարդար է։ Այս դիտորդներն անզեն դիտորդներ են, մենք Ռուսաստանի ԱԳՆ-ից չենք լսել նման պաշտոնական դատապարտում, օրինակ, այն երևույթի, երբ Ադրբեջանում տեղակայվեցին թուրքական ռազմական օդանավերը։ Մենք չենք լսել նման հայտարարություն, երբ Նախիջևանում թուրքական զորքերի տեղակայում եղավ։ Այդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանը կարող է ՆԱՏՕ-ի անդամ երկրի զորքեր տեղակայել իր տարածքում և որևէ դատապարտում չստանալ, իսկ երբ Հայաստանն իր տարածքում ԵՄ դիտորդ է տեղակայում, Ռուսաստանը հանդես է գալիս նման ոճով։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական շահերի պաշտպանն է, և գործում են միասնաբար։

Ռուսաստանի կողմից սադրանքներ կարո՞ղ են լինել։

Այո։ Ես չեմ բացառում նաև, որ Ազատ գյուղի ողբերգական իրադարձությունը կարող է սադրանքներից մեկը լինել՝ իրականացված երրորդ կողմի ձեռքով։ Ես չեմ ուզում վարչապետի նման վերջնական տեսակետ հայտնել։ Հետաքննությունը պետք է պարզի դա, բայց որքանով հասկանում եմ՝ հետաքննությունը նման մտադրություն չունի։ Այո, կարող են լինել սադրանքներ՝ սկսած ռազմական ընդհարումների հրահրումից, մինչև չակերտավոր վթարներ Հայաստանի գազամատակարարման գծի վրա և այլն։ Մենք երևի աշխարհի միակ երկիրն ենք, որ մեր կենսապահովման ամբողջ ցանցը՝ գազը, էլեկտրականությունը, սահմանները ամբողջը տվել ենք օտար երկրի։ Բնականաբար, այդ երկիրը ցանկացած պահի կարող է դա օգտագործել մեր դեմ։