Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսներ, դենը Արցախից. ՄԱԿ, համեցեք

«Ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու» խեղկատակությունն, ինչպես ենթադրել էինք, ավարտվեց: Մոսկվան գիտակցեց, որ ՄԱԿ մանդատով օժտված լինելու դեպքում եւ Հայաստանում Փաշինյանի վրա օրօրի ավելացող հանրային ճնշման պայմաններում շատ արագ՝ նույն մամդատի շրջանակում իրենց կողքին էին տեսնելու առնվազն «մինսկյան» ԱՄՆ եւ Ֆրանսիայի զինվորներին, ինչը խանգարելու էր Արցախ աշխարհից բնիկներին վտարելու իրենց պլանը:

Նոր պլան, քայլ առաջին

Հիշեցնենք, որ ցեղասպան պլանի կորիզ է ընտրված Արցախը նորակոչիկների, այլ կերպ ասած «պերմյակովների» մահվան էսկադրոնի ուղարկումը (RIA, 1): Երկու օրվա մեջ երկու օրինագծերով ուսադրավոր նորակոչիկ պերմյակովներին գումարվեց նաեւ Վագներ ավազակախումբը (Տես այստեղ): Պաշտոնական Երեւանը, սպասվածի պես, լռում է Աղսթեւի ու Դեբետի ձկան պես: Լուռ են Փաշինյան եւ Միրզոյան, լուռ է Մարուքյան, լուռ է Գրիգորյան՝ էլ չասած Վաղարշակ Հարությունյան: Փոխարենը կանչեց ՌԴ ԱԳՆ աքաղաղը, այն էլ երկու անգամ:

Պլան. քայլ երկրորդ

ՄԱԿ-ի ահից ու ԵՄ դիտորդների սարսափից Կրեմլում որոշեցին փոխել ռազմավարությունը: Նախարար Լավրովի՝ հայության հանդեպ թույնով ու ատելությամբ լի հռետորաբանությանը հետեւեց մի հայտարարություն, որը էապես ավելի հետաքրքիր է խոսող նժույգի բերանի սիլոսից:

«ԼՂ հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, որին պետք չէ ՄԱԿ-ի մանդատ տալ, քանի որ առաջին եռակողմում արդեն հստակորեն ամրագրված են մեր խաղաղապահների գործունեության եղանակները։ Այդ կապակցությամբ վեճի մասնակիցների միջև կա կոնսենսուս, և այս փաստն այստեղ առանցքային է», ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պետր Իլյիչևը։

Կացիր, Իլիչեւ, լեզվին մի տուր: Պուտինը տեղյա՞կ է ձեր ասածից: Ինչ Լեռնային Ղարաբա՞ղ, դա որտեղ է եւ երբ, ինչ ԼՂ (?) հակամարտություն, բա հետպատերազմյան խաղաղ դարաշրջանն ինչ եղավ: «Ադրբեջանի անքակտելի մասի» շուրջ այդ ինչ վեճ է: Դրանք, ըստ Պուտինի նոյեմբեր 2020 թվականի նոյեմբեր 11-ի հրապարակային դիտողության, մեկընդմիշտ ավարտվել են նոյեմբեր 9-ին:

Խաղաղապահության ի՞նչ հստակ եղանակների մասին եք խոսում, Իլիչեւ: Դեռ երեկ պնդում էիք, որ եղանակները հստակ չեն եւ ռուս խաղաղապահները չեն կարող երթեւեկելի մասը ազատել թուրք խաժամուժից: Արտատարածքային միջանցքի շուրջ ի՞նչ կոնսենսուս կա: Թուրքը համաձայնել է հային տալ Բերձոր հանգույցը եւ ետ քաշվել 5+5 կմ լայնությամբ արտատարածքային միջանցքի՞ց: Պարոն Փաշինյանը տեղյա՞կ է այս կոնսենսուսից:

Պլան. քայլ երրորդ

Մի քանի ժամ անց, ՌԴ ԱԳՆ-ն արդեն հայտարարում է (RIA, 3), թե ՄԱԿ-ի մանդատով զորակազմ առհասարակ պետք չէ, քանի որ «կոնսենսուսը բացակայում է նույնիսկ հումանիտար խնդիրներով»: Բա քիչ առաջ լիքն եր: ՌԴ ԱԳՆ պաշտոնյան ծավալվում է եւ հասնում տրամաբանության նոր բարձունքի: «Այս պայմաններում <…> միջազգային խաղաղապահ զորակազմ ուղարկելու գաղափարի գործնական իրականացումը, որը կպահանջի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլատրություն, դժվար թե իրատեսական լինի»։ Մնում է հետաքրքրվել, թե ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից ով է խոչընդոտելու Հայաստանի եւ Ռուսաստանի միասնական կամքին: Ստոր Բրիտանիան, խաբեպա Պեկինը, թե, արդեն շշուկով ու առանց բնորոշումների՝ Միացյալ Նահանգները: Մնաց Ֆրանսիան:

Կոմեդիան ավարտվեց

Երբ երկու ժամվա մեջ այս կարգի զառանցանք է հրապարակվում, այն էլ Պերմյակով-Վագների բաշիբոզուկներ առաքելու մտադրության ֆոնին, առաջանում է միակ ելքը: Ռուս չինովնիկների անշաղկապ ասույթի աղբյուրը գտնվում է Վերեւում, Ամենավերեւում, թերեւս Կրեմլի աստղերից էլ բարձր՝ արեգակնային անմար ուղեծրում:

Ամենից տուժած կողմը մնում է մեր հարիֆ Նիկոլը իր «չարժե հարցը ՄԱԿ ԱԽ տանել, քանի որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ» ասույթով: Պրոբլեմ չկա, ուղղակի դժվար գործ է, հիմա հակաճառում է ՌԴ ԱԳՆ-ն: Հապա մեկտեղ, հապա Երեւան ու Մոսկվա միասին, մի բազկի պես, ուզու՞մ եք, ազգովի հետեւից բրդենք՝ մեկ երկուս, մեկ երկուս, «վրասկաչկու ի վրասկարյաչկու»:

Այսպիսով, Պերմյակովի ի հայտ գալով ու ՄԱԿ մանդատի անպիտանությամբ ջուրը պարզվեց, բայց Նիկոլը մնաց կրեմլյան կազեմատների կղանքի մեջ մինչեվ կոկորդ: Այլ բան չպիտի սպասեր: Հանրային ճնշումը, որ շատերին տեսանելի էլ չէ, շուտով լցնելու է դրանով նրա ստամոքսը: Թույլ չպիտի տանք: Նա մեզ մաս-մաքուր է պետք, ինչպես մանրադիտակի առարկայական ապակին: Ազգի անկման անատոմիան այնտեղ է ու անկախ Փաշինյան կոնկրետ անձնավորությունից: Ուր է թե:

Այն հանգամանքը, որ ՌԴ ԱԳՆ այս երկու հաղորդագրությունները հետեւեցին ՌԴ ՊՆ օրինագծին, որն ընդլայնում է ռուսական խաղաղապահ առաքելությունները «պերմյակովների» հաշվին, ամենեւին զավեշտի չի տրամադրում: Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը վերացնելու եւ ֆիլտրացիոն գոտու վերածելուց հետո պերմյակովների մահվան էսկադրոններն ուղարկվելու են Արցախ։ Արցախը բնիկներից մաքրելուց հետո՝ ՀՀ տարածք, նույն առաքելությամբ: ՄԱԿ, դու գործ չունես, կոնսենսուս կա եւ միաժամանակ չկա, ընդհանրապես, Արեւմուտքի համար խնդրահարույց է եւ այլն, եւ այլն: Փաստը կատարված կլինի:

Հայերին հղված ուղերձը հստակ է՝ չեք վախենում սովից ու ցրտից, ձեր դեմ կուղարկենք «պերմյակովներին», թուրք չեք սիրում՝ ահա ձեզ ռուս, ռադ եղեք։ Նիկոլականները սա դիտում են իբրեւ Արցախից մեկընդմիշտ ազատվելու երկնաբաշխ «մանանա»: «Ն»-ով, փրկարար ձրի բրնձի տեսակ է:

Իսկ ինչ անել

Վերադարձնել ԼՂԻՄ-ը՝ ներառյալ Շուշին, Հադրութը եւ Գետաշեն-Շահումյան շրջանները։ Ազատել Բերձորը ու 22+22 կմ լայնությամբ արտատարածքային միջանցքը, ամրապնդել Արցախի պաշտպանական կարողությունները, ՊԲ-ն հագեցնել ամենաարդիական զենքով: Նիկոլական միմոսությունների ժամանակն անցել է, ռուսները պետք է հեռանան, եւ նրանց փոխարեն ՄԱԿ խաղաղապահ ուժեր բերվեն։ Այս ամենը բացառապես ՀՀ-ին Նախիջեւանի ու Արցախի պատկանելությունը վկայող իրավական փաստաթղթերի հիման վրա, որքան էլ «հին» լինեն: Ռուս մեկ արձակագիր ասում էր՝ «դրանք չեն այրվում», մենք իբրեւ հին ազգ կասենք՝ «չեն էլ խունանում»: Կարսն ու Արարատը չենք մոռացել: Ով ով, բայց ոչ մենք: