Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսներն ամեն ինչ ասում են բաց ու առանց սեթեւեթանքների․ Մինչեւ վերջին հայկական հողակտորը

Հին-Թաղեր-Խծաբերդ, Փառուխ եւ հիմա Լաչինի միջանցք՝ Բերձոր եւ Աղավնո․ ռուսական անմիջական մասնակցության եւ առաջնորդության ակնհայտ իրողությունը Մոսկվային ստիպում է քարոզչական ճշգրտումներ մտցնել իր փրկչական կերպարը պահելու եւ ըստ այդմ իր ծրագրերն իրականացնելու համար, թեեւ հիմա նախկին էնտուզիազմն այլեւս չկա։ Հայաստանում գործի է դրվել ռուսական ագենտուրայի հերթական էշելոնը, որը մինչ այժմ քողարկված էր ՝ «արեւմտամետ» դաշտում։ Հաշվարկը պարզ է՝ «դե եթե սրանք էլ են ասում, որ ճար չկա․․․»։

«Եթե ընտրություն լինի Արցախի ու Հայաստանի միջեւ, պետք է հանձնենք Արցախը», «Այո, Ռուսաստանը դահիճի ու փրկչի դերում է, բայց հո չենք դիմադրելու ու բոլորովին կոտորվենք» եւ այս տիպի «հակառակ կողմից» քարոզչության նպատակը հենց դա է։ Երեւանյան ակադեմիական-«անկախ փորձագիտական» շրջանակներն էլ իրավիճակն ամբողջացնում են «ռուս-թուրքական մեղրամիսը ժամանակավոր է, Ռուսաստանը հիմա ուժ չունի եւ չի կարող դեմ գնալ թուրքերին» եւ այս կարգի «լրջագույն ու բազմաշերտ» մեկնաբանություններով։

Ավելորդ է ասել, որ սա հայերին հուսալքելու, իրավիճակին համակերպվելուն հարկադրելու ավելի վտանգավոր միջոց է, քան պարզապես ռուսանպաստ քարոզչական աղբը։ Զուգահեռ, ՀՀ եւ Արցախի վարչակազմերն ու նոմենկլատուրային «ընդդիմությունները» շարունակում են արեւմտյան դավադրության, ռուսական խաղաղարարությանը թուրք-ադրբեջանական տանդեմի հարվածի եւ միջազգային հանրության անհասցե հայտարարությունների վերաբերյալ հիմարությունները։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե ինքդ քեզ համարում ես ռուսական պատասխանատվության գոտի եւ հրաժարվում խորհրդարանում Արցախի իրավունքների ճանաչման վերաբերյալ որոշումների, մասնավորապես՝ Արցախի անկախության ճանաչման, քննարկումներից։ Այդպիսով, Արցախն ու հայաստանը վերածելով կրկնակի թիրախի։

Ռուսներն իրենք արդեն ամեն ինչ ասում ու անում են բաց եւ առանց սեթեւեթանքների, հայկական իրենց էշելոնների վրա թողնելով իրենց քաղաքականությունը հիմնավորելու եւ հայ հանրությանը հուսալքելու գործը։ Եվ այսպես՝ մինչեւ վերջին հայկական հողակտորը։ Ուշադրություն դարձրեք՝ այս ամբողջ ընթացքում այս շչջանակների ծավալած ողբից, փոխադարձ հայհոյանքից, ռուսանպաստությունից բացի ոչ մի առաջարկ ու նախաձեռնություն չկա Արցախի քաղաքական իրավունքները ճանաչելու, այսինքն՝ իրական դիմադրության մասին։ Սա միակ ու ճշգրիտ ցուցիչն է։